Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Մինչեւ ինֆարկտի չհասնի՝ չե՞ք փոխհատուցի»

Նոյեմբեր 06,2017 14:39

«Մենք չենք հայտարարել, որ սրտի ցանկացած ստենտավորում անվճար է: Անվճար է սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունն այն գումարով, որը հատկացված է: Նաեւ, զինծառայողների ու նրանց ընտանիքների սրտի մասին հոգալը, եւ բնակչության` զուտ կյանքը փրկելուն առնչվող ծախսերը»,- խորհրդարանում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը`պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր`մտադրություն չկա՞ պետության հաշվին սրտի ստենտավորման սկզբունքը փոխել. «Թե՞ մինչեւ ինֆարկտի չհասնի՝ չե՞ք փոխհատուցի»: Պատգամավորը հավելեց`նաեւ պարտադիր պահանջ է, որ շտապօգնությունը պետք է հիվանդին տանի հիվանդանոց, եթե հիվանդին սեփական մեքենայով են տանում՝ զրկվում են պետպատվերից:

Նախարարը հստակեցրեց`նախարարությունն ունի 1500 ստենտավորման գումար, ուստի ինչ-ինչ սկզբունքներ են մշակել, թե ինչպես հատկացումներն անեն, որ փրկեին շատերին: Նախարարը համամիտ է`եթե հիվանդությունը զարգացել է`հասնելով ինֆարկտի, ուրեմն մարդը գումար չի ունեցել. «Եթե գումար ունենային, ապա նախապես կձեռնարկեին միջոցներ` կանխելու ինֆարկտը»։ Բայց հատկացումների ձեւերը փոխելու մասին իրենք կմտածեն միայն այն ժամանակ, երբ գումարի հատկացումը մեծանա:

Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր նաեւ անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագրի ֆինանսավորման կրճատման հարցն, այն դեպքում, երբ առանց այդ էլ բյուջեից ընդամենը 78 մլն դրամ էր տրամադրվում այդ նպատակին: Պատգամավորը կարծում է, որ այս թիվը կարելի է քառապատկել` մոր եւ մանկանն ուղղված միջոցների կրճատման հաշվին. «Քիչ ծնունդներ են եղել և շուրջ 700 մլն դոլար խնայվել է»:

Նախարարը պատասխանեց` անպտուղ զույգերին ուղղվող օգնությունը հանվել է, ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով. «Տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ, ու արդյունավետ չէ»:

Պատգամավորը հետաքրքրվեց նաեւ հիվանդանոցներին պետպատվերի բաշխման մեխանիզմներով. «Ի՞նչ եք անում՝ խուսափելու այն վիճակից, որ ինչպես ասում են, «տերովին տերն է տարել, անտերին` գելը» սկզբունքն է գործում: Որ ԲԿ-ն տեր ունի՝ գումար է ստանում եւ շատ, որը չունի՝ իր ֆինանսներով է աշխատում եւ տուժում է»:
Նախարարը պարզաբանեց`եկող տարի բաշխումները կլինեն ծառայությունները կենտրոնացնելով: Ինքը վստահ է, սա կհանգեցնի գների նվազմանը: «Սա ստենտի գների դեպքում եւս աշխատել է: Նույն մոտեցումը կլինի մնացած ծառայությունների գծով»,-ասաց նախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930