Խոշորացվող համայնքերի բնակիչները թեեւ մասնակցում են ընտրություններին, սակայն դեմ են համայնքների միավորմանը: Լավ ղեկավար ու բարեկեցիկ կյանք ունենալու հույսով ընտրության էր եկել տիկին Մերին. «Ուզում եք լավ ղեկավար ունենանք, որ մեր գյուղն էլ մեր շրջանն էլ բարգավաճի, աշխատատեղեր ավելանան, էս երիտասարդներն աշխատեն, թե չէ մեղք չե՞նք»:
Տիկին Մերին դեմ է համայնքների խոշորացմանը: Ասում է՝ դեմ լինելու մի շարք պատճառներ ունի. «Նախ, ինչքան մարդ կկրճատվի, աշխատատեղեր են, թող մարդիկ աշխատեն էլի: Երկրորդը՝ ասենք, թե մեկին մի տեղեկանք է պետք, օրինակ Ծաթերի կամ Մղարթի բնակչին, ձյուն ձմեռով պտի գա հասնի էստեղ, որ վերցնի ու գնա: Դժվարության առաջ ենք կանգնում: Միայն պետությանն է ձեռնտու, որ խտանանք, մեզ դա բոլորովին ձեռնտու չի»:
Aravot.am-ի հետ զրույցում Ախթալա համայնքի բնակիչ Սուսաննա Մոսինյանը նույնպես ասաց, որ ինքը դեմ է համայնքների խոշորացմանը. «Չգիտեմ ինչ կլինի, խոշորացումը լավա, թե՞ վատ, միայն Աստոց գիտի: Ուղղակի իբր մարդիկ ապրում էին, էդ քանին էլ կրճատեցին: Ժողովրդի կես մասը դուրս մնաց աշխատանքից: Ես Ախթալայի բնակիչ եմ ով էլ լինի, նույնը պետք է լինի, ինձ համար տարբերություն չկա:
Ի տարբերություն բնակիչների Ախթալա համայնքի ղեկավարի թեկնածու Հայկազ Խաչիկյանը գտնում է, որ համայնքների խոշորացումն անհրաժեշտություն է: Նրա կարծիքով խոշորացումը ֆինանսական ռեսուրսների եւ պրոֆեսիոնալ աշխատակազմի կենտրոնացում է. «Գաղտնիք չէ, որ հատկապես փոքր համայնքներում դժվար է գտնել պրոֆեսիոնալ հաշվապահ, աշխատակազմի քարտուղար ու էլի շատ ու շատ մասնագետներ: Այն համայնքները, որտեղ կան լավ մասնագետներ, իրենք կարող են արդեն խոշորացված համայնքում աշխատել»:
Օձունի համայնքի ղեկավարի թեկնածու Անահիտ Հախինյանը, որ քարոզարշավի ընթացքում ահազանգում էր խախտումների մասին, ընտրության ընթացքից գոհ էր. «Քարոզարշավի ընթացքում շշուկներ կային, զանգում էին, նույնիսկ անանուն, չէին ներկայանում, ասում էին, որ գումարներ են բաժանվել: Բայց դե ես տալու ժամանակ չեմ տեսել: Ինչքան որ ուշադիր ենք եղել, ոնց որ չկա: Գյուղերում մարդիկ բոլորը դեմ էին էս խոշորացմանը, բայց ինչ կարող էինք անել»:
Օձունում ընտրական գործընթացը հսկում էին պարեկային ծառայության աշխատակիցները:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ