Ամերիկյան այս աղանդերն ունի պատրաստման բազմաթիվ եղանակներ, հարյուրավոր բաղադրատոմսեր, սակայն կան հիմնական մի քանի «կանոններ», որոնք բրաունին բրաունի են դարձնում: Նախ` շոկոլադի կամ կակաոյի առատությունը. հենց անունը «բրաունի»` brown (շագանակագույն) բառից է, որը հուշում է, որ խմորեղենը մուգ գույն ունի: Այս թխվածքի մեջ սոդան կամ փխրեցուցիչը տեղ չունի, հետեւաբար, այն չի կարող լինել շատ բարձր եւ թեթեւ: Ալյուրի քանակն էլ բավականին քիչ պետք է լինի` կակաոյի փոշին լրացնում է ալյուրի տեղը: Եվ վերջին պայմանը` բրաունին չի ընդունում մարգարինի գոյությունն իր կյանքում, այնպես որ` կարագ եւ միայն կարագ:
Առաջարկում եմ բրաունիի մի շատ հաջող եւ փորձված տարբերակ:
Անհրաժեշտ մթերքները
Կարագ- 200 գրամ
Բուսական յուղ- 2 ճաշի գդալ
Շագանակագույն շաքարավազ- 3/4 բաժակ
Սպիտակ շաքարավազ-3/4 բաժակ
Ձու-4-5 հատ (կախված չափսից)
Ալյուր- 1 բաժակ
Կակաոյի փոշի-3/4 բաժակ
Աղ- կես թեյի գդալ
Դառը սեւ շոկոլադ- 150 գրամ
Պատրաստման եղանակը
Կարագը հալեցրեք: Կարագը, 2 ճաշի գդալ բուսական յուղը, շագանակագույն եւ սպիտակ շաքարավազները միասին լավ հարեք: Հատիկ-հատիկ ավելացրեք հավկիթները: Ապա ավելացրեք ալյուրն ու կակաոյի փոշին եւ աղը: 100 գրամ շոկոլադը նույնպես հալեցրեք եւ ավելացրեք խմորին (կարող եք շոկոլադը հալեցնել կարագի հետ միաժամանակ): Մնացած 50 գրամ շոկոլադը մանրեք եւ ավելացրեք խմորին:
Ջեռոցը նախապես միացրեք 170 աստիճանի վրա:
Ուղղանկյուն տապակի հատակին դրեք յուղաթերթ եւ վրան լցրեք խմորը: Քանի որ բավականին պինդ խմոր է, ինքն իրեն չի տարածվի, տարածեք հավասարաչափ: Դրեք ջեռոցը 35-40 րոպեով: Բրաունիի երեսը պետք է եփված լինի, ձեռքը չկպչի, սակայն միջուկը պետք է բավականին թացոտ լինի: Հանեք ջեռոցից եւ թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում, որից հետո կարող եք կտրատել փոքրիկ քառակուսի կտորների եւ մատուցել: Բրաունին մատուցում են պաղպաղակի, հարած սերուցքի հետ, կամ պարզապես` մի բաժակ սուրճի կամ թեյի:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ