Շիրակի մարզի խոշորացվող համայնքներից ամենադաժան պայքարն այս պահին ընթանում է Ախուրյանում։ Այստեղ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են 6 թեկնածուներ՝ Ախուրյանի երկարատև գյուղապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանը, Ախուրյանի «Համալիր-մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն, անկուսակցական Լևոն Գեղամյանը, «Շիրակ» ջուր օգտագործողների ընկերության տեղամասի պետ Վանիկ Մկրտչյանը, որը Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանի եղբայրն է, անկուսակցական խանութատեր Գերասիմ Համբարյանը ու Կարեն Սերգոյանը, որի թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ն և որը գազի գրասենյակի վարպետն է, ինչպես նաև Բասեն գյուղի գյուղապետ, ՀՀԿ-ական Համլետ Պետրոսյանը։
Մրցակցությունն հիմնականում ընթանում է Ախուրյանի գյուղապետ, ՀՅԴ-ական Արծրուն Իգիթյանի և ԲՀԿ-ի թեկնածու Կարեն Սերգոյանի միջև։ Արծրուն Իգիթյանը, թեև ինքառաջադրվել է, սակայն նրան սատարում են թե՛ ՀՅԴ-ն, և թե՛ ՀՀԿ-ն։ Ավագանու 15 տեղի համար էլ պայքարում են 31 թեկնածուներ։
Ընտրություններն անցնում են բավական լարված․ Ախուրյանի բոլոր ընտրատեղամասերի դիմաց մարդկային կուտակումներ են, անգամ մեքենաներին կանգնելու տեղ չկա, տաքսիներով մարդկանց են բերում ընտրության, նույնիսկ ձեռնափայտերով տարեց մարդկանց են ուղեկցում ընտրատեղամասեր։ Գրեթե բոլոր ընտրատեղամասերի դիմաց այսպես ասած չափ տվողներ են կանգնած, որոնք ուղեկցում, ընդունում ու ճանապարհում են ընտրողներին։
Ախուրյանի 32/1 ընտրատեղամասի մի կողմում Արծրուն Իգիթյանի համակիրներ են հավաքված, մյուս կողմում էլ ԲՀԿ-ական թեկնածուին սատարող ջահելությունը։ Այս ընտրատեղամասը մյուսներից տարբերվում է թերևս նրանով, որ այստեղ «դիրիժորություն» էին անում երկու տարեց կանայք։ Նրանցից մեկը, մտավ ընտրատեղամաս, սակայն հանձնաժողովի նախագահը դուրս հրավիրեց՝ ասելով․«Դուք նոր չքվեարկեցի՞ք, դուրս եկեք»։
Երբ նրանից փորձեցինք իմանալ, թե ինչո՞ւ էր երկրորդ անգամ մտնում ընտրատեղամաս, տիկինը սպառնաց մեզ․ «Վրես շառ չհանես, հլը տեսնիմ ինձի նկարած, դատի կտամ, դուք հլը չգիտեք` ես ով եմ»։ Նրա հետ կանգնած մեկ այլ կին էլ նախազգուշացրեց․ «Հմի գնաց, մարդ կբերե վրեդ, որ սուտ զրպարտել ես»։ Տիկինը երկար ժամանակ չէր հեռանում ընտրատեղամասի բակից՝ լրագրողների հասցեին մերթընդմերթ վիրավորական արտահայտություններ նետելով։ Նրան ուղեկցող կինն էլ պատճառաբանեց, որ սպասում է հարազատները գան ընտրության, նրանք էլ ընտրեն, նոր նրանց հետ տաքսով հեռանա։ Երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր են այս մարդիկ, որոնց բերում եք ընտրատեղամաս , տիկինն ասաց․ «Ո՞ւմ ենք բերել, մենք ոչ մի մարդու չենք բերել, սուտ խոսալով չէ, զրպարտելով չէ, ես հեռու կանգնած եմ»։
Մեր հարցը, թե ո՞ր թեկնածու օգտին եք աշխատում, զայրացրեց տիկնոջը․«Աղջիկ ջան, որ թեկնածու չես, ինչի՞ ես ստեղ կանգնել, եկել ես, օր ինձ լրագրես, շատ էլ պետքս է, ոչ մարդ եմ բերել, ոչ մարդ եմ տարել, մարդկանց մի զրպարտեք, թողեք արդար ընտրություն լինի, ամոթ է»։
Հանձնաժողովի նախագահն երկրորդ անգամ ընտրատեղամաս մտնող տիկնոջ մասին ասաց, թե մտել էր ընկերուհու հետ՝ պարզելու այս ընտրատեղամասո՞ւմ է գրանցված, թե՞ չէ։ Ախուրյանում այսօր ամեն կերպ խոչընդոտում էին լրագրողների մասնագիտական գործունեությունը, նույնիսկ ընտրատեղամասերից մեկում թաղային խուժանը հայհոյանքներ հնչեցրեցին լրագրողների հասցեին, փորձեց փակել «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկը։
Հիշեցնենք, որ կմիավորվեն Ախուրյանի 8 գյուղերը (Ախուրյան, Կաղնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Կամո, Արևիկ, Այգաբաց), վարչական կենտրոնը կլինի Ախուրյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ