Լրահոս
Օրվա լրահոսը

Սրտանց ներեք զղջացող մարդուն

Նոյեմբեր 06,2017 13:30

Մեղք գործող մարդիկ 2 տեսակ են լինում: Նրանք, ովքեր տեսնում են իրենց մեղքը ու զղջում դրա համար, եւ նրանք, ովքեր չեն տեսնում իրենց մեղքը, կամ տեսնում են ու չեն զղջում: Զղջացող մարդուն պետք է սրտանց ներել:

Հնարավոր է, որ ձեր կողակիցը մեղք գործի: Ընկեր, բարեկամ, ազգական կամ ամուսին: Ու դուք հայտնվեք մի այնպիսի իրավիճակում, որ պետք է որոշեք, թե ինչպես վարվել՝ ներե՞լ, թե՞ խարազանել: Իրավիճակն ավելի դժվար է, երբ դա ընտանիքի անդամն է, ասենք՝ ամուսին, կին կամ երեխաներ: Չէ՞ որ այդ մարդկանց հետ դու պիտի ապրես ամեն օր, իրենց երեսին նայես, իրենց առաջնորդես կամ հետեւես՝ ըստ ընտանիքում ունեցած քո կոչման:

Ժողովուրդ ջան, այս կյանքը սխալներ գործելու մասին չէ: Այս կյանքը առանց սխալի ապրելու մասին չէ: Այս կյանքը զղջման մասին է: Այս կյանքը ապաշխարության մասին է:

Երբ որ ձեր կողակիցը մեղք է գործում, դուք հանդիմանեք իրեն՝ երբ դուք եւ նա մենակ եք: Մենք այսպիսի արտոնություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսից: Եթե նա ձեզ լսի ու զղջա, ապա դուք իրեն կշահեք: Ու սա շատ լավ բան է: Սա իրական գանձ է, որովհետեւ մարդը սկսում է տեսնել իր սեփական մեղքերը եւ իր խիղճը տանջում է: Ու նա սկսում է դրանց համար զղջալ ու փոխվել:

Շատ հաճախ ընտանիքներում կռիվներ ու անհաշտություն է լինում, որովհետեւ ամուսիններից մեկը մեծ մեղք է գործել: Իսկապես շատ դժվար վիճակ է, երբ նա չի կարողանում դա տեսնել ու չի ընդունում իր արած չար բանը՝ օրինակ, ասենք, դավաճանություն, խաղամոլություն, տան եղած-չեղածը ծախել՝ խմել կամ այլ կրքերի տրվել: Բայց լրիվ այլ վիճակ է, երբ մարդը դիմացինի միջոցով, կամ հանգամանքների միջոցով հանդիմանվելով, իսկապես կարողանում է նայել իր ներսը, տեսնել իր սխալը ու խորապես զղջալ դրա համար: Ավելի լավ է, երբ մարդը ոչ միայն զղջում է, այլ ապաշխարության ճամփեն բռնում ու սկսում կրել իր խաչն այդ մեղքի պատճառով:

Այսպիսի մարդկանց պետք է ներել: Ներելն ավելի լայն բան է, բայց այսօր ձեզ հետ կիսվում եմ զղջացող մարդկանց մասին: Զղջացող մարդուն ներելն ավելի հեշտ է:

Զղջացող մարդն իրական արժեք է: Դուք չեք կարող գնալ ու գտնել այնպիսի մարդու, ով երբեք ոչ մի մեղք չի գործել ու կամ երբեք ոչ մի մեղք չի գործելու: Նույնիսկ եթե դուք ընտանիքում ունեք խնդիրներ ձեր ամուսնու հետ ու մտածում եք՝ եթե ուրիշի հետ ամուսնանայիք, այս խնդիրները չէին լինելու, կամ մտածում եք, եթե ձեր ընտանիքը թողնեք ու մեղք գործելով ուրիշի հետ ամուսնանաք, ամեն ինչ ավելի լավ է լինելու, ապա ոչ, ուրիշը նույնպես սխալվելու է, ուրիշը նույնպես մեղք է գործելու, «որովհետեւ բոլորն էլ մեղք գործեցին», գրում է Պողոս առաքյալը հռոմեացիներին (3:23):

Ամբողջ հարցը հետեւյալի մեջ է՝ մեղք գործող մարդը զղջո՞ւմ է, թե՞ ոչ:

Զղջացող մարդը, ով տեսնում է իր մեղքը, կամ սխալը, սկսում է իր խիղճը տանջել: Նա տեսնում է այն ամբողջ կեղտը, որ կուտակված է իր սրտում ու չի ուզում ապրել այդ կեղտի հետ: Փորձում է պայքարել դրա դեմ, ու տեսնում է, որ միայնակ անհնար է, քանզի այդ կեղտը, այդ չար կիրքը զորավոր է ու շատ: Նա այդ ժամանակ ավելի է խոնարհվում, մտածում է, որ իրեն օգնություն է պետք, իրեն փրկիչ է պետք, ու փնտրում, կանչում է Քրիստոսին:

Աստված պատրաստ սպասում է այսպիսի մարդկանց, թե երբ պիտի իրենց դուռը բացեն Քրիստոսի առաջ ու ներս հրավիրեն իրեն, որպեսզի իրենց կյանքը խավարից ու տառապանքից դառնա լույս ու ցնծություն:

Դրա համար զղջացող մարդը, նորից, վերստին, Աստծուց ծնվող մարդն է, ինչպես ավազակը խաչի վրա: Նա բարի գործեր չէր արել, այդ ցավի մեջ տեսավ իր մեղքը, ասաց՝ մենք մեր գործերի արժանին ենք ստանում: Ու երբ այդպես նորից ծնվելով դիմեց Քրիստոսին, նրանից լսեց Տիրական փրկչական խոսքերը՝ թե «այսօր ինձ հետ կլինես դրախտում» (Ղկ. 23:43):

Եթե Աստված ներեց, դուք էլ ներեք զղջացող մարդուն, գուրգուրեք ու փայփայեք նրան, որովհետեւ նա արդեն ուրիշ մարդ է, առաջվանը չէ: Աստված էլ մեր մեղքերը կների ու բոլորս կուրախանանք իրար հետ: Միայն թե սրտանց ներեք, այս ամենը հասկանալով ներեք, որովհետեւ այս կյանքը անսխալ ապրելու մասին չէ, այլ սեփական մեղքերը տեսնելով, զղջմամբ ու ապաշխարությամբ Աստծուն մոտենալու մասին:

Եկեք իրար ներենք ու օգնենք մեկս մեկիս փրկության գործում: Մեր երկնավոր Հայրը, դա տեսնելով, շատ է ուրախանում իր զավակների համար:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

04.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930