Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաշել է մազերից, խլել տեսախցիկը». լրագրողների աշխատանքը խոչընդոտած անձը դատի չի ներկայանում (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2017 11:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձանց գործով հերթական դատական նիստն էր՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Այս գործով տուժողներ են Araratnews.am կայքի լրագրող Շողիկ Գալստյանը եւ «Ազատություն» ռ/կ-ի լրագրող Սիսակ Գաբրիելյանը: Ամբաստանյալներն են Ջուլիետա Կոկոլյանը եւ Լևոն Գասպարյանը, որոնք մեղադրվում են 2017թ. ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ իրենց մասնագիտական լիազորություններն իրականացրած նշյալ լրագրողների հանդեպ բռնություն գործադրելու եւ այդ կերպ նրանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու մեջ:

Ջուլիետա Կոկոլյանը չեր ներկայացել, ինչպես եւ նախորդ նիստերում: Նրա շահերի պաշտպանը դատավորին տեղեկացրեց, որ վերջինս առողջական խնդիրներ ունի եւ դեռ երեք օր առաջ գտնվում էր հիվանդանոցում: Դատավորն էլ նկատեց, որ համապատասխան բժշկական փաստաթուղթ պետք է ներկայացնել, առավել եւս, որ Կոկոլյանն իր վիճակի մասին տեղեկացրել է ոչ թե անձամբ, այլ հեռախոսազանգի միջոցով, ապա որոշեց նրան բերման ենթարկելու որոշում կայացնել:

Դատարանի նման որոշում կա նաեւ այս գործով մի քանի վկաների հանդեպ, որոնք եւս չէին ներկայացել նիստին: Ամբաստանյալի բացակայությունը հաշվի առնելով՝ նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 19-ին, ժամը 16. 00-ին:

Aravot.am-ի հետ զրույցում տուժող լրագրողներից Շողիկ Գալստյանի (որը ներկայում մասնագիտական լիազորություններն է իրականացնում Factor TV-ում) շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Տոնոյանն (լուսանկարում) ընդգծեց. «Շողիկ Գալստյանի հանդեպ կիրառվել է ֆիզիկական բռնություն: Ջուլիետա Կոլոյանը քաշել է նրա մազերից եւ ձեռքից վերցրել տեսանկարահանող սարքը»:

Փաստաբանի խոսքով՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը պետք է պատժվի. «Ստացվում է, որ մեր երկրում այդ խնդիրը պարբերական բնույթ է կրում, եւ անընդհատ նման միջադեպեր են գրանցվում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930