Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր են Լոռիում դարձել համայնքների ղեկավարներ

Նոյեմբեր 06,2017 17:25

Երեկ Լոռու մարզի թվով 61 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Դրանց արդյունքում կազմվեցին 10 խոշորացված համայնքներ:

Խոշորացման արդյունքում Ալավերդի քաղաքին միացան՝ Ակներ, Աքորի, Ծաղկաշատ, Կաճաճկուտ, Հաղպատ եւ Ջիլիզա համայնքները: Իսկ համայնքապետի միակ թեկնածուն ՀՀԿ-ական Սասուն Խեչումյանն էր, որը Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների բաժնի պետն էր: Նախնական արդյունքներով նա հավաքել է 6914 ձայն:

Ստեփանավանում եւս մեկ թեկնածու էր, գործող համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանը 5028 ձայնով դարձավ Ստեփանավան խոշորացված համայնքի ղեկավար: Ստեփանավանի կազմի մեջ են մտնում՝ Արմանիս, Կաթնաղբյուր եւ Ուրասար համայնքները:

Տաշիր համայնքում կրկին մեկ թեկնածու էր առաջադրված, անկուսակցական Էդգար Արշակյանը, որի թեկնածությունն առաջադրել էր Հանրապետական կուսակցությունը: Էդգար Արշակյանը Տաշիրի գործող համայնքապետն է: Ընտրությունների արդյունքում 4484 ձայնով վերջինս դարձավ Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար: Տաշիրի կազմի մեջ են մտնում՝ Բլագոդարնոյե, Դաշտադեմ, Լեռնահովիտ, Կաթնառատ, Մեդովկա, Կրուգլայա շիշկա, Մեղվահովիտ, Նորամուտ, Նովոսելցովո, Սարատովկա եւ Գետավան համայնքները:

Մարզի Սարչապետ համայնքում նույնպես առաջադրված էր մեկ թեկնածու: 1585 ձայնով Սարչապետի համայնքապետ դարձավ գործող համայնքապետ ՀՀԿ-ական Բորիս Բարոյանը: Իսկ Սարչապետին են միացել՝ Ապավեն, Արծնի, Ձորամուտ, Գոգավան, Պետրովկա, Պրիվոլնոյե, եւ Նորաշեն համայնքները:

Լոռի Բերդում էլ 2004 ձայնով Արայիկ Ներսիսյանը դարձավ համայնքի ղեկավար: Արայիկ Ներսիսյանը Կողես համայնքի ղեկավարն է: Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ՀՀԿ-ն: Լոռի Բերդին են միացել՝ Ագարակ, Բովաձոր, Լեջան, Կողես, Հովնանաձոր, Յաղդան, Սվերդլով եւ Ուռուտ համայնքները:

Ի տարբերություն վերը նշված համայնքների, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրված էին մեկական թեկնածուներ, մարզի Ախթալա, Օձուն, Մեծավան, Գյուլագարակ եւ Շնող համայնքներում համայնքապետի պաշտոնի համար մրցակցությունը մեծ է եղել:

Գյուլագարակ համայնքը, որի կազմի մեջ այսուհետ կմտնեն՝ Ամրակից, Գարգառ, Կուրթան, Հոբարձի, Պուշկինո եւ Վարդաբլուր համայնքները, կղեկավարի Կուրթանի համայնքապետ Մհեր Գևորգյանը: Գյուլագարակի գործող համայնքապետ Խաչիկ Վարդանյանն, ով հավաքել էր 1420 քվե, 1255 ձայնով պարտվել է մրցակցին:

Օձունում եւս թեժ ընտրապայքար էր: Համայնքի կազմի մեջ մտան՝ Այգեհատ, Արդվի, Արևածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Մղարթ եւ Հագվի համայնքները: Այստեղ թեկնածուներից անկուսակցական Դոնարա Հախինյանը հավաքել է 64 քվե, «Գրուրրա» արտադրական կոոպերատիվի տնօրեն, անկուսակցական Բարսեղ Այվազյանը՝ 1852 ձայն, իսկ գործող համայնքապետ, ՀՀԿ-ն ներկայացնող Արսեն Տիտանյանը ստացել է ձայների առավելագույն քանակը՝ 1885 քվե, եւ ընտրվել Օձուն խոշորացված համայնքի ղեկավար:

Ախթալա համայնքի ղեկավարի պաշտոնի համար նույնպես պայքարում էին 3 թեկնածուներ՝ Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամազյանը, գործող քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը եւ Ճոճկանի համայնքապետ Արկադի Թամազյանը: Սուրեն Թամազյանը ստացել է 287 քվե, Հայկազ Խաչիկյանի օգտին քվեարկել է 1374 ընտրող, իսկ Արկադի Թամազյանը ստացել է 1550 ձայն, դառնալով համայնքի ղեկավար: Խոշորացման արդյունքում Ախթալայի կազմի մեջ են մտնում՝ Ախթալա, Առողջարանին կից, Բենդիկ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շամլուղ եւ Փոքր Այրում համայնքները:

Մեծավանի համայնքապետ դառնալու համար կրկին 3 թեկնածուներ էին պայքարում՝ Միխայելովկա համայնքի ղեկավար, անկուսակցական Լեւոն Դիլբարյանը, որը ստացել է 586 ձայն, անկուսակցական Արման Վարդանյանը, որի օգտին քվեարկել է 620 ընտրող եւ Մեծավանի գործող համայնքապետ Սերյոժա Վարդանյանը: Նրա օգտին է քվեարկել 1072 ընտրող: Մեծավանին են միացել՝ Ձյունաշող, Միխայլովկա եւ Պաղաղբյուր համայնքները:

Շնող համայնքում առաջադրված էին 2 թեկնածուներ՝ «Ասլէներգո ՍՊԸ տնօրեն, անկուսակցական Լեւոն Հոբոսյանը, ով ստացել է 748 քվե եւ Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Նրա օգտին է քվեարկել 1558 ընտրող: Այսուհետ Շնողի կազմի մեջ կմտնեն՝ Թեղուտ եւ Քարկոփ համայնքները:

Երեկ բացի խոշորացվող համայնքների ընտրությունները, մարզի Մարգահովիտ եւ Շիրակամուտ համայնքներում եւս անց են կացվել համայնքի ղեկավարի ընտրություններ: Նախնական արդյունքներով Մարգահովտում վերընտրվել է գործող համայնքապետ Սամվել Անանյանը, իսկ Շիրակամուտում համայնքապետ է ընտրվել անկուսակցական Աշոտ Երանոսյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930