Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերեն չգիտեն, տառաճանաչ չեն, չեն կարողանում կարդալ». Ալագյազի գյուղապետը՝ ուրիշի օգնությամբ քվեարկողների մասին

Նոյեմբեր 05,2017 18:09

ՏԻՄ ընտրությունների ընթացքը առայժմ խաղաղ է, թեկնածուները որեւէ արտառոց միջադեպ, խախտումներ չեն նշում: Միայն Գեղարքունիքի ու Արագածոտնի մարզերի համայնքներում նկատում են, որ ընտրատեղամասում գալիս են ուղեկցողներով եւ շատ են դիմում օգնության, ասում են՝ միայնակ չենք կարող քվեարկել, չենք տեսնում, առողջական խնդիրներ ունենք ու դժվար է լինում վերահսկել՝ ով իրականում ունի այդ օգնության կարիքը, ով՝ ոչ: Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը շատ է միջամտում ընտրություններին, ահաբեկում է մարդկանց եւ հորդորում իր նախընտրած թեկնածուին ընտրել:

Նույն մարզի Ալագյազի ղեկավար Ազիզ Մհոյանից հետաքրքրվեցինք՝ Սարգիս Սահակյանը ձեր համայնքի համար չունի՞ նախընտրած թեկնածու եւ չի՞ ահաբեկում դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին: Նա պատասխանեց. «Իմ թիմի վրա նման բան չկա, որ ահաբեկեն, քարոզչություն տանեն: Ամեն ինչ նորմալ հունով ընթանում է, մասնակցությունն էլ նորմալ է, ակտիվ է, լավ է»: Հարցին՝ ճի՞շտ է, որ շատ-շատ են ուղեկցողներով ընտրատեղամաս եկողները՝ Մհոյանը պատասխանեց, որ ոչ, ինչ վերաբերում է ուրիշի օգնությամբ քվեարկողներին՝ համայնքապետն այսպես արդարացրեց. «Գիտեք, մարդիկ կան, որ դրսից են եկել, հայերեն չգիտեն, տառաճանաչ չեն, տառերը չգիտեն, չեն կարողանում կարդալ, տենց աներ, էլի: Բայց չեմ կարծում, որ շատ-շատ են»: Լոռու մարզի Շնող համայնքի գործող ղեկավար Դավիթ Ղումաշյանն էլ վստահեցրեց, որ իրենց համայնքում մասնակցությունը բարձր է, խախտումներ չկան:

Նա վստահեցրեց, որ իրենց համայնքում հայերեն էլ գիտեն, տառաճանաչ էլ են, հետեւաբար օգնողների դիմում են բացառապես մարդիկ, որոնք իսկապես առողջական խնդիրներ ունեն: Ժամը 17-ի դրությամբ քվեարկությանը, ըստ համայնքապետի, մասնակցել է ընտրողների 65-70 տոկոսը: Գեղարքունիքի մարզի Գեղաքար համայնքի ղեկավար Կարինե Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ քվեարկությունն «իր հունով գնում է», իսկ օգնության դիմում են մի քանի հոգի՝ տարեցները: Համայնքում արդեն ընտրությանը մասնակցել էր 79 մարդ: Մարտիրոսյանն ասաց, որ իրենց համայնքի բնակիչները երեւի գոհ են, որ ձայն են տալիս. «Եթե ընտրվեցի՝ կերեւա: Առաջիկա տարիներին խոստացել եմ ոռոգման, խմելու ջրի խնդիրներով զբաղվել»:

Արարատի մարզի Նշավան համայնքի ղեկավար Պապ Հակոբյանն էլ ասաց, որ այս ընտրություններում ոչ մի խախտում, որեւէ արտառոց բան չի եղել. «Որ լինի՝ կարձանագրենք: Մրցակցություն ունենք, նորմալ գնում է, գոհ ենք: Օգնողներին դիմում են մարդիկ, որոնց պետք է, մարդիկ կան՝ չեն տեսնում, տառերը չգիտեն»: Նա ասաց, որ բնակիչներին որեւէ խոստում չի տվել. «Իմ աշխատանքը առաջին անգամ չեն տեսնում, եթե գնահատում են՝ կընտրեն, ես էլ կաշխատեմ նորից իմ բնակիչների հույսերն արդարացնեմ»: Հարցին՝ եթե ճոխ խոստումներ չեք տալիս, ընտրակաշա՞ռք էլ չեք բաժանել՝ համայնքապետը ծիծաղեց. «Չէ, չէ, մեր մոտ տենց բաներ չկա, խոստումներ ի՞նչ տանք, աշխատանքը պիտի գնահատեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930