Ռուսաստանի յոթ քաղաքների՝ Մոսկվայի, Սանկտ-Պետերբուրգի, Կրասնոդարի, Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Պերմի, Սարատովի կենտրոններում այսօր երկրում «Артподготовка» արգելված շարժման կողմնակիցները բողոքի չարտոնված ցույցեր են անցկացրել: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, նրանք դուրս են եկել կենտրոնական փողոցներ՝ հեղաշրջում կազմակերպելու եւ Վլադիմիր Պուտինի հրաժարականին հասնելու:
Զանգվածային ձերբակալությունների ժամանակ ակցիայի մասնակիցներից ոմանց մոտ հայտնաբերվել են վնասվածք հասցնող սառը զենքի տարբեր տեսակներ, ինքնապաշտպանության միջոցներ, սաղավարտներ, հակագազեր եւ արգելված այլ պարագաներ: Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 350-ից ավելի մարդ:
ТАСС-ը մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքերը, որի կարծիքով այդպիսի զինատեսակը վկայում է, որ «մարդիկ հենց այնպես չեն եկել», – այլ՝ դիմադրություն ցույց տալու իրավապահ մարմիններին:
Ակցիան նախաձեռնել է Ռուսաստանում արգելված “Артподготовка” ինտերնետային ընդդիմադիր շարժման ղեկավար Վյաչեսլավ Մալցևը, որը գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ