«Ես 1992 թվականից հստակ դիրքորոշում ունեմ՝ ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի հանդեպ: Եվ այն երկրները, որոնք այդ սկզբունքը պահել են, այդ երկրներում գիտության ոլորակի պիկ կա այսօր: Երկրորդ, մենք մի մտածողություն ունենք, որ երեխան պետք է ավարտի, կրթության հարցը արագ փակի ու անցնի կյանք: Իրականում աշխարհում լավագույն համալսարաններում տեղի է ունենում հետեւյալը՝ 12-ամյա կրթությունն է պարտադիր, դրանից հետո մարդը ստանում է իր որակավորումը, դուրս է գալիս կյանք, աշխատում է, որոշում է, որ մի հատ ուրիշ ավելի լավ որակավորման կարիք ունի, հետ է գալիս»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն`անդրադառնալով պաշտպանական ոլորտի նոր օրենսդրությանը, որը սահմանափակումներ է մտցնում տարկետման իրավունքի մեջ:
Նախարարն ասում է` վերլուծել են, թե ովքե՞ր են թեկնածուական դիսերտացիաներ պաշտպանել, նրանցից քանի՞սն են մնացել գիտության մեջ, քանի՞սն են աշխատում եւ լավ պատկեր չի ստացվում:
Լրագրողներից մեկը հարցրեց` սա հարված չէ՞ պաշտոնյաների որդիներին, քանի որ հիմնականում նրանք էին գիտությամբ զբաղվելու անվան տակ խուսափում բանակից, Լեւոն Մկրտչյանը պատասխանեց. «Թող ծառայեն, պաշտոնյաների որդիները թող ծառայեն»: Իսկ արդյոք կծառայե՞ն: «Ձեր խնդիրն է, ուշադիր հետեւեք`թող ծառայեն»,- պատասխանեց նախարարը: Ինքը գիտի պաշտոնյաներ, որոնց որդիները ծառայում են առաջնագծում: Օրինակը գեներալ Խաչատուրովի տղան է, որ գնդապետ է եւ առաջնագծում ծառայում է. «Մյուս օրինակները դուք պետք է գտնեք»:
Տարեկան տարկետում տրվում է 500-600 երիտասարդի, 3000 երիտասարդ էլ զորակոչվում է բանակ: Ինքը համամիտ է պաշտպանության նախարարի հետ` սա անարդար է, բոլորի համար հավասար սկզբունքը պիտի գործի: Ըստ նախարարի, եթե երիտասարդները գնան բանակ, հետո գան ու զբաղվեն գիտությամբ, դա ավելի կամրապնդի մեր անվտանգությունը: Նաեւ`կրթության անընդհատությանը վնաս չի լինի. «Եթե պատմաբանը բակալավրը վերջացրեց, գնաց բանակ ու երկու տարի հետո հետ եկավ, իր մասնագիտական որակը շատ անկում կապրի՞: Ընդհակառակը, կան մասնագիտություններ, որոնց տեր մարդիկ գնում են աշխատում, փորձ են ձեռք բերում, հետո որոշում են սովորել»:
Լեւոն Մկրտչյանի կարծիքով, այս փոփոխությունը նաեւ մեծապես նպաստում է ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը. «Խոսքն այն մասին է, որ բոլորը պետք է ծառայեն ՀՀ բանակում. հիմա դուք, որպես քաղաքացի, գտնում եք, որ 80-90 տոկոսի համար կարելի է մի պայման դնել, մնացած 5-10 տոկոսի համար այլ պայման դնե՞լ»:
Հարցին`արդարության ապահովման խնդիրը արդյոք այսպիսով լուծվո՞ւմ է, նախարարը պատասխանեց. «Դրա համար էլ «Զինապարտության մասին» օրենքը բերվեց: Եթե դուք ուշադրություն դարձնեք, այդ օրենքում, բացի այս հատվածից, շատ այլ փոփոխություններ են նախատեսվում, որոնք պետք է այդ սկզբունքն ապահովեն: Փոխվում են բժշկական ստուգումների ձեւը, զորակոչի համակարգը: Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է: Եվ ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ