2009 թ.-ից 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ համարվող Ս. Գ.-ին ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը վերադասության կարգով վերափորձաքննության արդյունքում 2017 թ. մայիսի 16-ի որոշմամբ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչել: Մինչ այդ՝ 2017 թ. մարտի 27-ին, հերթական վերափորձաքննության ժամանակ Ս. Գ.-ն ճանաչվել էր անժամկետ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ: Ս. Գ.-ի փոխանցմամբ՝ վերափորձաքննության նպատակով 2017 թ. մայիսի 4-ին նա հրավիրվել է Գործակալություն, որտեղ իմանալով, որ վերջինս աշխատում է, պահանջել են տեղեկանք նրա աշխատավայրից:
Տեղեկանքը Գործակալություն ներկայացնելուց օրեր անց որոշում են կայացրել հաշմանդամություն չսահմանելու մասին: Ընդ որում՝ որևէ այլ հետազոտության Ս. Գ.-ին Գործակալությունից չեն ուղեգրել, բավարարվել են միայն զարկերակային ճնշումը չափելով, որը չէր կարող հիմք հանդիսանալ նման որոշում կայացնելու համար: Այդ դեպքում որոշում կայացնելու համար պետք է հիմք ծառայեին բժշկասոցիալական փորձաքննության գործում առկա փաստաթղթերը, որոնց համաձայն՝ Ս. Գ.-ն նախկինում հաշմանդամության երրորդ կարգ է ստացել, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող անձ չճանաչելու որևէ հիմք Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի ունեցել:
Գործակալությունը Ս. Գ.-ին վերադասության կարգով վերափորձաքննելու իրավունք ևս չի ունեցել: Վերադասության կարգով վերափորձաքննություն կարող էր իրականացվել կամ հաշմանդամություն ունեցող անձի դիմումի համաձայն, կամ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի նախաձեռնությամբ, եթե փորձաքննական որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք է հայտնաբերվել կամ հաշմանդամության խմբի որոշման սահմանված կարգի խախտում է եղել: Տվյալ դեպքում այս նախապայմաններից որևէ մեկը առկա չի եղել: Հաշվի առնելով այն, որ հաշմադամության կարգ չսահմանելու՝ ՀՀ Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2017 թ. մայիսի 16-ի որոշումը կայացվել է ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում` Ս. Գ.-ն դրա դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան: Դատական նիստը նշանակված է 2017 թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ