«Վախից նման բան չի լինում: Ֆիզիկական բռնության եւ զգայական կոնտակտի դեպքում հնարավոր են նման խանգարումներ»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով մամուլում առկա տեղեկություններին, որ Արմավիրի մանկապարտեզում օրերս պատանդառված երեխան խոսքի խանգարումներ ունի, ասաց հոգեբան Արկադի Մեհրաբյանը:
Անդրադառնալով «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» աղմկահարույց օրինագծին՝ մասնագետը բռնության առավել ակնառու դեպքեր առանձնացրեց, որոնց առնչվում է գործնականում. «Տեսակցության արգելքի մասին է խոսքը, երբ մայրն, օրինակ, հորն արգելում է տեսնել երեխային, չնայած կա դատարանի որոշում: Ծնողները երեխային սարքելով գործիք եւ միմյանց դեմ զենք` փորձում են իրենց շահերն առաջ տանել»:
Արկադի Մեհրաբյանի խոսքով՝ տեսակցելու արգելքը եւս բռնություն է, որն ազդում է երեխայի կամարտահայտության, ցանկությունների վրա. «Երեխային զոմբիացնում են, վախեցնում, ռոբոտացնում: Որքան քիչ է մանկահասակ երեխայի՝ հորը չտեսնելու ցանկությունը, այնքան շատ են նրան ճնշել: Պարտադիր չէ բռնության ենթարկած լինեն, բայց լավ վախեցրել են»:
Մանրամասն՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ