Նոյեմբեր 3-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին:
Վերջիններս խորին երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմ կատարած Հովվապետական այցին ընթացքին առանձին հանդիպման հնարավորության համար, ներկայացնելով Հայ Ավետարանական Եկեղեցու և ԱՀԱԸ գործունեությունը: Նրանք գոհունակությամբ անդրադարձան Մայր Եկեղեցու հետ գործակցությանը և ապագայի համար պատրաստակամություն հայտնեցին առավել ջանքեր ներդնել աշխարհասփյուռ հայության կյանքում հոգևոր միության հասնելու համար` արձագանքելով մեկ լինելու Տիրոջ պատգամին:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հանդիպման համար և իր օրհնության ու գնահատանաց խոսքն ուղղեց Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը հատկապես ընդգծեց վերջին շրջանում Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միության մեջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարավոր է ամրապնդել համազգային միասնականությունը, վերականգնել հոգևոր կյանքի միությունը:
Խոսքը եզրափակելով՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին նոր արդյունքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները՝ հանուն Հայրենիքի զորացման և աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի