Լրահոս
Օրվա լրահոսը

Մանե Թանդիլյան. «Որտեղի՞ց եք այս գումարները գտնելու»

Նոյեմբեր 06,2017 13:46

«Սոցիալական ծախսերը գրեթե բոլոր դրույթներով կրճատվել են, բացառությամբ կենսաթոշակային հիմնադրամին հատկացվող գումարների. այն աճել է 48%-ով, որը ամբողջ պատկերը չի արտացոլում: Այս գումարը 42 մլրդ-ից վերածվելու է գրեթե կրկնակիի՝ 57 մլրդ-ի։ Դա այն բեռն է, որը պարբերաբար պետք է կրի նախարարությունը, եւ այն աճելու միտում ունի։ Համենայնդեպս չի նվազելու առաջիկա 20 տարում, որովհետեւ աշխատավարձն է աճելու։ Նոր էլ իմացանք, որ գործազրկությունը նվազման միտում ունի, եւ նոր աշխատողներ են մուտք գործելու աշխատաշուկա»,- խորհրդարանում, 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին դիմեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Պատգամավորը հաշվել է`57 մլրդ-ը կազմում է միայն այս տարվա դեֆիցիտի մեկ- երրորդ մասը: «Այսինքն, պարբերաբար այս բեռը պետք է կրենք, եւ սրա հաշվին այլ ծախսեր կրճատվում են: 5 տարում այս միտումն աճելով՝ որտեղի՞ց եք այս գումարները գտնելու, երբ ծախսը չի պահպանվում»,-հարցրեց Մանե Թանդիլյանը:

Նախարարը պատասխանեց` կուտակային համակարգի ներդրման հաշվարկները իրականացվել են՝ հաշվի առնելով օրենքի այն դրույթը, որ 2018թ-ի հունիսից շուրջ 50 000-ով պետք է ավելանա կուտակայինին միացած մասնակիցների թիվը. «Ուստի համապատասխան գումարներն ավելացած են: Պետք է նաեւ հաշվի առնել, որ դրա համար գումարները ոչ միայն բյուջեով հատկացումներն են, այլ կատարվող վճարումները»:

Նախարարը ներկայացրեց հիմնադրամի գումարի չափը. «Եթե նայեք երեք տարիների արդյունքներին, պետք է նշել, որ այդ ֆոնդերն ու միջոցները շուրջ 33,2% եկամտաբերություն են ունեցել՝ երեք ամիս առաջվա տվյալներով: Դրանց մոտ 70-ից ավելին ՀՀ-ում է ներդրվել, մոտ 30%-ն է այլ արժեթղթերի մեջ դրվել։ Դրանով նաեւ, համոզված եմ, ունեցել ենք գնանկումներ, դրանք են բերել տոկոսադրույքների իջեցմանը, բերել նաև որոշակիորեն ֆինանսական միջոցների ավելացմանը, իհարկե ոչ այն տեմպերով, ինչ կցանկանայինք, բայց շուրջ 90 մլրդ դրամով այսօր կապիտալի շուկա է ձևավորվել ՀՀ-ում այդ միջոցներով, որոնք երկարաժամկետ են եւ որոնք սկսել են որոշակի ուղղություններով առարկայական արդեն ներդրումներ ապահովել՝ ապահովելով երկարաժամկետ ծրագրերի ֆինանսավորում»:

Այս արդյունքը Արտեմ Ասատրյանը շատ ավելի կարեւորում է` թե երկրի, թե քաղաքացիների, թե այսօրվա եւ վաղվա կենսաթոշակառուի շահերի ապահովման տեսակետից. «Բացի այդ ժամանակի ընթացքում բեռը սկսում է նվազել: Այս պահին տարեթվերով հարաբերակցություն չեմ կարող ասել, բայց կարող ենք միասին նայել, թե ժամանակին ինչպես է բեռը տարաբաշխվում»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930