Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում նոյեմբերի 9-ին հայտնի ջութակահար Դեյվիդ Նեբելը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում: Մինչ երևանյան համերգը Նեբելը տեսաուղերձ է հղել հայ հանդիսատեսին:
«Հաջորդ շաբաթ առաջին անգամ Հայաստան եմ գալու: Անհամբեր սպասում եմ այցիս: Ես եզակի հնարավորություն եմ ունենալու հանդես գալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ֆանտաստիկ մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ: Կատարելու եմ Բեթհովենի Ջութակի կոնցերտը, դրան հաջորդելու է Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 6-ը: Միացեք մեզ, ես ուրախ կլինեմ ձեզ տեսնելու այնտեղ: Սպասում եմ ձեզ նոյեմբերի 9-ին»,- իր տեսաուղերձում նշում է Նեբելը:
Դեյվիդ Նեբելը ծնվել է 1996 թ. Ցյուրխում, 5 տարեկանում սկսել է ջութակ նվագել: «Պատանի ջութակահար՝ խոստումնալից հեռանկարներով». այսպիսին էր Neue Zürcher Zeitung-ի նյութի վերնագիրը Camerata Zürich-ի հետ Դեյվիդի առաջին մենահամերգի մասին: Նա 9 տարեկան էր և կատարեց Վիվալդիի «Տարվա եղանակները»: 2009թ. Նեբելը Շվեյցարիայի երիտասարդական երաժշտական մրցույթում շահեց առաջին մրցանակը և մենահամերգով հանդես եկավ Ցյուրիխի Tonhalle-ում:
Դեյվիդը LGT Young Soloists անսամբլի հիմնադիր անդամներից է, հանդես է գալիս որպես մենակատար, ինչպես նաև նվագակցող կոլեկտիվի՝ Եվրոպայում և Ասիայում կազմակերպվող համերգային շրջագայությունների ընթացքում:
Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտական այս տոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամների աջակցությամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի հաղորդագրություն
https://www.youtube.com/watch?v=NuLjeg_lvIw