Լոռու մարզի Ախթալա համայնքում եւս ՏԻՄ ընտրություններ են: Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են 3 թեկնածուներ՝ ՀՀԿ-ականեր Արկադի Թամազյանը, Հայկազ Խաչիկյանը եւ անկուսակցական Սուրեն Թամազյանը:
24/21 ընտրատեղամասում թեեւ ընտրողներն այդքան էլ ակտիվ չեն, փոխարենն ակտիվ են օգնողները: Այստեղ ընտրությանը մասնակցած 382 ընտրողից 50 ընտրողներ օգնության կարիք են ունեցել: Ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղար Անահիտ Ղազարյանի համար, այս ցուցանիշը կասկածելի է. «Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, եւ գիտեմ ով օգնության կարիք ունի, ով ոչ: 50 տոկոսն օգնության կարիք հաստատ չունի: Մի մասը ծերեր են, մյուս մասը՝ երիտասարդներ, որոնք հանկարծակի վատ են զգում: Ես Ախթալայից եմ ու բոլորին ճանաչում եմ: Օգնության կարիք ունի որոշ մասը, կեսից ոչ ավելին»:
Մինչդեռ թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Աթաբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընտրություններն անցնում են սահմանված կարգով, առանց խախտումների ու միջադեպերի: Նրա խոսքով՝ օգնողների շատ ու քիչ լինելու մասին եւս ահազանգեր չեն գրանցվել. «Ամեն ինչ նորմալ է, ոչ մի ահազանգ չունենք: Շրջում ենք բոլոր տեղամասերով, բոլոր տեղում նույն պատկերն է: Հանգիստ եւ նորմալ ընտրություններ են: Ճիշտն ասած ես չեմ տեսել, որ շատ են օգնողները, տենց ահազանգ էլ չենք ստացել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ