ԱՄՆ Թեքսաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքում (Սան Անտոնիո քաղաքից ոչ հեռու) զինված տղամարդը կրակ է բացել բապտիստական եկեղեցում, զոհվել է առնվազն 26 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ նախնական տվյալների՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ տեղի ժամանակով 11:30-ի սահմաններում՝ կիրակնօրյա պատարագի ժամանակ: Տեղի բնակիչների խոսքերով՝ սովորաբար կիրակնօրյա պատարագին ներկա են լինում շուրջ 50 մարդ, այդ թվում երեխաներ: Եկեղեցու հովիվ Ֆրենք Պոմրոյը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է իր 14-ամյա դուստրը՝ Անաբելլան:
https://www.youtube.com/watch?v=JpueUMURhWU
Դեպքի վայրում աշխատում են Հետախուզության դաշնային բյուրոյի գործակալները, առայժմ հանցագործության դրդապատճառները հայտնի չեն:
Նախնական տեղեկություններով՝ հանցագործը երիտասարդ սպիտակամորթ տղամարդ է եղել՝ սև հագուստով, զրահաբաճկոնով:
Չնայած պաշտոնապես հանցագործի անունը չի հաղորդվում, որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ գրում են, որ դա Դեյվին Պատրիկ Քելլին է, որն ավելի վաղ աղմուկով հեռացվել էր ԱՄՆ ռազմաօդային ուժերից: Մասնավորապես, նրա դեմ 2012թ. քրեական գործ էր հարուցվել կնոջը և երեխային ծեծելու մեղադրանքով, որից հետո նա դատապարտվել էր 12 ամսվա ազատազրկման: 2014թ. Քելլին հեռացվել էր բանակից:
Ուիլսոն շրջանի ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործը մեքենայով փախուստի է դիմել դեպքի վայրից, իսկ ավելի ուշ հայտնաբերվել է մահացած:
Նախնական վարկած կար, որ նա սպանվել է ոստիկանության կողմից կամ ինքնասպանություն է գործել: Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել են, որ նրան սպանել է զինված քաղաքացիներից մեկը:
Կատարվածի առիթով իր ցավակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այցով գտնվում է Ասիայում: Twitter-ի իր էջում նա գրել է. «Աստված օգնական Թեքսասում Սազերլենդ-Սփրինգսի բնակիչներին: Հետախուզությունների դաշնային բյուրոն և իրավապահ մարմիններն աշխատում են դեպքի վայրում: Ես իրավիճակին հետևում եմ Ճապոնիայից»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ