Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության գործառույթներն աղավաղված են»

Նոյեմբեր 06,2017 15:30
Suren Zolyan

Ըստ բանասիրության դոկտոր Սուրեն Զոլյանի՝ բանակից տարկետման իրավունքը սահմանափակելով, իշխանությունը առաջարկում է` կյա՞նքդ, թե՞ դրամապանակդ:

«Ցավոք, գիտության ողնաշարն արդեն կոտրված է, եւ դրա վկայությունն արձագանքի բացակայությունն է: Բուհական եւ գիտական համակարգերը որեւէ ձեւով չարձագանքեցին, թե՝ ի՞նչ է կատարվում: Բացի մեկ տասնյակ ուսանողներից, մենք արձագանք չգտանք, եւ սա ցույց է տալիս, որ այդ համակարգը գոյություն չունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Լեզվահասարակագիտական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը` պատասխանելով հարցին` արդյոք պաշտպանության նախարարի առաջարկած եւ խորհրդարանի ընդունած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծով նախատեսվող տարկետման սահմանափակումները կոտրո՞ւմ են Հայաստանում գիտության ողնաշարը, ինչպես շատ ընդդիմադիր գործիչներ են ներկայացնում: Հիշեցնենք. այս վեճը քսանամյա պատմություն ունի: Հարցը ժամանակին դարձավ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի առճակատման առարկա: Սուրեն Զոլյանը հիշում է` 1997-ին հանդիպումներ եւ քննարկումներ են ունեցել Վազգեն Սարգսյանի հետ. «Ես, ռեկտորները գնացել էինք ոչ թե միայնակ, այլ ձեռքի տակ ունենալով իրենց բուհերի գիտխորհուրդների որոշումները: Ներկայացված փաստարկները բավական տրամաբանական էին, եւ Վազգեն Սարգսյանը փոխեց իր դիրքորոշումը: Ինքը հասկացավ, որ պետք չէ մի համակարգը ոչնչացնելով` ժամանակավոր ուժեղացնել մեկ այլը, այլ պետք է փնտրել համադրություն»: Սուրեն Զոլյանը հիշում է` լուծում գտնվեց` Ռազմական ինստիտուտի հիման վրա ստեղծել ռազմական ամբիոն. մոտավորապես այն, ինչ կար Խորհրդային Միության ժամանակ: Այդ ամբիոնում ուսանողներն ըստ ցանկության կանցնեին ծառայություն` ստանալով սպայի կոչում, կամ կգնային բանակում ծառայելու: Այս գաղափարն այդպես էլ մնաց գաղափար:

Մեր դիտարկմանը, որ թողնելով տարկետման իրավունքը՝ նաեւ գիտությունը չփրկեցինք, քանի որ տարիների փորձը հաստատել է` այդ իրավունքից հիմնականում օգտվում էին պաշտոնյաների եւ ունեւոր խավի զավակները, Սուրեն Զոլյանը չհամաձայնեց. «Բազմաթիվ մարդիկ օգտվում էին այդ իրավունքից: Բայց ես գիտեք ինչին եմ դեմ` այդ իրավունքը կարծես վերապահվում է իբրեւ շնորհ, կարծես պետության կողմից ինչ-որ մի լավություն է արվում երեխաներին: Ոչ: Ճիշտ եք, այդ գաղափարն աղավաղվեց: Բայց անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնորհալի ուսանողներին պետությունը տալիս էր տարկետման իրավունք: Օրինակ, Անդրեյ Սախարովին բանակ չզորակոչեցին, որոշեցին, որ նա պետք է սովորի: Այլ բան, որ երբ պետությունը դադարում է գործել… Այն, ինչը պետք է օժանդակի եւ խթանի գիտության զարգացումը, ըստ այդմ նաեւ պետության զարգացումը, դարձել է երիտասարդ կարիերիստներին բանակից հետ պահելու միջոց: Այսինքն՝ խնդիրը համակարգային է, եւ ոչ միայն բարձրագույն կրթության համակարգն է ոչնչացված, այլ նաեւ պետության գործառույթներն են աղավաղված»:

Սուրեն Զոլյանը երբեք կողմնակից չի եղել բանակը միայն 18 տարեկաններով «լցնելուն», կարծում է, որ բուհ ավարտած երիտասարդների ներկայությունը բանակում դրական անդրադարձ կունենա: Բայցի այդ. «Փոխարենը մտածեն, թե ինչպես փրկեն այս՝ առանց այդ էլ շնչահեղձ եղած կրթական համակարգն ու գիտությունը, կարծես մահացու հարված է տրվում: Նույնն էլ արտագաղթի վերաբերյալ. փոխարենը մտածեն, թե ինչպես կասեցնեն արտագաղթը, խթանում են այն»: Սուրեն Զոլյանը համաձայն չէ նաեւ «Պատիվ ունեմ» ծրագրով առաջարկվող տարբերակին: Հիշեցնենք, այս ծրագրով առաջարկվում է բուհ ավարտած երիտասարդին երկու տարի շարքային ծառայության փոխարեն երեք տարի սպայական ծառայություն անցնել: Այդ դեպքում բարձր աշխատավարձը եւ սոցիալական որոշ արտոնություններ երաշխավորվում են: Մեր զրուցակիցը կարծում է` ծառայությունը պետք է բոլորի համար լինի անխտիր երկու տարի: «Պատիվ ունեմ» ծրագրում կամավորականության սկզբունքի մասով էլ այսպիսի համեմատություն է անում. «Դա նույնն է, որ ինչ-որ մեկը դանակով հարձակվում է, եւ դու կամավորականության սկզբունքով ընտրես` կյա՞նքդ տաս, թե՞ դրամապանակդ»: Մեր զրուցակցին ամենից շատ վրդովեցրել է այն, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի քննարկում այս հարցերի շուրջ չի կայացել: «Բնական է, որ այս որոշումը թերի է, այն բազմաթիվ խնդիրների է բերելու, եւ չեմ կարծում, որ լուծելու է բանակի խնդիրը»:

 

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

04.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930