Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկական պայմաններում»

Նոյեմբեր 06,2017 12:47

«Եթե թերի չեմ ուսումնասիրել մեր տրամադրության տակ եղած նախագիծը, այստեղ որեւէ դրույթ չկա աշխատողների աշխատանքի իրավունքի պաշտպանության ծախսման ենթակա գումարների մասին, սա բացատրեք»,- խորհրդարանում, 2018 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին դիմեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը`նկատելով, որ նախարարն իր ուշադրությունը հավասարաչափ պետք է բաշխի ոչ միայն սոցիալական, այլ նաեւ աշխատանքի ոլորտին: Դա է հուշում նախարարության անունը:

Նախարարը հակադարձեց`այդ դրույթները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով, այդպիսի առանձին ծրագիր երբեւիցե նախատեսված չի եղել, նույնիսկ Գեւորգ Պետրոսյանի նախարար եղած ժամանակ: Արտեմ Ասատրյանը դրա կարիքն էլ չի տեսնում:

«Իմ նախարար աշխատելու ժամանակահատվածում Հայաստանում գործում էր Աշխատանքի պետական տեսչությունը, որը պետական հսկողություն եւ վերահսկողություն էր իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը պահպանելու նկատմամբ, իսկ այսօր դա լուծարվել է»,- հայտարարեց Գեւորգ Պետրոսյանը`հավելելով, աշխատանքի պետական քաղաքականությունը մշակելու պարտականությունը դրված է նախարարության վրա:

«Առողջապահության տեսչությունն էլ բացի երեխաների եւ հղի կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունից որեւէ այլ ձեւով չի պաշտպանում մնացած աշխատողների շահերը: Դուք, որպես աշխատանքի ոլորտի պատասխանատու չե՞ք գտնում, որ այս պայմաններում, հատկապես, մասնավոր սեկտորում աշխատողները գտնվում են ստրկական պայմաններում: Այդ ոլորտը կարգավորող տեսչությունը չպետք է դիտորդի կարգավիճակով նայի այդ գործընթացին: Մի՞թե չէր կարելի այդ ուղղությամբ որոշակի գումարներ նախատեսել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց` այս պահին ինքը չի տեսնում այդպիսի ծրագրի անհրաժեշտություն: Բացի այդ, տեսչական բարեփոխումների շրջանակներում, բոլորը համակարծիք էինք`հնարավորինս պետք է սահմանափակենք տեսուչների կամայական այցելությունները որեւէ կազմակերպության կամ գործատուի: «Հարցը սա է` եթե մենք, որպես պետություն, վարչական կարգով չենք միջամտում գործատու եւ վարձու աշխատող հարաբերություններին, սա բերու՞մ է ավելի բարենպաստ մի վիճակի որ կայանան աշխատողների իրավունքով զբաղվող արհմիությունները: Մենք պատրաստ ենք ավելի լիարժեքացնել այդ համակարգերը»,- ասաց նախարարը:

Արտեմ Ասատրյանը գտնում է, որ ոչ թե վարչական միջամտության խնդիր ունենք, այլ այդ համակարգը կայացնելու. «Եթե տեսուչը գործատուին աշխատավարձը պակաս վճարելու համար տուգանք էր վճարում, դա գնում է պետական բյուջե, բայց պարտադրված չէր գործատուն տվյալ տուգանքի հիմք հանդիսացող իրավական ակտը կատարել եւ այդ ամեն ինչը տեղափոխվում էր դատարան: Ավելի կարճ ճանապարհ կա, ինստիտուցիոնալ լուծումներն ավելի ճիշտ են»:

«Աշխատող քաղաքացին մնացել է մեն-միայնակ պետության, դատարանի, գործատուի հետ, արհմիություններն էլ գրեթե անգործության մեջ են, ուստի նախարարությունը, գոնե, պետք է անգործի տպավորություն չթողնի»,- կարծիք հայտնեց պատգամավորը: Նախարարը հստակեցրեց` նախարարությունն իր գործառույթներն իրականացնում է, իրականացնելու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930