Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությանը կոչ են անում պայմաններ ստեղծել, որ երեխան ճանաչի բռնությունն իր բոլոր դրսեւորումներով

Նոյեմբեր 06,2017 14:30

Մինչ այս օրերին հանրային քննարկման է դրված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, եւ այս նախագծի ընդդիմադիրները քննարկման առանցքում հիմնականում ծնող-երեխաներին վերաբերող կետերն են «սրերով» ընդունում, ՅՈՒՆԻՍԵՖ-ը երեկ նոր զեկույց է հրապարակել, որտեղ մի հատված արտացոլում է հայաստանյան պատկերը երեխաներին տարբեր տեսակի բռնության ենթարկելու վերաբերյալ:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2015թ.-ի տվյալներին, փաստում է, որ Հայաստանում 1-14 տարեկան տասը երեխաներից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերին ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որեւէ պատժի:

Ըստ վիճծառայության փաստաթղթի՝ հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը. երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որեւէ տեսակի:

Մասնագետները պարզել են, որ բռնի մեթոդները գրեթե հավասարապես կիրառվել են թե՛ աղջիկների (67 տոկոս), թե՛ տղաների (71 տոկոս) նկատմամբ:

Մեկ եւ երկու տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվել է դաստիարակության որեւէ բռնի մեթոդ: Ծառայության տվյալները նաեւ փաստել են, որ դաստիարակության բռնի մեթոդները գրեթե նույն կերպով տարածված են քաղաքային (68 տոկոս) եւ գյուղական (71 տոկոս) բնակավայրերի երեխաների շրջանում:

Ի դեպ, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի երեխաներն ամենաքիչն են ենթարկվել դաստիարակության որեւէ բռնի մեթոդի (համապատասխանաբար 56 եւ 59 տոկոս):

Եվ հակառակը՝ Արագածոտնի եւ Լոռու մարզերի տասը երեխաներից մոտ ութի նկատմամբ կիրառվել է որեւէ բռնի մեթոդ: Զեկույցի հեղինակները անհանգստացնող են համարում այն հանգամանքը, որ բռնության են ենթարկվել անգամ մեկ տարեկան երեխաները, եւ դա մեր իրականությունում տարածված երեւույթ է:

Նշենք, որ սույն զեկույցը հրապարակվել է Ժնեւում: Ըստ այդ փաստաթղթի՝ աշխարհում ահռելի թվով երեխաներ, որոնցից շատերը ընդամենը տասներկու ամսական են, բռնության են ենթարկվում հաճախ այն անձանց կողմից, ում վստահված է նրանց խնամքը։

«Ծանոթ դեմք. բռնությունը երեխաների եւ դեռահասների կյանքում» խորագրով զեկույցը ուսումնասիրությունների հիման վրա փաստում է, որ երեխաները բռնության են ենթարկվում մանկության բոլոր փուլերում աշխարհի բոլոր անկյուններում:

«Անընդունելի է, որ աշխարհի բոլոր տարածաշրջանների երեխաները բռնության են ենթարկվում վայրերում, որտեղ նրանք ամենաապահովը պիտի լինեն՝ իրենց տներում, դպրոցներում եւ համայնքներում: Բռնության հետեւանքները կարող են ուղեկցել երեխային կյանքի ողջ ընթացքում եւ հաճախ սերնդեսերունդ փոխանցվել»,- այսպիսի կարծիք է հայտնել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի տնօրեն Աֆշան Խանը:

Երեխաների դեմ բռնությանը վերջ դնելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին կոչ է անում անհապաղ գործի անցնել եւ միանալ «ՈԳԵՇՆՉԵ՜ՆՔ» (INSPIRE) անունը կրող օրակարգին:

Երեխաների իրավունքներով զբաղվող միջազգային այս կազմակերպությունը կառավարություններին հորդորում է կազմել լավ համակարգված ազգային պլաններ երեխաների հանդեպ բռնությունը կանխելու համար՝ ներգրավելով կրթության, սոցիալական ապահովության, իրավադատական եւ առողջապահական համակարգերը, ինչպես նաեւ հենց համայնքներն ու երեխաներին:

«Փոխել չափահասների վերաբերմունքը եւ վերացնել այն գործոնները, որոնք նպաստում են երեխաների հանդեպ բռնությանը, ինչպես օրինակ՝ տնտեսական ու սոցիալական անհավասարությունները, բռնությունն արդարացնող սոցիալական ու մշակութային նորմերը, անհամապատասխան քաղաքականությունն ու օրենսդրությունները, բռնությունից տուժածների համար նախատեսված թերի ծառայությունները եւ արդյունավետ կերպով բռնությունը կանխարգելող բռնությանը հակազդող արդյունավետ հատկացվող սահմանափակ միջոցները: Ազգային քաղաքականությունը կենտրոնացնել բռնի վարքագիծը նվազագույնի հասցնելու ուղղությամբ՝ նվազեցնելով անհավասարությունները եւ սահմանափակելով զենքի ու զինամթերքի հասանելիությունը»,- ասված է զեկույցում: Բացի այդ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառուցել սոցիալական համակարգեր եւ վերապատրաստել սոցիալական աշխատողներին բռնության ենթարկված երեխաներին ուղղորդելու եւ խորհրդատվական ու թերապեւտիկ/հոգեբանական ծառայություններ մատուցելու համար. «Երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին ու համայնքի անդամներին սովորեցնել ճանաչել բռնությունն իր բոլոր ձեւերով եւ հնարավորություն ընձեռել նրանց առանց վախի տեղեկացնել բռնության մասին համապատասխան մարմիններին: Զատորոշված ու մանրամասն փաստեր հավաքագրել երեխաների նկատմամբ դրսեւորված բռնության մասին եւ հետեւել առաջխաղացմանը շարունակական մշտադիտարկման եւ գնահատման միջոցով»:

Զեկույցում բերված փաստերի համաձան՝ աշխարհում 2-ից 4 տարեկան երեխաների երեք քառորդը՝ գրեթե 300 միլիոն երեխա, իրենց տանը ենթարկվում է հոգեբանական ագրեսիայի եւ (կամ) ֆիզիկական պատժի իրենց խնամողների կողմից։ Համաձայն 30 երկրներից ստացված տվյալների՝ մեկ տարեկան յուրաքանչյուր 10 երեխայից գրեթե 6-ը պարբերաբար ենթարկվում է բռնի կարգապահության: Մեկ տարեկանների գրեթե մեկ քառորդին որպես պատժամիջոց թափահարում են, եւ յուրաքանչյուր 10-ից մեկը հարվածներ է ստանում դեմքի, գլխի կամ ականջների շրջանում։

Ամբողջ աշխարհում մինչեւ 5 տարեկան երեխաներից 4-ից 1-ի (177 միլիոն) մայրը սեռական զուգընկերոջ կողմից գործածված բռնության զոհ է:

Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա ամբողջ աշխարհում 15-19 տարեկան դեռահաս մոտ 15 միլիոն աղջիկ կյանքի ընթացքում բռնի սեռական հարաբերություն է ունեցել կամ ենթարկվել սեռական բնույթի այլ բռնության։ Սեռական բռնության զոհ դարձած աղջիկների միայն 1 տոկոսն է վկայում, որ դիմել է համապատասխան մասնագիտական օգնության։

Համաձայն 28 երկրներից ստացված տվյալների՝ բռնի ուժով սեռական հարաբերություն ունեցած դեռահաս աղջիկների 90 տոկոսը վկայել է, որ առաջին միջադեպի մասնակիցը
րենց ծանոթ է եղել։ Ըստ 6 երկրներից ներկայացրած տվյալների՝ ընկերները, համադասարանցիները եւ զուգընկերները առավել հաճախակի էին նշվում որպես դեռահաս տղաների նկատմամբ սեռական բռնություն գործած անձինք։

Զեկույցի մասնագետները նաեւ արձանագրում են, որ դպրոցահասակ բնակչության կեսը՝ 732 միլիոն երեխա, ապրում է այնպիսի երկրներում, որտեղ ֆիզիկական պատիժը դպրոցներում լիովին արգելված չէ:

Եվրոպայի 39 երկրում եւ Հյուսիսային Ամերիկայում բնակվող յուրաքանչյուր 10 դեռահասից գրեթե 3-ը՝ 17 միլիոն, ընդունել է, որ դպրոցում հալածել է այլոց:

Վերջին 25 տարիներին դպրոցներում գրանցված կրակոցները տեղի են ունեցել ԱՄՆ-ում:
Ամբողջ աշխարհում կամ գրեթե 3 աշակերտից ավելի քան 1-ը՝ գրեթե 130 միլիոն, հալածանքի (բուլիինգի) է ենթարկվում:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

04.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930