«Եկեք մի բան մտածենք, գոնե նրանց, որոնց 27 տարեկանը լրացել է, մի շանս տանք, մի բան անենք, միգուցե այլընտրանքային տարբերակ, ոչ թե եկավ ՀՀ, գլխին տանք, տանենք բերդ»,- այսօր ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանին այսպիսի առաջարկ արեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը:
Հանձնաժողովում, ինչպես տեղեկացրել ենք, քննարկվում էր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Հեղինակներն առաջարկում են, որ մինչեւ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած բանակում պարտադիր զինծառայություն չանցած տղաներին եւս մեկ անգամ հնարավորություն տան ամեն զորակոչի համար 500 հազար դրամ վճարելով՝ ազատվել քրեական հետապնդումից, բայց դա արդեն կլինի վերջին անգամ: ՊՆ-ն առաջարկում է օրենքում ամրագրել, որ այլեւս ժամկետը չի երկարացվելու:
Սակայն հանձնաժողովի անդամների մոտ հարց առաջացավ՝ բա ինչպե՞ս վարվեն այդ ժամկետի մեջ չմտնողների հետ: Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց. «Դատվողները որ շատացան, մեզ օգուտ կա՞, չեն էլ գա»:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ «եթե մարդը չարամտորեն խուսափել է զինծառայությունից՝ եկեք նայենք ինչ ենք անելու նրա հետ, առաջարկություններ եթե ունեք՝ պատրաստ ենք լսել»:
Ալիկ Սարգսյանն առաջարկեց, որ 27 տարեկանը լրացած բանակում չծառայածները, եթե գան ՀՀ, նրանց առաջարկվի այլընտրանքային ծառայության տարբերակ, ասենք, պայմանագրային զինծառայության անցնեն: Արտակ Զաքարյանին առաջարկը դուր եկավ՝ «Դա քննարկման ենթակա է»: Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հարցրեց՝ ինչպե՞ս կարող ենք օրենքում ամրագրել, որ այլեւս չեն կարող ժամկետը փոխել, ցանկացած պատգամավոր կարող է նման մտադրություն ունենալ, արդյո՞ք սա չի խախտում սահմանադրական նորմը, որ օրենսդրական նախաձեռնությամբ արգելում են հանդես գալ:
Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ իրավական առումով որեւէ արգելք չկա, որ որեւէ օրենքով որեւէ բան սահմանափակվի. «Եթե հետո պատգամավորներն ուզենան նախաձեռնությամբ հանդես գալ եւ երկարացնել ժամկետը, այս օրենքի հետ հակասության մեջ կմտնի»:
Կորյուն Նահապետյանը գտնում էր, որ եթե նախկինում ժամկետը երկարացնելու նախաձեռնությամբ հանդես էր գալիս սփյուռքի նախարարությունը, դա հասկանալի էր՝ հայրենադարձության մասին էր մտածում, իսկ այս դեպքում, երբ նման նախաձեռնությամբ հանդես են գալիս պատգամավորները՝ ՊՆ-ի հետ, հարցեր են առաջանում: Իսկ եթե ՊՆ-ն ուզում է, որ սա վերջին անգամ լինի, որ հնարավորություն են տալիս բանակից խուսափողներին վերադառնալ ՀՀ, եւ դա կառավարության դիրքորոշումն է, այդ դեպքում ստացվում է, որ դռները փակում ենք նրանց առաջ. «Որպես մարդկային ռեսուրս չկարողանա՞նք այդ տղաներին օգտագործել… Շատերն են, որ այստեղ ունեն տուն, ծնողներ, փող չունեն, ինչպե՞ս անենք, ի վերջո, եթե 27 տարեկանը լրացածը գա ՀՀ, վեց ամսում ավելի մեծ գումար է ծախսելու, քան բաց թողած մի զորակոչի համար վճարն է»:
Արտակ Զաքարյանն էլ ասաց, որ սա երկու ուղերձ ունի. «Ծնողները չմտածեն այդ ճանապարհով իրենց երեխաներին բանակից ազատելու մասին, այլ այս տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծում ենք առաջարկում: Մեզ էլ է պետք, որ շատ վերադառնան, բայց մյուս կողմից էլ պետք չի այդ դուռը բաց պահել, որ մարդիկ գնան, մեր զինապարտության ռեսուրսն ամբողջությամբ դուրս է գալիս»:
ՊՆ փոխնախարարը նշեց, որ իսկապես օրենքը դրական կողմ է ունեցել, երկար ժամանակ սփյուռքի նախարարությունն է հանդես եկել, բայց այս օրենքի հիմքում պաշտպանական քաղաքականությունն է, միայն մեր հայրենակիցների վերադարձի մասին չպետք է մտածել:
Փոխնախարարն ասաց, որ իրենք էլ չեն մտածում, որ վերադառնալուց հետո պարտադիր բանտ նստեցնեն տղաներին, ծառայության տարբեր ձեւեր կան. «Այդ կարգավիճակում հայտնված մարդուն, որն իր կամքով չի խուսափել ծառայությունից, նրան հնարավորություն կտանք»:
Կորյուն Նահապետյանն առաջարկեց կրկնապատկել վճարը, բայց ոչ 500 հազար դրամ սահմանել՝ ամեն զորակոչի համար. «Գուցե կրկնապատկենք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկը դարձնենք, 3.6 մլն դրամ է անում, փոքր գումար չի»:
Հանձնաժողովը որոշեց այս նախագծի քվեարկությունը թողնել մյուս ուրբաթ, նախագծի հեղինակները պետք է ի մի բերեն բոլոր առաջարկները, լրամշակեն եւ այն նորից ներկայացնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ