Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ենք ուզում անենք՝ բանակում չծառայած 27 տարեկան փող չունեցողների հետ, տանենք բանտե՞րը». Քննարկում ԱԺ-ում

Նոյեմբեր 06,2017 20:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանն ասաց, որ մեր բազմաթիվ քաղաքացիներ սպասում են այս օրենքի ընդունմանը: Նախագիծը հեղինակել են մի քանի պատգամավորներ, բայց որոշակի փոփոխություններ է կատարել եւ իր լուման ունի նաեւ ՊՆ-ն:

Հանձնաժողովի անդամները հակասական եւ տարբեր կարծիքներ ունեին: ՀՀԿ պատգամավոր Ալիկ Սարգսյանը հարցրեց՝ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում է՝ հետախուզման մեջ է, թե ոչ, կարող է վերադառնա՞լ, եթե 27 տարեկանը լրացել է: Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ այո, կարող են վճարել ու քրեական հետապնդումը կդադարեցվի:

Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց՝ էլ ժամկետն ինչի՞ է պետք՝ Կարինե Աճեմյանը պատասխանեց, որ ՊՆ-ն դեմ է, որ անժամկետ լինի, քանի որ դա կարող է խրախուսել բանակից խուսափումը եւ առաջարկում է, որ ժամկետի երկարաձգումը  լինի վերջին անգամ՝ այլեւս օրենքով ժամկետների փոփոխություն չի լինելու:

Ալիկ Սարգսյանն ասաց՝ «Իհարկե, որոշակի ժամկետ սահմանելը, հասկանալի է, որ կանխարգելիչ բնույթ ունի: Բայց այսպիսի օրինակ բերեմ՝ մարդը 3 տարեկանից ծնողների հետ գնացել է Եվրոպա, հիմա 27 տարեկան է, ասենք, Ֆրանսիայի քաղաքացի, հիմա, որ գալիս է, այլ երկրի քաղաքացի, է իր հետ ո՞նց եք վարվելու, հայկական անձնագրի ժամկետը կորած է, չի գործում: Եթե քաղաքացիություն չենք տալու, ո՞նց ենք, ասենք, Ֆրանսիայի քաղաքացու հետ վարվելու»:

ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը գտնում էր, որ գումարի չափը, որը պետք է վճարի 27 տարեկանը լրացած երիտասարդը, քննարկել է պետք: Ֆելիքս Ցոլակյանը գտնում է, որ 9 մլն դրամ գանձելը բոլոր զորակոչերի համար շատ մեծ գումար է: Ըստ նրա, փող ունեցողը չի գա Հայաստան, կմնա ՌԴ-ում, այլ երկրում, իսկ սահմանել այդքան բարձր գումար՝ նշանակում է նրանց ասել, որ մի եկեք: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը քննարկման ընթացքում պարբերաբար հիշեցնում էր ՊՆ-ի քաղաքականությունը, որ ախր խոսքը զինծառայությունից խուսափողների մասին է, չծառայածների մասին է ու չպետք է այդ թիվն այնքան ծիծաղելի լինի, որ ՊՆ-ին ու բոլոր ծառայածներին «ձեռառնոցի» լինի:

Արտակ Զաքարյանի խոսքով՝ «Ոչ իրենց կամքով՝ հանգամանքներից ելնելով այդ իրավիճակում հայտնված երիտասարդների համար ամեն անգամ փոփոխություն էր արվում օրենքում: Հիմա մտածում են, որ մեկ ընդհանուր կանոն լինի բոլորի համար: 9 մլն-ը շատ չի, ոչ բոլորի պարագայում է, որ բոլոր զորակոչերը բաց թողած են լինում, դա առավելագույնն է: Երիտասարդները պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը՝ առանց մտքներով անցնելու, որ կարող են գնալ, հետո գումար տալ ու գալ: Նրանք, ովքեր 18 զորակոչ բաց են թողել, կարելի է մտածել, որ դա դիտավորյալ են արել: Բանակից խուսափողների ճանապարհն է փակվում այսպես…

Եթե նույնիսկ երկու զորակոչ բաց է թողել, հետո առողջության հիմքով տարկետման իրավունք է ձեռք բերել, երիտասարդը, միեւնույն է, բաց թողած զորակոչերի համար պետք է վճարի: Շատ դեպքերում ծնողներն են այդ զարտուղի ճանապարհներն ընտրում իրենց երեխաների համար, ուստի ծնողները պետք է մտածեն հետեւանքների մասին: Մենք այլեւս պետք է հրաժարվենք այն քաղաքականությունից, որ հնարավորություն տանք մարդկանց ենթագիտակցության մեջ հաշվարկ լինի, որ տարիքը կգա՝ փողը կտանք, բանակ չենք ուղարկի: Մենք մեր զինված ուժերի նկատմամբ ազնիվ չենք լինի, որ մարդիկ այսպես նախապես իմանալով, որ գնալու են արտերկիր, հետո տարիներ անց գալու են, վճարեն եւ զինգրքույկը գրպանում ման գան: Ավարտում ենք օրենքը հետագայում երկարաձգելու հնարավորությունը»:

Ֆելիքս Ցոլակյանը հարցրեց՝ բացի այն, որ գումարը շատ է, այդքան փող ունեցողը չի գա, նաեւ այլ խնդիր կա. «Ասենք, ժամկետն անցել է, ինքը այդ փողը չունի մուծելու, եկել է Հայաստան, ի՞նչ ենք անելու, նստեցնելո՞ւ ենք, այսինքն, ի՞նչ եք ուզում անենք՝ էդ փող չունեցող մարդկանց տանենք բանտե՞րը»:

Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ ճիշտ է, առայժմ այդ հարցը բաց է, դեռ չգիտեն ինչպես վարվել նրանց հետ, բայց այնպես էլ չէ, որ պետք է դարպասները բաց պահել բոլորի համար: Ինչ վերաբերում է գումարին՝ նա ասաց. «Եթե չարամտորեն խուսափած հանգամանքն է, ես կարծում եմ, որ 500 հազարն էլ է քիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930