Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են Գլխավոր պողոտայի հարակից այգու վերակառուցման երկրորդ փուլի աշխատանքները:
Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը նշել է, որ այգու հարակից ստորգետնյա անցման սեփականատիրոջ կողմից ևս համապատասխան աշխատանքներ են տարվում ջրամեկուսացման, սալիկապատման և աստիճանավանդակների նորոգման ուղղությամբ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը՝ իրականացվող աշխատանքների որակի ու ժամկետների նկատմամբ:
Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթ կազմվել է 39 վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել են նաև գործող կրպակներին հարակից 30 մետաղյա կոնստրուկցիաներ, որոնք ծառայել են որպես բացօթյա ապօրինի առևտրի հարթակներ: Այս մասով ևս հանձնարարվել է շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը:
Խորհրդակցության ժամանակ «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչը զեկուցել է, որ ի կատարումն քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ սահմանված ժամկետներում իրականացվել է անձրևատարների մաքրման և կարգաբերման աշխատանքներ, որի արդյունքում ապահովված է համակարգի լիարժեք շահագործումը:
Աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ եղանակային պայմաններից ելնելով՝ քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում արդեն գործարկվել են ջեռուցման համակարգերը: Հանձնարարվել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ և հետևել, որ ջեռուցման համակարգերը շահագործվեն անխափան:
Երևանի քաղաքապետարան