Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն էր: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը՝ հայտնի որպես «Ժորիկ», Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը:
Դատարանին էր ներկայացվել գործով վկա Աշոտ Շուշանյանի՝ ԱԱԾ-ում հարցաքննության արձանագրությունը, որի համաձայն՝ նա ըստ սահմանված կարգի հարցաքննվել է: Շուշանյանը, սակայն, դատարանում ավելի վաղ ցուցմունք տալիս պնդել էր, որ քննիչն իրեն ճնշել է, ստիպել ցուցմունք գրել Սամվել Բաբայանի դեմ եւ տեւական ժամանակ պահել ԱԱԾ-ում: Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը, որն ըստ իր ցուցմունքի՝ «Իգլան» ձեռք է բերել բանակին նվիրելու համար, պնդեց, որ այդ փաստաթուղթը հիմք չի ու հիշեցրեց՝ Շուշանյանն ինքն է ասել, որ քննիչն ուղղորդել է վկաներին: «Քննիչն ասել է՝ «ինչ ասում եմ՝ գրի, թե չէ՝ «ԿԳԲ»-ից դուրս չես գա»…Բոլորս էլ գիտենք «ԿԳԲ»-ում ինչով են զբաղված»,-ասաց նա:
Ապա Գաբրիելյանը նշեց՝ 2009թ. Էջմիածնում Ջիվան Գասպարյան անունով անձ է սպանվել, եւ քննիչն էլ ակնարկել է՝ եթե Գաբրիելյանը եւ Շուշանյանը Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք չտան, այդ սպանությունը «կբարդեն իրենց վրա»:
Փաստաթղթերի հետազոտման փուլն ավարտվեց, հաջորդ նիստում ամբաստանյալները հանդես կգան վերջին՝ եզրափակիչ խոսքով:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ