Լրահոս
Օրվա լրահոսը

Կովկասի Սև այգին. CNN Greek-ի ֆիլմն Արցախի մասին (հայերեն թարգմանությամբ)

Նոյեմբեր 04,2017 17:14

«CNN Greece»-ը Արցախի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստել, որը նվիրված է Արցախին ու նրա ինքնորոշման պայքարի պատմությանը։

«Մայրս պատմում է, որ ես նորմալ պայմաններում չեմ ծնվել, օրինակ՝ հիվանդանոցում, ինչպես ընդունված է։ Ես ծնվել եմ նկուղում, քանի որ այդ ժամանակ երեխաների լույս աշխարհ գալու համար հնարավորություն առհասարակ չի եղել։ Ես արևի լույսի կարիք ունեի, բայց չէի կարող դուրս գնալ, որովհետև դա վտանգավոր էր կյանքի համար։ Կարծում եմ, այս պատմությունն ընդհանուր է բոլոր այն ընտանիքների համար, որոնք չլքեցին Ստեփանակերտն ու մնացին այնտեղ ամբողջ պատերազմի ընթացքում։ Այն ժամանակ ողջ բնակչությունն ապրում էր նկուղներում», – այս մասին պատմում է արցախյան պատերազմի տարիներին Ստեփանակերտում ծնված Արեգա Հովսեփյանը՝ ֆիլմում:

Ֆիլմի հեղինակը պատերազմական թեմաներ լուսաբանող հայտնի հույն լրագրող Մարիա Կարչիլակին է, ով «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային ՀԿ-ի աջակցությամբ այս տարվա սեպտեմբերին այցելել է Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ:

Նրա նկարահանած ֆիլմը առաջին փաստավավերագրական նյութն է Արցախի պատերազմի վերաբերյալ, որը երբևէ ցուցադրվել է հունական մեդիադաշտում:

Ֆիլմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի պատմությունը, աշխարհագրությունն ու բնակչությունը, ժամանակին Ադրբեջանի կազմում հայտնվելու հանգամանքներն ու ինքնորոշման պայքարի ուղին։ Ֆիլմի հերոսներն են տեղի բնակիչներ, Արցախի հունական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, ովքեր պատմում ու բնութագրում են արցախյան հակամարտության էություն ու դրա կարգավորման գործընթացը։

«1991թ-ին՝ Արեգայի ծնվելու ժամանակ, Լեռնային Ղարաբաղը անջատվեց Ադրբեջանին, որի կազմի մեջ այն ընդգրկվել էր քաղաքական նպատակներով Ստալինի կողմից 1923թ-ին՝ իբրև ինքնավար մարզ: Արեգայի ծնողները, ինչպես նաև Ղարաբաղի բնակչության հիմնական մասը կազմող հայերի գերակշիռ մեծամասնությունը հանրաքվեի ժամանակ քվեարկեց Ղարաբաղի անկախության օգտին: Մարզում փոքրամասնություն կազմող ադրբեջանական բնակչությունը բոյկոտեց հանրաքվեի արդյունքները: Ռազմական գործողություններն ընդդեմ ադրբեջանցիների սկսվեցին 1988թ-ին և վերածվեցին Երևանի ու Բաքվի միջև լայնամասշտաբ պատերազմի: Հազարավոր մարդիկ զոհվեցին, հազարավորները տեղահան եղան: Այստեղ ամեն քայլափոխի կարելի է հանդիպել ցավի ու տառապանքի մասին պատմությունների», – պատմում է ֆիլմի հեղինակը, ապա շարունակում. – «1994թ-ին կնքված զինադադարի համաձայնության արդյունքում հայկական ուժերը վերահսկողություն սահմանեցին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դրան հարակից մի շարք շրջանների նկատմամբ: Մինչ այդ, հակամարտությունը մտավ անորոշ շրջափուլ և «սառեցվեց»: Սակայն 2016թ-ի ապրիլին պատերազմի քառօրյա բռնկումը ցույց տվեց, որ հակամարտությունը կրկին տաքանում է՝ դառնալով իրական սպառնալիք Հարավային Կովկասի կայունության համար»:

«Տարածաշրջանում կան զինված ուժեր, որոնց միջև առկա հակամարտությունը ցանկացած փոքրիկ միջադեպից կարող է վերածվել լայնածավալ մարտական գործողության․ մենք դա գիտակցում ու նախապատրաստվում ենք», – նշում է Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը՝ Մարիա Կարչիլակիին ներկայացնելով ռազմաճակատում տիրող դրությունը:

Մեկնելով առաջնագիծ և ծանոթանալով մարտական հերթապահություն իրականացնող զինվորների հետ, տեսնելով Մարտակերտում ու Թալիշում քառօրյա պատերազմի թողած հետքերը` հեղինակը նշում է. «Զինվորները շատ երիտասարդ են՝ ծնված 90-ականների պատերազմից հետո մի երկրում, որն իրենք անվանում են Արցախ, որն արտահայտում է տարածաշրջանի հայկականության հիմքերը: Սովետական անվանումը, որը նշանակում է «Լեռնային սև այգի», ունի ռուսական, թուրքական և պարսկական ծագում: Այդ երիտասարդները մեծացել են մի երկրում, որն իրեն հռչակել է անկախ, սակայն ՄԱԿ-ի անդամ որևէ երկիր մինչ օրս չի ճանաչել այդ անկախությունը: Նրանք ապրում են պատերազմով, բայց առաջ են շարժվում խաղաղությամբ»:

«Բոլորիս ընտանիքներում էլ պատրաստ են, որ կարող է դժբախտություն պատահել մեզ հետ: Իմ կարծիքով՝ հակառակորդի մոտ, երբ քաղաքական իրավիճակը սրվում է, կամ Ադրբեջանի ներկա իշխանությունը չի կարողանում հաջողության հասնել իրենց իսկ երկրում, սկսում են իրավիճակը լարել առաջնագծում, պատերազմական վիճակ են խաղարկում իրենց ազգաբնակչությանը հանդարտեցնելու նպատակով», – մարտական հենակետում նկարահանող խմբի հետ զրույցում նշում է մայոր Ռուդիկ Հակոբյանը։

Թալիշում հեղինակը հիշատակում է ադրբեջանցի զինվորականների բարբարոսությունը ծեր ամուսինների նկատմամբ, նշում, որ այդ դեպքերից հետո գյուղը լքվել է: Այցելելով ավերված դպրոց ու Խալափյանների տուն՝ Մարիա Կարչիլակին հիշատակում է հայկական լրատվամիջոցների հրապարակումները ադրբեջանցի զավթիչների վանդալիզմի մասին և անդրադարձել արցախցիների հոգեբանության ու երկրի քաղաքական իրադրության վրա ապրիլյան պատերազմի թողած հետևանքներին.

«2016թ-ին մենք դա նորից տեսանք․ սահմանին արդեն կանգնած էր իմ սերունդը, իմ ընկերները, իմ եղբայրները, ու այս առումով կոնֆլիկտն ինձ համար ավելի շոշափելի դարձավ», – նշում է Արեգա Հովսեփյանը։

Նրա մայրը՝ Լարիսան, ատելով պատերազմը, խոստովանում է, որ վերաբերմունքը փոխել է ադրբեջանցիների նկատմամբ․

«Շարժումը սկսվել ա, ես իրենց հանդեպ բան չեմ արել, անգամ պապաս որ գերի ա ընկել, հետո դուրս ա եկել, ես պացիֆիստ եմ, կռվի դեմ եմ եղել, բայց հիմա, երբ սահմանում 18-19 տարեկան երեխեք են զոհվում, ես արդեն չեմ կարող տանել դա, հայացքներս փոխվում են»։

«Արցախի բնակչության վրա կարելի է զգալ, որ դիրքորոշումը զգալի չափով կոշտացել է ու համարյա չեղած վստահությունը կրկին հասել է զրոյի», – ասում է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ֆիլմում ներկայանում են նաև Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող «Halo Trust» առաքելության մասնակիցները, ովքեր պատմում են իրենց առաքելության, վտանգավոր աշխատանքի մասին և ցույց են տալիս այն մահաբեր ականները, որոնց պայթյունը կարող է վերջույթների կորստի պատճառ դառնալ, իսկ երեխաների համար լինել մահացու։

«Շատերին հետաքրքիր է, թե ինչո՞ւ մենք ուղղակի չենք ուղենշում վտանգավոր ականապատ տարածքները, և տեղի բնակիչները ինչո՞ւ ուղղակի չեն խուսափում այդ տեղանքից: Նման դեպքերում ես ասում եմ, որ արցախցիներն ուղղակի ստիպված են մուտք գործել այդ վտանգավոր տարածքները, քանզի այլ ելք չունեն։ Այստեղ չկան զարգացած տնտեսական ենթակառուցվածքներ, մարդիկ ունեն աշխատանքի խնդիր, և հողի ամեն քառակուսի մետրը օգտագործվում է, պետք է մարդկանց, ահա թե ինչու են նրանք ստիպված լինում մուտք գործել ականապատված տարածքներ», – նշում է «Halo Trust» առաքելության անդամ Լոս Անջելեսից ժամանած, ազգությամբ հայ Ամասիա Զաքարյանը։

Ֆիլմի հեղինակները Շուշիում բացահայտել են նաև տեղացի մի քանի հույն ընտանիքների, որոնք կազմում են Արցախի սակավամարդ հունական համայնքը։ Շուշիի բնակիչ, արմատներով հույն Նինա Ավանեսյանը պատմում է, որ ինքը և՛ հայերին, և՛ հույներին հավասարաչափ սիրում ու գնահատում է՝ անկեղծորեն խոստովանելով, որ կշեռքի ոչ մի նժար ծանրություն չունի մյուսի նկատմամբ։

«Այն ժամանակ պատերազմ էր, եղբայրս էլ պատերազմում էր, մայրս չէր կարող երեխաներին կիսել՝ մեկին տանել, մյուսին թողնել», – պատմում է Ավանեսյանը՝ մեկնաբանելով, թե ինչու է մնացել Շուշիում և չի հեռացել Արցախից։

«Ցավոք շատ քչացել է հունական համայնքը։ Մինչև վերջին երկու տարին համայնքը ղեկավարում էր հայրս, հետո ես եմ ղեկավարում։ Հիմա էլ զտարյուն հույն միայն պապս է մնացել ամբողջ Ղարաբաղում։ Ներկայում մոտ 20 ընտանիք է գրանցված՝ հունահայ, խառը ընտանիքներ», – պատմում է Արցախի հունական համայնքի ղեկավար Սոֆիա Իվանիդիսը և շարունակում․ – «Ոչ միայն ես, այլև բոլոր ղարաբաղցիները, եթե բարձրաձայնենք, կասենք՝ մեր արդար պահանջը լսեք ու ականջ դրեք։ Պատմական փաստեր են, որ խեղաթյուրել չի կարելի։ Մենք եղել ենք Հայաստանի մասնկիը, մենք հայ ենք, մեր քարերն էլ են հայ,մեր լռակյաց քարերն էլ են հայերեն խոսում, պարզապես թող աշխարհը ճանաչի մեր անկախությունը ու թողնի, որ հանգիստ արարենք»։

Ֆիլմում հեղինակն անդրադարձ է կատարում զինված հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, նշում, որ այն վերապահված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ միաժամանակ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղն ուղղակիորեն չի մասնակցում բանակցային սեղանի քննարկումներին։

«Այդ մասին բազմիցս պաշտոնական հայտարարություներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության պատասխանատուները, ողջունելի է նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն էլ են իրենց մեջ այդ կարծիքը կրում, որովհետև այս տարիների ընթացքում հնարավորություն ունեցել են այս հակամարտության խորքերը թափանցելու ու եկել են այն տրամաբանական եզրակացությանը, որ իրականում առանց Արցախի Հանրապետության մասնակցության այս խնդիրը չի կարող լուծվել», – նշում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հեղինակի հետ բացառիկ հարցազրույցում։

«Ադրբեջանը չի քննարկում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու տարբերակը և մեղադրում է հայաստանին իր տարածքի մի մասը գրավելու մեջ՝ ոտնահարելով ՄԱԿ-ի բանաձևերը», – նշում է հեղինակը և ապա ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ քննարկում հարցի իրավական կողմը և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած հայտնի բանաձևերին, որոնք ադրբեջանական կողմը հաճախ է հիշատակում.

«Անվտանգության խորհրդի բանաձևերի բովանդակությունը չի կարելի մեկնաբանել դրանց ընդունման կոնտեքստից առանձին։ Բանաձևն ընդունվել է մի իրավիճակում, երբ Ադրբեջանը շարունակաբար ուժ էր գործադրում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ։ Դրա առաջին պահանջն է՝ բոլոր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում, ինչը երբեք տեղի չունեցավ․ Ադրբեջանը շարունակեց գրոհել՝ ձգտելով ստիպել տեղի հայ բնակչությանը լքել այն հողերը, որտեղ նրանք հազարամյակներ շարունակ ապրել են։ Արցախցիները, բնականաբար, դա չարեցին։ Բանաձևի երկրորդ պահանջը վերաբերում է Լեռնային ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը ցրելուն, բայց դա էլ հնարավոր չէր իրագործել, քանի որ Ադրբեջանը շարունակում էր ուժ կիրառել։ Ուստի այս բանաձևերն ավարտվեցին հրադադարի մասին համաձայնությամբ, որը ստորագրվեց երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի միջև։ Սա է իրականությունը»։

Վիգեն Սարգսյանը նաև խոսել է այն հետևությունների մասին, որոնք արել է հայկական կողմը 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո. «Շատ կարևոր է հիշել, որ ռազմական գործում ցանկացած վարժանք ունի ուսուցողական բաղադրիչ և եզրակացություն անելու հիմքեր։ Ակնհայտորեն 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած մարտական գործողությունը բազմաթիվ խնդիրներ վեր հանեց թե՛ հակառակորդի սպառազինության հնարավորությունների, թե՛ դրանց դիմագրավելու համար անհրաժեշտ միջոցների, և թե սահմանի պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»։

Պատասխանելով հակամարտության լուծման խնդրում Եվրամիության դերակատարության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանը նշում է, որ Եվրոպական տարբեր ծրագրերում ու համագործակցային ձևաչափերում Հայաստանի ներգրավվածությունը բավականին խորը հիմքեր ու պատմություն ունի. «Մենք ակտիվորեն ներգրավված ենք ԵՄ-ի հետ համագործակցային բազմաթիվ ծրագրերում՝ Արևելյան գործընկերություն և ոչ միայն։ Զարգացած են բազմակողմանի հարաբերություններ ԵՄ անդամ շատ երկրների հետ։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ԵՄ-ն ամբողջական պատկերացում ունենա իրավիճակի մասին ու լիովին հասկանա իրավիճակի նրբությունները։ Ուստի շատ կարևոր է, որ ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը ժամանի Արցախ ու հանգամանորեն ներկայացնի անդամ պետություններին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում։ Եվրոպական միությունն ունի ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման դրական օրինակներ և այդ փորձի նկատմամբ դրական վերաբերմունք տարածելու մեծ ներուժ ունի»։

Ֆիլմի վերջին մասում հեղինակը զրուցում է Դավիթի ՝ հայկական արմատներով հույն երիտասարդի հետ, ով ծնվել ու մեծացել է Հունաստանում, սակայն տնտեսական ճգնաժամի պատճառով որոշել է ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան: նա պատմում է ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, թե ինչպես էին մարդիկ աջակցում ու օգնություն ուղարկում Ղարաբաղում գտնվող զինվորներին ու մարդկանց: Նա խոսում է պատերազմի վետերանների ու քառօրյայի ժամանակ նրանց ունեցած մեծ ներդրման մասին: Ապա Դավիթի ընկերը՝ Հայկ Միրզոյանը, պատմում է շփման գծում իր ունեցած փորձառության և իր ընկերոջը կորցնելու մասին: Ըստ Հայկի՝ դա նրան ստիպեց խորանալ երաժշտության մեջ ու ավելի լուրջ զբաղվել այդ գործով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Երբ ռուսները եվ հոյները որոնք պատմության, մշակոյթի եվ կրոնի իմաստով մօտ են հայերիս ու լավապես տեղյակ են մեր պատմությանը, ոչ մէկ լուրջ օգնություն չեն ցուցաբերում Արցախի հարցի լուծմանը, մյուսներից ի’նչ պետք է սպասել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930