Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հաղթած թեկնածուն իր քրեական անցյալի մասին. «Դե կարող ա պատահական…Հիմա էլ քրեական գործ կա»

Նոյեմբեր 06,2017 22:22

Վայոց ձորի 12 խոշորացված համայնքի ղեկավարի համար ՏԻՄ ընտրություններում առաջադրված 4 թեկնածուներից 3-ը հանրապետականներ են: Այս համայնքում ՀՀԿ-ն սատարում էր Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանին: Սակայն 145 ավելի ձայնով հաղթել է մեկ այլ հանրապետական՝ Արթուր Ստեփանյանը:

Ընտրությունների արդյունքները պարզելուց հետո մի խումբ բնակիչներ բողոքի ցույց են արել՝ ճանապարհ փակել: Ստեփանյանը վստահ է՝ պարտված թեկնածու Խուդոյանն է իր գյուղի բնակիչներին ոտքի հանել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Ստեփանյանը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ իշխող կուսակցության առաջադրած ու սատարած թեկնածուն պարտվեց, Ստեփանյանը պատասխանեց.«Եթե հանրապետականն է օգնել՝ սատարել չի նշանակում, որ թեկնածուն արդեն հաղթել է: Քվե տվողը ժողովուրդն է, ժողովուրդը ինձ է վստահել, Խուդոյան Տիգրանին վստահեին, ինքը կլիներ, ես էլ կշնորհավորեի, այլ ոչ թե՝ ժողովրդին կհավաքեի ու ճանապարհ կփակեի»:

Ստեփանյանը վստահեցրեց՝ որեւէ կեղծիք իրենց համայնքի ընտրություններում չի եղել. «Իրենց վստահված անձինք են եղել ամեն տեղ, հանձնաժողովի անդամներ կային, արձանագրվել է: Եթե լիներ կեղծիք, ոստիկաններ ու լրագրողներ կային»:

Մեր դիտարկմանը՝ Շատինի բնակիչներից մեկն ասել է, թե Արթուր Ստեփանյանը քրեական անցյալ ունի, Ստեփանյանը պատասխանեց. «Ես քրեակա՞ն անցյալ…առաջին անգամ ձեզանից եմ լսում»: Մեր ճշտող հարցին՝ դատվածություն կամ քրեական գործ հարուցված իր դեմ չկա՞. Ստեփանյանն այսպես պատասխանեց. «Քրեական գործ կարող ա պատահական… Հիմա էլ են քրեական գործ հարուցել՝ լրագրողի հետ կապված, ասում ա՝ իրեն պատանդ եմ վերցրել: Բայց դա սադրանք է, 2 ամիս քաղմասում էի, քիչ էր մնում էնտեղ աշխատանքի ընդունվեի»:

Տիգրան Խուդոյանի հետ, ինչպես Ստեփանյանը վստահեցրեց՝ որեւէ հարաբերություն չունի, թեեւ 2-ն էլ ՀՀԿ-ից են:

12 համայնքներ են միավորվել, որի ղեկավար է ընտրվել Արթուր Ստեփանյանը: Նա վստահեցրեց՝ ընտրությանը մոտ 85% մասնակցություն է եղել: Այս խոշորացումով ու ընտրություններին հաջորդած բողոքի ցույցից պարզ է դառնում, համայնքների բնակիչների միջեւ թշնամանք է առաջանում, ամենքն ուզում է, որ իր համայնքից լինի խոշորացված համայնքի ղեկավարը: Մեր այս դիտարկմանն էլ ի պատասխան Ստեփանյանն ասաց. «Բա իմ մեղքը ո՞րն է»:

Արդյոք ՀՀԿ-ի վերնախավի ներկայացուցիչները զանգել են Ստեփանյանին՝ պարզելու՝ ինչն ինչոց է, մեր այս հարցին էլ Ստեփանյանը պատասխանեց. «Զանգել են ու շնորհավորել են»: Իսկ թե հետագայում ինչ է լինելու, Ստեփանյանն ասաց՝ «Դե իրենք թող որոշեն, կառավարությունը, իշխանությունը ոնց որոշի, էդպես էլ կլինի»:

Վայոց ձորում երեկ տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ ՀՀԿ-ական Տիգրան Խուդոյանի օգտին քվեարկել են 1816 ընտրողներ, մեկ այլ ՀՀԿ-ական Մամիկոն Սմբատյանի օգտին՝ 37 ընտրող, իսկ անկուսակցական Արմեն Սեդրակյանը 15 ձայն է ստացել: ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանն ստացել է 1952 ձայն:

Ինքը՝ Ստեփանյանը, որը Քարագլուխ համայնքի ղեկավարն էր, գտնում է, որ ընտրություններն արդար էին. «Բա ես մեր համայնքի 70% խնդիրները լուծել եմ՝ սաֆալտապատել եմ, ճանապարհներ են սարքել, փողոցային լուսավորություն եմ քաշել, հանդիսությունների սրահն եմ նորոգել, նախակրթարանն ու դպրոցն եմ վերանորոգել»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930