Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք»

Նոյեմբեր 06,2017 13:07

«Հիմա մենք ի՞նչ ուղերձ ենք հղում մարդկանց, որ չենք ասում, որ 10 տոկոսով ավելի վատ եք ապրելու: Ընդհանրապես ինձ համար հասկանալի չէ, թե կառավարությունն ի՞նչ կոնկրետ խնդիր ու ցուցանիշ է դնում աղքատության հետ կապված, մենք ինչքանի՞ ենք հասցնելու այդ ցուցանիշը»,- խորհրդարանում, 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին դիմեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը`նկատելով, որ հունվարից դարձյալ գնաճ է լինելու, մինչդեռ կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրանում:

«2014-2015թթ-ին ենք բարձրացրել կենսաթոշակները վերջին անգամ, եւ այս ընթացքում առիթ է եղել ասելու, որ ընթացիկ ծախսերն ավելացնելը պարտք ներգրավելու միջոցով ցանկալի չէ»,-պատասխանեց նախարարը`համաձայնելով, որ եթե անձի միակ եկամուտը կենսաթոշակն է, խնդիր կա: «Երբ խոսում ենք աղքատության կրճատման մասին, ամենամեծ ազդեցությունը դրա վրա ունենում է տնտեսական աճը, որովհետեւ հասկանալի է, եթե երկրում կա ավելի շատ բյուջե, ավելի մեծ բաշխում է լինում: Մյուս կողմից, չի նշանակում, որ սոցիալական պաշտպանության ծրագրերն ազդեցություն չունեն: Դրանց ազդեցությունը վերջին տարիներին ավելացել է»,-ասաց նախարարը`հավելելով, որ փորձում են առավել ճիշտ ուղղել տրվող սոցիալական աջակցությունը, ճիշտ թիրախ ու շերտեր ընտրել:

Նախարարը նկատեց` աղքատության կրճատման համար կառավարության հնգամյա ծրագրում ծրագրեր կան նախատեսված:

Պատգամավորի մյուս հարցը վերաբերում էր ծնունդների կրճատմանը. «Ծնունդը նվազում է, բայց կա այլ ցուցանիշ, որ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ երեխաների ծնվելու ցուցանիշը մեծանում է: Այսինքն, նրանց համար տրվող նպաստը դեր է խաղում: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայենք քաղաքականությունն ու ավելացնենք 1-ին ու 2-րդ երեխաների համար վճարվող նպաստի չափը»:
Նախարարը պատասխանեց`շուրջ 10 մլրդ դրամ հատկացվում է ծննդյան միանվագ նպաստների վճարներին եւ ցանկացած ավելացում մի քանի տասնյակ միլիարդների պահանջ է դնելու:

Փաշինյանը ցույց տվեց գումարի տեղը` պարգեւատրումներ, պետական խրախուսանքներ եւ այլն: Նաեւ`առողջապահության ոլորտին տրվող գումարն է պակասել, վերաբաշխումներ կարելի է անել: Պատգամավորը տպավորություն ունի, որ աղքատության նվազման համար, ոչ մի քայլ չի արվում. «Ասում եք՝ դե տարվա վերջին ինչ կլինի`կլինի: Մենք չենք ասում՝ պարտք վերցրեք, թոշակ ավելացրեք, մենք ասում ենք՝ երկիրն արդյունավետ կառավարեք, որ բյուջե լինի, աղքատությունն էլ կրճատեք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930