Լրահոս
Օրվա լրահոսը

Անգործ ոստիկաններն ու լրագրողներին վիրավորող «լավ տղերքը»․ Ախուրյանում լարվածությունը հասել է գագաթնակետին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 05,2017 19:59

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շիրակի մարզի խոշորացվող համայնքներից ամենադաժան պայքարն ընթանում է Ախուրյանում։ Ախուրյանը երբևէ այսքան աշխույժ չի եղել, տաքսու վարորդներն էլ երբեք այսքան շատ հաճախորդ չեն ունեցել․ ընտրողներին ընտրատեղամասեր հիմնականում հասցնում են տաքսիներով։ Դիրիժորի դեր կատարող երիտասարդները չեն էլ թաքցնում, որ իրենք մարդկանց են սպասում, այսօր զբաղվելու են նրան ուղեկցելով։ Իսկ կարգը պահպանելու համար վարձատրվող ոստիկանները գրեթե անգործության են մատնված, նրանց աշխատանքն այսօր կատարել են լրագրողները։ Լրագրողներն էին մոտենում ոստիկաններին՝ ասելով, չե՞ք տեսնում կուտակումները, ինչո՞ւ եք թույլ տվել, որ 50 մետր շառավիղը չպահպանվի։ Մեր պահանջից հետո նոր միայն ոստիկանները գործի էին անցնում, կարգի հրավիրում առավոտից ընտրատեղամասերի դիմաց սպասողներին։

Ի դեպ, ընտրատեղամասի դիմաց հավաքվածներն առիթը բաց չէին թողնում վիրավորելու լրագրողներին, ամենաթեթև բառը, որ նետում էին մեր հասցեին « խուժանն» էր։ «Էս խուժանները որտեղի՞ց ծլան»,- նեղվեցին 32/1 ընտրատեղամաս ընտրող ապահովող երկու կանայք։

Իսկ թիվ 32/3 ընտրատեղամասում մի շատ տգեղ պատմություն սկսվեց կին լրագրողների ու ընտրատեղամասի դիմաց կանգնած տղամարդկանց միջև․ նրանք, մեզ տեսնելով սկսեցին ագրեսիվ տոնով արձագանքել․ «Չփորձեք մեզ նկարել»։ Հետո սկսեցին ծաղրել, թե «իսկը միլիցա եղնիք»։ Այնուհետ խմբով շարվեցին դիմացի մայթի մոտ, երբ լրագրողներից մեկը ընդհանուր տեսարանից կադրեր էր անում, նրանցից մեկը փորձեց ձեռքով փակել տեսախցիկը, նրա հաստափոր ընկերն էլ իրեն թույլ տվեց անպարկեշտ արտահայտություն անել լրագրողների հասցեին։

Թիվ 32/4 ընտրատեղամասում էլ ընտրելու հերթ էր․ընտրատեղամասի դռները համարյա թե կոտրում էին ընտրություն կատարելու համար։ Հանձնաժողովի նախագահ Գնել Մանուկյանը սա բացատրեց նրանով, որ թեկնածուները շատ են, ամեն մեկն իրենց կողմակիցներին է բերում ընտրատեղամաս։

Ի դեպ, որոշ թեկնածուներ ընտրատեղամաս էին եկել այնպիսի մեքենաներով, որոնց վրա փակցված էին իրենց ցուցապաստառները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930