Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻՄ ընտրություններին ցածր մասնակցությունը նաեւ բոյկոտ էր համայնքների խոշորացման դեմ (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2017 13:40

ՀՀ համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում քվեարկությանը 50,06 տոկոս մասնակցությունը գնահատում է ցածր:
Aravot.am-ի հարցին, թե գուցե համայնքների խոշորացման դեմ բոյկոտի պատճառո՞վ մարդիկ չեն գնացել ընտրության, պարոն Երիցյանն ասաց, որ այդ գործոնը կա, սակայն պետք է հաշվի առնել որտեղ. «Համայնք կա, որ, միեւնույն է, բնակիչները չեն ցանկացել, բայց իրենց թեկնածուն ունեն եւ ակտիվ մասնակցել են»:

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում Էմին Երիցյանն ասաց, որ խոշորացման հիմնական նպատակը պետք է լիներ ապակենտրոնացումը, այսինքն` լիազորությունները, որոնք այսօր պետությունն ինքն է իրականացնում, պիտի փոխանցվեն համայնքներին, որպեսզի տեղական իշխանություններն ավելի գործունակ ու արդյունավետ լինեն. «Եթե խոշորացման արդյունքում մենք ապակենտրոնացում չենք իրականացնում, ապա ամեն ինչ մնում է իր տեղում, ոչնչի չենք հասնում: Հարկատուների ֆինանսների 90 տոկոսը ծախսում է կենտրոնական իշխանությունը, սա մեծ դիսբալանս է, այսինքն` լիազորություններ եւ ֆինանսներ պիտի տրվեն տեղական իշխանություններին, խոշորացման հիմնական նպատակը հենց նման ճիշտ բաշխում իրականացնելն էր»:

Aravot.am-ի այն հարցին էլ, թե ինչու ընդդիմադիր կուսակցությունները չմասնակցեցին ՏԻՄ ընտրություններին, Էմին Երիցյանն ի պատասխան ասաց, որ ընդդիմադիրները չեն կարեւորում տեղական իշխանության դերը, մտածում են` կենտրոնականը վերցնեն, հետո անցնեն տեղականին. «Մեր ընդդիմադիր կուսակցությունները մարզերում չունեն բավականաչափ կառույցներ, շատերը նաեւ չեն կարեւորում տեղական իշխանությունների դերը, ինչը ֆունդամենտալ սխալ մտածողություն է»:

Էմին Երիցյանը կարծում է, որ պետք է ընտրական համակարգում փոփոխություններ լինեն: Ըստ նրա, համայնքի ղեկավարի ընտրությունները պետք է լինեն ուղիղ, ավագանունը` համամասնական. «Տեղական իշխանության ուշադրությունը համայնքներին, շատ բանով պայմանավորված կլինի՝ թե որքանով է իրենց շահը պաշտպանվում համայնքի ղեկավարի կողմից եւ ավագանու կողմից: Այսինքն` արդեն, ամեն ինչ կենտրոնանում է կոնկրետ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների անձնական հավասարակշիռ քաղաքականության մեջ: Հենց սրա համար է ընտրական համակարգում փոփոխությունների գալը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930