Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանցելը շրջափակում չէ

Նոյեմբեր 06,2017 16:00

Ըստ Գագիկ Մինասյանի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվել է նաեւ Ռուսաստանի աջակցությամբ

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը համամիտ չէ, որ ՀՀ իշխանություններն անգործությամբ են հակադարձել Հայաստանը մեկուսացնելու ադրբեջանաթուրքական ջանքերին: Օրերս պաշտոնապես բացվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Երկաթգծի կառուցման գաղափարը թյուրքական պետությունները հղացել էին տասը տարի առաջ: Ի հեճուկս բոլոր դժվարությունների եւ արգելքների՝ երկաթգիծը կառուցվեց: Թեեւ այն ժամանակ հայաստանյան պաշտոնյաները թերահավատ էին այս նախագծի հանդեպ, միաժամանակ հասկանում էին վտանգները: Օրինակ՝ Գագիկ Մինասյանը 10 տարի առաջ այն անվանել էր «դանդաղ գործողության ռումբ»: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ինչո՞ւ տասը տարի առաջ չփորձեցինք ջանքեր գործադրել, որպեսզի «դանդաղ գործողության ռումբն» այսօր չպայթեր, Գագիկ Մինասյանն ասաց. «Այն հնարավորությունները, որ մենք ունեինք, փորձեցինք իրացնել, որպեսզի կարողանայինք դրան այլընտրանքային ծրագրեր իրականացնել: Սակայն երկաթուղու շինարարությունը նախաձեռնողների ուժերն անհամեմատելի էին մեր ուժերի եւ հնարավորությունների հետ: Դա Թուրքիան էր, ՌԴ-ն էր աջակցում այդ ծրագրին որոշակիորեն…»: Նկատեցինք` Հայաստանի ռազմավարական գործընկեր ՌԴ-ն: Դիտարկումն անպատասխան մնաց: «Դրա այլընտրանքը կարող էր լինել նա, որ մենք կարողանայինք Վրաստանով իրականացնել երկաթուղու գործարկումը: ՌԴ-ի բարդ հարաբերությունները Վրաստանի հետ թույլ չտվեցին այդ ծրագիրն իրականացնեինք»,- շարունակեց մեր զրուցակիցը` հավելելով, որ որեւէ մեկը չէր մտածի, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը տասը տարի կտեւի, բայց այդ երկրների ֆինանսական մեծ ներուժը բերեց ծրագրի իրականացմանը, թեկուզ այդքան ուշացումով:

Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությանը, որը ինչ-որ առումով կարող էր հակակշիռ լինել Բաքու-Թբիլիսի-Կարսին, եւ որի շուրջ բանակցություններն արդեն տարիներ շարունակ են ընթանում, ու, ցավոք, այսօր արդեն տարակուսանքներ են հնչում, որ այն ընդհանրապես կարող է չկառուցվել, Գագիկ Մինասյանը կրկին չի կիսում տեսակետը, որ հայկական կողմը բավարար կամք եւ ջանքեր չի ներդրել այդ նախագծի իրականացման համար: Կրկնում է` Բաքու-Թբիլիսի-Կարսին սատարող ուժերը գումարային առումով շատ ավելի մեծ էին, քան այն ուժերը, որոնք աջակցում են հայկական գաղափարներին: Թե խնդիրը ո՞րն է, որ մեր գաղափարները աջակիցներ չեն գտնում, Գագիկ Մինասյանը հակադարձում է. «Ակնհայտ է, որ ՌԴ-ն ցանկանում է, որ աբխազական երկաթուղին շահագործվի, բայց Վրաստանի եւ ՌԴ-ի հարաբերություններում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունները չեն կարող դա թույլ տալ»:

Գագիկ Մինասյանը համամիտ չէ նաեւ այն դիտարկմանը, որ անգամ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարությունն ու գործարկումը չենք հաջողում պատշաճ իրականացնել: Ոչինչ, որ այս էլ որերորդ վարկն ենք վերցնում դրա համար, ոչինչ, որ կոռուպցիոն սխեմաներ աշխատեցին շինարարության ընթացքում, ասում է` այդ ավտոճանապարհը պետք է գործարկվի, ինչը էապես կնպաստի տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացմանը: «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության համար տեսեք ինչ մեծ ուժեր էին կանգնած: Հյուսիս-Հարավի հիմնական շարժիչ ուժը Հայաստանն է: Եթե նա այդքան երկարացվեց` ձգվելով տասը տարի, ապա մեր պարագայում ժամկետների երկարացումը կարելի է հասկանալ: Եվ բոլոր ռեսուրսները պետք է առավել արդյունավետությամբ օգտագործենք: Այդ բնագավառում չափազանց կարեւոր է ծրագրային բյուջետավորման ներդրումը: Եկող տարվանից գնալու ենք հարյուր տոկոսանոց ծրագրային բյուջետավորման, կարծում եմ՝ դա էապես նպաստ կբերի, որպեսզի ծախսերի արդյունավետությունը բարձրանա: Այդպիսով խորհրդարանն ավելի թափանցիկ փաստաթուղթ կունենա` ե՛ւ հաստատելու, ե՛ւ վերահսկելու առումով»:

Գագիկ Մինասյանն այն գործիչներից է, որոնք կարծում են, թե ոչինչ չի կարող խանգարել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով հայկական ապրանքների տեղափոխմանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն օրերս հայտարարել էր երկաթգծից Հայաստանի օգտվելու պայմանը` Արցախի հարցի կարգավորումն ըստ ադրբեջանական պատկերացումների: «Ես կարծում եմ, որ Մամեդյարովի հայտարարությունը պետք է հռետորական համարել, որովհետեւ ես չեմ տեսնում այն իրական մեխանիզմները, որոնք կարգելեն որեւէ երկրի, որեւէ երկրի քաղաքացու, ապրանքի` օգտվելու աշխարհի վրա գործող որեւէ երկաթուղուց, եթե չգնանք խավարամտության կոնցեպցիաներով»,- ասաց Գագիկ Մինասյանը: Դիտարկմանն էլ, որ Թուրքիան եւ Ադրբեջանն այդքան ժամանակ ջանք եւ ֆինանս ներդրեցին Հայաստանի շրջափակումը խորացնելու համար, մեր զրուցակիցը հակադարձեց. «Ոչ, Հայաստանը շրջանցելու համար»:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

04.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930