«Այսօրվա 80 մլրդ դրամը կոմպրոմիս է մեր հնարավորությունների ու պահանջարկի միջեւ: Չեմ կարող ասել, որ իմ նախորդները շռայլում էին: Եթե մենք կանխատեսում ենք, որ դիաբետով հիվանդությունները կավելանան, ավելացնում ենք այս ուղղությամբ ներդրումները՝ դեղորայք ձեռք բերելու համար, եթե կանխատեսում ենք, որ 13 տոկոսով մեր պահանջարկն ավելանալու է դիալիզի ուղղությամբ, մենք ավելացնում ենք գումարը: Ուրիշ հարց, որ մենք խնդիր ունենք այսօր առողջ ապրելակերպի մեջ ներդրումների, նախարարությունը տրամադրված է այս մասով գումարի սակավությունը լրացնել դրամաշնորհների կամ ինչ-որ ֆոնդերի միջոցով», – խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:
Հիշեցնենք, 2018 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտին տրամադրվելիք գումարները պակասել են 5.8 մլրդ դրամով: Եկող տարի այս ոլորտին կհատկացվի 80,1 մլրդ դրամ:
Նախարարն ասում է` Հայաստանի առողջապահական իդեալական բյուջեն պետք է լինի 280 մլրդ դրամ, որպեսզի հնարավոր լինի ՀՀ ողջ բնակչությանն անվճար բուժսպասարկմամբ ապահովել:
Իր ղեկավարած ոլորտին հատկացվելիք գումարների կրճատումը, սակայն, ըստ նախարարի, բացասաբար չի անդրադառնա առողջապահական ծառայությունների մատուցման որակի վրա. «Բժիշկը միշտ աշխատում է մաքսիմալ՝ իրեն տրամադրելով իր գործին: Եվ եթե նույնիսկ իրեն ոչինչ չեն վճարում կամ վճարում են ավելի մեծ գումար, նա անում է այնպես, ինչպես կարողանում է՝ ոչ ավելի վատ, ոչ էլ ավելի լավ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ