Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում ներկա է գտնվել Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Միության հոբելյանի կապակցությամբ Հանրապետության Նախագահը երաժշտարվեստի բնագավառում ունեցած ակնառու վաստակի, ներդրած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 85-ամյակի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել և կոչումներ շնորհել միության անդամ մի խումբ արվեստագետների:
Շնորհավորելով Հայաստանի կոմպոզիտորների միության 85-ամյակի կապակցությամբ՝ Նախագահ Սարգսյանը մաղթել է ստեղծագործական նոր հաջողություններ ի փառս հայ երաժշտարվեստի և հայ ժողովրդի, իսկ միությանը՝ հոգատարություն կոմպոզիտորների ստեղծագործությունների նկատմամբ:
Երեկոն եզրափակվել է Հայ ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգով: Փառատոնի նպատակն է հանրայնացնել և երաժշտասեր հանրությանը ներկայացնել հայ ժամանակակից կոմպոզիտորական դպրոցի ներկայացուցիչների ստեղծագործությունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ