Գագիկ Ծառուկյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Պրահայում: Նրա գլխավորությամբ ՀԱՕԿ պատվիրակությունը մասնակցում էր Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի 22-րդ գլխավոր համաժողովին, որն այս տարի ռեկորդային թվով մասնակցություն է ունեցել՝ աշխարհի 207 երկրի շուրջ 1500 ներկայացուցիչ:
Մինչեւ համաժողովի աշխատանքների մեկնարկելը, ՀԱՕԿ նախագահին որպես պատվավոր հյուրի ընդունել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի (ԱՕԿԱ) նախագահ շեյխ Ահմադ Ալ Ֆահադ Ալ Սաբահը՝ նշելով, որ չնայած մեկ ամիս է անցել Հայաստան կատարած իր վերջին այցից, սակայն ինքն անչափ ուրախ է կրկին տեսնել իր լավագույն ընկերոջը եւ խոսել միջազգային օլիմպիական ընտանիքի ձեռքբերումների մասին, միասնաբար քննարկել առաջիկա անելիքները: Շեյխ Ալ Սաբահը նաեւ շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին՝ Ալբանիայում կայացած ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկների փայլուն հաղթարշավի կապակցությամբ:
Համաժողովում խոսվել է ԱՕԿԱ-ի ձեռքբերումների մասին, բարձրացվել են համաշխարհային սպորտում առկա խնդիրները նախանշվել դրանք հաղթահարելու ուղիները: Առանձնակի անդրադարձ է եղել դոպինգ չարիքին եւ դրա դեմ պայքարելու անհրաժեշտությանը:
Բացի համաժողովի աշխատանքներին մասնակցելուց Գագիկ Ծառուկյանը գործնական հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների օլիմպիական կոմիտեների եւ մարզական կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ