Վերաքննիչ Քրեական դատարանում այսօր հետաձգվեց Վարուժան Ավետիսյանի՝ 2015-2016 Ամանորի գիշերվա ընթացքում ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու գործով նախնական դատական նիստը։
Հիշեցնենք, որ Վարուժան Ավետիսյանը բողոք էր ներկայացրել այն մասին, որ 2015-2016 Ամանորի գիշերվա ընթացքում ոստիկանությունը դիմել է ապօրինի գործողությունների՝ բռնություն կիրառել քաղաքացիների նկատմամբ:
Վարուժան Ավետիսյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այսօր նիստը հետաձգվել է: Նիստին որպես երրորդ կողմ ներգրավված են «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը և աջակից Հովհաննես Ղազարյանը։ Այսօր Կարո Եղնուկյանը մեկուսարանից գրություն էր ուղարկել այն մասին, որ վատառողջ է և չի կարող ներկայանալ դատական նիստին, ուստի հորդորել է առանց իրեն շարունակել դատական նիստը:
Տիգրան Հայրապետյանի փոխանցմամբ՝ Հովհաննես Ղազարյանը ներկա չէր դատական նիստին, իսկ դատարանը չէր լսել նրա բացման խոսքը, դրա համար դատական նիստը չէր կարող շարունակվել, ընդհատվեց, որ հաջորդ նիստին ապահովվի Ղազարյանի մասնակցությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին:
Տիգրան Հայրապետյանը նշեց, որ բողոք է ներկայացվել ոստիկանների գործողությունների ոչ իրավաչափության հետ կապված Գևորգ Սաֆարյանի դրվագով:
Գործը գտնվում է վարչական դատարանում, դատավոր Կարինե Բաղդասարյանի վարույթում է: Պարոն Հայրապետյանին հիշեցրինք, որ մի առիթով դատավորի վերաբերմունքի մասին կարծիք էր հայտնել, թե «նախագահող դատավորը, գործը չքննած, արդեն իսկ կանխակալ վերաբերմունք ունի»: Հետաքրքրվեցինք՝ հիմա՞ էլ է նույն կարծիքին, պարոն Հայրապետյանը պատասխանեց. «Ձևական նկատառումներով գործի քննությունը ոնց որ թե նորմալ է ընթանում, բայց սա արտաքինից: Դատավորն արդեն վերաբերմունք հայտնել է ոստիկանների գործողությունների իրավաչափության մասին: Ակնհայտ էր, որ ուրիշ դատավորի վարույթ պետք է ընդունվեր: Ձևականորեն մեզ թույլ է տրվում բացման խոսք ասել, ապացույցներ ներկայացնել, բայց, ամեն դեպքում, քանի որ դատավորն արդեն իր դիրքորոշումը հայտնել է, վստահ եմ, որ դատավորն արդեն անաչառ չէ, քանի որ ունի հստակ դիրքորոշում, մոտեցում»:
Մեր հարցին՝ հետևաբար խնդին ընդամենը ներպետական դատական ատյանները սպառե՞լն է, պարոն Հայրապետյանն արձագանքեց. «Ինչ-որ տեղ հույս ունենք, որ միգուցե վարչական դատարանը կհաստատի ու կֆիքսի այդ փաստը, որ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողություններն իրավաչափ չեն եղել: Ունենք հեղինակավոր կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը, որ ասել էին՝ այդ օրերին ոստիկանները չեն գործել օրինաչափ: Այս ճչացող ապացույցների շրջանակներում մտածում եմ, որ միգուցե նույն դատավորը վերանայի իր դիրքորոշումը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ