Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից մահացած ամերիկացի կամավորը հայերեն էր սովորում և ցանկանում էր զարգացնել Հայաստանի փոքր քաղաքները

Նոյեմբեր 04,2017 00:11

Հաննա Հանթլիի մահվան լուրը սարսափեցրեց ինձ: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էինք հանդիպել և մի քանի օր առաջ հեռախոսով զրուցել: 23-ամյա Հաննան ամերիկացի կամավոր էր, որին հանդիպել էինք Սևանի «Բոհեմ» թեյատուն-արվեստանոցում: «Բոհեմ»-ը փոքրիկ հարմարավետ թեյատուն է Սևան քաղաքի կենտրոնում, որի աշխատանքներին հիմնականանում ներգրավված են կամավորներ:

Մինչ մեր լուսանկարիչը լուսանկարահանում էր թեյատունը, ես ու Հաննան մի փոքր զրույց ունեցանք՝ թեյատան դիմաց՝ աշնան արևի ճառագայթների տակ: Հաննան Հայաստան էր եկել մարտին ու այստեղ պատրաստվում էր երկու տարի անցկացնել:

Հաննան անկեղծացավ, որ ի սկզբանե ցանկանում էր Ուկրաինայի պես մի երկիր գնալ, և ընդհանրապես գաղափար չուներ Հայաստանի մասին: Սակայն Հայաստան այցելելուց հետո չէր հիասթափվել, ավելին՝ իրեն շատ էր դուր եկել, և արդեն հասցրել էր Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերը տեսնել:

Հաննան շատ ծրագրեր ուներ Հայաստանի հետ կապված, զարմացած էր, թե ինչու հայաստանցիները կենտրոնացել են Երևանում և չեն զարգացնում այլ քաղաքները ևս: Ինքը Սևան քաղաքը շատ էր սիրում, ուղղակի բողոքում էր որ մի քիչ ցուրտ էր: Բայց դրա լուծումն էլ էր գտել՝ հագնում ես հնարավորինս տաք շորեր և խնդիրը լուծվում է: Իր կարծիքով՝ Հայաստանի արտագաղթը կանգնացնելու լուծումներից մեկը Երևանից բացի այլ քաղաքներում ներուժը կենտրոնացնելն է: Ինձ ևս խորհուրդ տվեց Երևանից տեղափոխվել այլ քաղաք և փորձել փոխել այնտեղի իրականությունը:

Հաննան շատ էր ոգևորված «Բոհեմ» նախագծով: Մեծ հաճույքով էր պատմում թեյատան աշխատանքների մասին, Սևանի բնակիչների մասին, թե ինչպես է այն դառել սևանցիների համար այն երրորդ տարածքը, որտեղ ընտանիքներով գնում են ժամանակ անցկացնելու: Հաննան շատ ուրախ էր, որ իրենք կարողացել են փոխել մարդկանց պատկերացումները սրճարանների վերաբերյալ, և մարդիկ գալիս են իրենց մոտ լավ երաժշտություն լսելու, թեյ ըմպելու և միմյանց հետ շփվելու համար:

Երբ լուսանկարիչը մոտեցավ ու խնդրեց թարգմանել Հաննային, որ ներս մտնի, որպեսզի իրեն էլ լուսանկարահանենք, նա ինձ զարմացրեց, երբ շարունակեց նախադասությունս: Հաննան այստեղ հայերեն էր սովորում, հայերեն հասկանում և խոսում էր:

Երբ մուտք գործեցի համացանց տեսա Հաննայի նկարը մի պահ ուրախացա, մտածեցի՝ մեր գրած հոդվածն է տարածվել, բայց չէի կարող պատկերացնել, որ հենց այն ժամանակ մեր արած լուսանկարի կողքին կլիներ նրա մահվան մասին լուրը: Ավտովթարը դարձել էր նրա մահվան պատճառը: Ավելորդ է ասել, որ չէի հավատում, թե ինչ էր գրված ու թե ինչ ծանր էր ընդունել իրականությունը: Այստեղ մնում է միայն ասել՝ հանգչիր խաղաղությամբ Հաննա, և ցավակցել իր հարազատներին և մտերիմներին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930