Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր՝ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Պաշտպաններից մի քանիսը չէին ներկայացել, քանի որ նախապես նշանակված այլ դատական նիստեր ունեին:
Մինչ այդ որոշ ամբաստանյալների առնչությամբ դատավորը վերացրեց տեսակցությունների եւ հեռախոսազանգերի արգելքը(տեսակցելը թույլատրվում է առայժմ միայն մերձավոր ազգականներին):
«Պաշտպաններիս մի մասը հայտարարեց, որ դատավորը պետք է վերանայի այս գործով շաբաթական երկու անգամ նիստեր անցկացնելու որոշումը, քանի որ դրա կատարումը տեխնիկապես իրագործելի չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Հաշվի առնելով պաշտպանների մի մասի բացակայությունը՝ նիստը հետաձգվեց: Նշենք, որ այս գործով հաջորդ նիստում փաստաբան Հայկ Ալումյանը դատավոր Մեսրոպ Մակյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի: Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը քննվում է երեք անջատ մասերով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ