Այսօր Հայաստանում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Լոռու մարզի 61 համայնքի միավորման արդյունքում կստեղծվի 10 խոշորացվող համայնք։ Մարզի Օձուն համայնքին կմիանան՝ Այգեհատ, Արդվի, Արեւածագ, Ծաթեր, Կարմիր Աղեկ, Հագվի եւ Մղարթ համայնքները։
Օձունի թիվ 25/57 ընտրատեղամասում վաղ առավոտից ակտիվություն է նկատվում։ Այստեղ մարդիկ, թեև այս ընտրությունների հետ էլ հույս չեն կապում, միեւնույնն է իրար հերթ չտալով ընտրության են գալիս։
Սանասար պապն էլ, այս ընտրություններից ոչ մի ակնկալիք չունի. «Մինչեւ հմի ի՞նչ ա փոխվել, որ հմի ի՞նչ ըլի։ Ոչ մի բանի հույս էլ չունեմ։ Ձեռ ունես, գլուխդ քորի»։
25/57 ընտրատեղամասում ընտրողների ակտիվությանը զուգահեռ գնալով մեծանում է նաեւ օգնության կարիք ունեցող անձանց թիվը։ «Վերջին շրջանում հայ ազգի մոտ մոդայիկ է դարձել ընտրական շրջանում մտավոր, տեսողական ու լսողության խնդիրներ ունենալը։ Շատ են օգնողները, ուղղակի սահմանված կարգ է, իրավունք չունեմ խոչընդոտել ու չթողնել, որ օգնեն»,- ասում է ընտրատեղամասի նախագահ Արմեն Հովասափյանը։
Ընտրատեղամասի նախագահը 60 տոկոս մասնակցություն է ակնկալում։
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ