Լրահոս
Օրվա լրահոսը

Կան նկարներ՝ այնքան եմ հավանել, որ հաճույքով տանը կկախեի․ Լալա Մնացականյան

Նոյեմբեր 06,2017 20:55

Գեղանկարիչ Շամիր Շահինյանը նոյեմբերի 6-ին «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում ներկայացրեց իր 39 կտավներից բաղկացած ցուցահանդեսը։ Ըստ նկարչի՝ ժամանակ առ ժամանակ ամեն նկարիչ պարտավոր է նման ցուցահանդես բացել և քննություն հանձնել։

«Նկարների որոշակի քանակ տեսնելուց հետո մտածեցի, որ ինչու՞ չէ, պետք է ցուցահանդես կազմակերպել», պատմում է նկարիչն ու ավելացնում, որ դա նաև որպես մշակութային միջոցառում շատ կարևոր տեղ ունի։

Կերպարվեստի այս տեսակը՝ գեղանկարչությունը, նկարչի համար պարզապես նախասիրություն է։ «Աբստրակտ նկարչությունը հոգու արտահայտության ամենաանկեղծ միջոցն է , նրա ներաշխարհի ցուցադրումը, որով ես հիվանդացել եմ և մինչև հիմա էլ հիվանդ եմ»։

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե նկարների գունային, չափային համադրությունը գուցե որևէ ենթատեքստ ունի, նկարիչը պատասխանեց. «Նկարների գեղեցիկ համադրությունը էքսպոզիցիա է։ Դա ցուցահանդեսի 52% է, երբ դու կարողանում ես գեղեցիկ ու համահունչ դասավորել նկարները։ Դրանից է կախված՝ ցուցահանդեսը կշահի՞, թե՞ ընդհակառակը։ Սա ես արել եմ ընկերներիս հետ, փորձել ենք հասկանալ դիտողներին սա դուր կգա՞ թե՞ ոչ , կարևոր էր՝ ինչպես նա կընկալի աշխատանքը»։

Նկարիչը հավելեց, որ ամեն օր պետք է նկարել։ Նկարելու ժամանակ էլ հենց առաջանում է մուսան։ «Էնպես չի, որ սպասեմ, գա մուսան, հարվածի ինձ, նոր գնամ նկարեմ, ուղղակի ամեն օր պետք է աշխատել, և դրանից հետո էլ ստեղծվում է գնահատելի արժեք»։

«ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շաբոյանը նշեց, որ անհատական ցուցահանդեսները նկարչի համար դրսևորվելու ձև են, ինչպես նաև մշակութային տոն բոլորի համար։ «Շամիր Շահինյանի նկարներն ունեն մի ոճ, որ նայելիս անմիջապես հասկանում ես, որ դա նրա աշխատանքն է։ Անգամ սառը գույներով նա փորձում է տրամադրություն փոխանցել։ Արվեստը հաճույք պատճառելու համար չէ, այլ ազդելու զգայարաների, մտածողության , ճաշակի վրա։ Կարծում եմ՝ այդ առումով ցուցահանդեսը բավականին հաջողված էր»,- հավելեց տիկին Ռիտան։

Այցելուների թվում էին նաև դերասան Բաբկեն Չոբանյանը, դերասանուհի Լալա Մնացականյանը, ինչպես նաև արվեստի շատ գործիչներ։ Զրուցեցինք Բաբկեն Չոբանյանի հետ ու պարզ դարձավ, որ դերասանը Շամիր Շահինյանի արվեստի երկրպագուն է։ «Ես սիրում եմ իր գործերը և ունակ եմ շատ նկարիչների մեջ տարբերել իրեն։ Թեև այս ոճը չեմ ընկալում, բայց Շամիրի դեպքում ինձ հետաքրքիր են իր աշխատանքները, ես նայում եմ ու անընդհատ մտածում։ Դրանք ինձ նոր զգացողություններ են փոխանցում»,-նշեց դերասանը։

Դերասանուհի Լալա Մնացականյանի խոսքերով՝ այս ցուցահանդեսը հնարավորություն էր բացահայտելու նկարչին։ «Շատ հավանեցի ինքնատիպ ոճը, շատ հետաքրքիր է, որ նկարները չունեն վերնագրեր։ Տպավորված եմ, թե գունային լուծումներով թե մոտեցմամբ։ Նկարչությունը այն ոլորտն է, որի դեպքում ամեն մեկս տեսնում ենք այն ինչ ուզում ենք, ինչին մենք պատրաստ ենք»,- նշեց դերասանուհին, և վերջում էլ ծիծաղով հավելեց․ «Կան նկարներ, որ այնքան եմ հավանել, որ հաճույքով տանը կկախեի»։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930