Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ ընդունում օպերաներն ու բալետները կինոդահլիճների օրինակով ամեն օր ներկայացնելու պրակտիկան»

Նոյեմբեր 06,2017 14:00

Ազգային օպերային թատրոնի երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի դիտարկումները

«Առավոտը» քանիցս ներկայացրել է հատկապես վերջին տարիներին Հայաստան հյուրախաղերի եկած անվանի շատ արվեստագետների հիացական կարծիքը մեր պրոֆեսիոնալ հանդիսատեսի մասին: Ողջունելի է այն փաստը, որ հանդիսատեսը ակտիվ է նաեւ մշակութային օջախներում տեղի ունեցող «խոհանոցային» անցուդարձի նկատմամբ: Այս դեպքում խոսքը վերաբերում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ընթացող ատեստացիային: Ողջունելի է նաեւ, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, հավանաբար ավելորդ խոսակցություններից զերծ մնալու նպատակով, մասնագետներ է հրավիրել արտերկրից: Ատեստացիայի առիթով մենք զրուցել ենք Մոսկվայի «Երգչախմբային երգեցողության վարպետներ» ակադեմիական մեծ երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Լեւ Կոնտորովիչի հետ (05.10.2017թ.), որը ներկա էր թատրոնի երգչախմբի ատեստացիային: Օրերս թատրոնի նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմի մասին կարծիք հայտնեցին Եվգենի Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական նվագախմբի տնօրեն Գրիգորի Լեոնտինը, ալտահար Վասիլի Կուխարենկոն եւ թավջութակահար Պաուլ Սուսը: Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկա օրերին թատրոնի մեներգիչների ատեստացիային մասնակցելու նպատակով արդեն Երեւանում է բելգիացի հանրահայտ տենոր Ակսել Էյվերարտը, որին հայ հանդիսատեսը գոհունակությամբ է հիշում 2016թ. մոսկովյան «Կուլտուրա» ալիքով հեռարձակվող «Բոլշայա օպերա» մրցույթի ժյուրիից, ում շնորհիվ նաեւ հայ տենոր Տիգրան Օհանյանը ճանաչվեց լավագույնը: Հիշեցնենք, որ թատրոնի կոլեկտիվներում անցկացվող ատեստացիան չի ազդում խաղացանկային ներկայացումների գրաֆիկի վրա: Սակայն հանդիսատեսի շրջանում, այնուամենայնիվ, շրջանառվում են խոսակցություններ, թե, օրինակ, շաբաթվա կամ ամսվա կտրվածքով որքան օպերային եւ բալետային ներկայացումներ պետք է լինեն:

Այս առիթով «Առավոտը» հանդիպեց թատրոնի հնաբնակ, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյանի հետ, որը թատրոնում է 1977 թվականից, 1993-ից էլ մինչ օրս (որոշ ընդհատումներով) հանդիսանում է երգչախմբի գլխավոր խմբավարը: Ընդ որում, մի քանի տասնյակ տարիների ընթացքում նա աշխատել է հայ օպերային արվեստի երախտավորներ Օհան Դուրյանի, Տիգրան Լեւոնյանի, Յուրի Դավթյանի, Արամ Քաթալյանի, Հակոբ Ոսկանյանի եւ մյուսների, ինչպես նաեւ հրավիրյալ ռեժիսորների հետ, այդ թվում՝ Կորրադիի, Իսահակյանի: Երգչախմբի մասնակցությամբ բեմադրվել են «Օթելլո», «Պայացներ», «Տրավիատա», «Անուշ», «Դավիթ-Բեկ», «Ալմաստ»…, բոլորը չես թվարկի, օպերային, ինչպես նաեւ բալետային բեմադրությունները՝ «Դիմակահանդես», «Անտունի», «Սպարտակ» եւ այլն:

«Երբեք չեմ ընդունել օպերաներն ու բալետները կինոդահլիճների օրինակով ամեն օր ներկայացնելու պրակտիկան: Մեր դեպքում՝ ներկայացումները կենդանի կատարումներ են եւ իրականացվում են մի քանի տասնյակ, որոշ դեպքերում՝ հարյուրավոր մարդկանց միջոցով: Հասկանալի է, որ ներկայացման մասնակիցները պետք է անցնեն նախապատրաստական լուրջ շրջան: Կոնկրետ՝ երգչախմբի արտիստները պարտավոր են սովորել անգիր ե՛ւ տեքստը, որը շատ հաճախ, ավելի ճիշտ՝ մեծ մասամբ օտարալեզու է (ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, լատիներեն, ռուսերեն), ե՛ւ երաժշտությունը, այնուհետեւ պետք է անցնեն բեմական փորձերի շրջան, որտեղ երգելու հետ միաժամանակ իրականացնելու են տարբեր խնդիրներ (պարել, սիրել, սպանել, «դիակները դուրս հանել» եւ այլն): Ահա այս նախապատրաստական շրջանը մեզ մոտ ընթանում է խաղացանկային ներկայացումների հետ միաժամանակ: Գիտակցելով ներկայացումների տարեկան պարտադիր քանակի, խորհրդային մնացուկ այլ պատճառաբանությունների հետ կապված, հնարավոր պատասխանները առաջարկում եմ, օրինակ, ձմռան ամիսները (ոչ տուրիստական շրջան) առավելապես նվիրել նոր բեմադրությունների ու համերգային ծրագրերի պատրաստմանը՝ նվազեցնելով ելույթների թիվը»,- հայտնեց գլխավոր խմբավարը:

Հետաքրքրությանը՝ ի վերջո, միջին հաշվով քանի՞ արտիստ պետք է ունենա երգչախումբը, Կարեն Սարգսյանը պատասխանեց. «Երբեք չեմ տառապել այսպես կոչված՝ ենթակաների մեծ քանակ ունենալու անբուժելի հիվանդությամբ: Ճիշտ հակառակը՝ որքան քիչ թվով մարդ լինի երգչախմբում, այնքան քիչ գլխացավանք ինձ համար: Այդուհանդերձ, ծանոթ լինելով խաղացանկին ու ընթացիկ ծրագրերին, անհրաժեշտ եմ համարում երգչախմբի կազմում ունենալ ոչ պակաս, քան 80 արտիստ: Ասեմ նաեւ, որ խորապես հասկանալով, որ ֆինանսական որեւէ առաջարկ անհեռանկարային է, այնուամենայնիվ, այդ հանգամանքը չի ազատում ինձ այս կարեւոր խնդիրը բարձրաձայնելու անհրաժեշտությունից»:

Զրույցի ընթացքում խոսեցինք նաեւ հասկանալի պատճառով հատկապես կանանց դեպքում՝ նրանց երկարատեւ բացակայությունից: Մեր զրուցակիցը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Ես ուղղակի ցնծություն եմ ապրում, օրինակ՝ յուրաքանչյուր երեխայի փաստով: Սակայն ինչպե՞ս բացատրել հանդիսատեսին, որ, ասենք՝ 5 կամ 7 երգչուհի «լծվել» են 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալու անչափ կարեւոր ու ցանկալի ծրագրին եւ երեք տարի չեն կարող բեմ բարձրանալ: Սա՝ իմիջիայլոց… Բայց վստահ եմ, որ մեր թատրոնում մի քանի տասնյակ տարիներ ստեղծագործական կյանք անցկացրած արվեստագետիս համար ոգեւորիչ է այն, ինչը տեղի է ունենում այսօր, այն է՝ մաեստրո Օրբելյանի կազմակերպչական ու չափազանց ակտիվ ստեղծագործական գործունեությունը, նոր ծրագրերի իրականացումը, խիստ օգտակար գործակցությունը միջազգային բացառիկ հեղինակություն ունեցող երաժիշտների, աշխարհի տարբեր թատրոնների հետ»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

04.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930