2017թ.-ը խաղողագործները սակավ տարի են որակում. բերքը 40-45%-ով պակաս էր՝ նախորդ տարվա համեմատ: «Հայաստանի խաղողագործների միության» տվյալներով՝ այս տարի մթերվել է 65.000 տոննա տեխնիկական սորտի՝ գինու եւ կոնյակի համար մշակվող խաղող: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց միության նախագահ Արտակ Սարգսյանը: Նրա բնորոշմամբ՝ վերամշակող ընկերությունների շրջանում խաղողի պահանջարկ կա, բայց մթերման գործարանային գինն այս տարի եղել է 110 դրամ՝ նախորդ տարվա 130-ի փոխարեն:
«Փոխանակ պահանջարկից ելնելով՝ գինը բարձրացնեին, իջեցրին: Պարզ է, որ ինչ-որ ուժ, չասեմ՝ «մոնոպոլիա», կարողանում է իր կամքը թելադրել եւ իր ուզած գնով խաղող գնել գյուղացուց: Խաղողագործը պետք է համարժեք վարձատրվի, մինչդեռ անգամ վճարունակ չէ»,-փաստեց Արտակ Սարգսյանը:
Նա նշեց՝ մթերող ընկերությունները պարծենում են, թե՝ եթե անգամ ՀՀ-ում յոթ տարի խաղողի բերք չլինի, խաղողի անհրաժեշտ հումքը պահեստավորված է: «Դրանք «լոլոներ» են…Խաղողի պահանջարկ միշտ կա»,-պնդեց Արտակ Սարգսյանը
Նա նաեւ անդրադարձավ ռուսական շուկայում վերջերս հայտնված հայկական կեղծ կոնյակների փաստին՝ նշելով, որ ռուսական կողմի խստացումներին զուգահեռ՝ կեղծ հումքով ստացված ապրանքներն աստիճանաբար դուրս են գալիս շրջանառությունից. «Դա ձեռնտու է խաղողագործներին, թեեւ այսօր էլ շուկայում առկա են կեղծ կոնյակներ: Պատկան մարմինները պետք է զբաղվեն խնդրով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ