Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երազատեսության տարաշխարհիկ աչքը

Նոյեմբեր 04,2017 15:30

Հաճախ եմ մտածել, անդրադարձել ու ինձ համար այդպես էլ չեմ կարողացել պարզել, թե Հոմերոսն իր վեհաշեն էպոսները գրելիս ինչ աչքով է տեսել իր հերոսներին եւ նրանց կյանքը մանրամասնության մեջ ինչպես է դարձրել ավելի կենդանի, ավելի իրական, քան, թերեւս, հայտնի եւ անհայտ ժամանակակիցների վկայությունները, որոնք այդ ամենը գուցե թե տեսել էին սեփական աչքերով, բայց չէին կարողացել ձեւակերպել:

Ո՞վ էր, որ նրա համար, ում աչքերը լույսը չէին տեսել, անտեսանելի աշխարհի մեջ տեսանելի դարձրեց հերոսությունը, սերն ու դավաճանությունը, որով աշխարհը եւ մենք դաստիարակվեցինք: Ի՞նչ տեսողությամբ, ո՞ւմ շնորհած աչքով նա տեսավ ու բոլորին բերեց-հասցրեց մեր ժամանակները՝ իր տեսիլքը ձեւակերպելով որպես մեր ապրած կյանքի ու ապրելիքի անսասան ուղենիշներից մեկը:

Եվ եթե Հոմերոս Մեծն ի ծնե կույր էր, սակայն զարմանալիորեն տեսանող, ապա Չինգիզ խանը սովորական մահկանացուի նման տեսնում էր աշխարհն անցողիկ: Ու կյանքի մոտեցող մայրամուտին մի օր սարսափելի մի երազ տեսավ. մինչեւ այսօր էլ մեզ հայտնի չէ, թե ինչ էր տեսել խանն իր երազում:

Հայտնի է, սակայն, մի բան, որ նա այդ երազը տեսնելուց հետո հավաքեց իր որդիներին եւ զորավարներին ու արդեն նվաղող, սակայն ազդեցիկ ձայնով հրամայեց՝ հասնել մինչեւ Վերջին ծովը եւ այդ Վերջին ծովում լվանալ մոնղոլական ձիու սմբակները, սակայն մոնղոլական ձիու արձանը, որ երազել էր խանը, այդպես էլ չկանգնեցվեց իր Նպատակի ափին:

Հետաքրքիր է, թե ինչ աչքով Չինգիզ խանը տեսավ մեզ անհայտ, բայց այդ սահմռկեցուցիչ երազը, երբ որ արդեն հիվանդ էր ու վաղուց քնած…

Աշխարհը արժանի չէ եւ ոչ մի երկիր արժանի չէ, որ իրեն ղեկավարեն երկու մարդ,- արդեն կարկամ լեզվով ասում էր խանը,- մեծ մեղքը հերոսացնում է մարդուն, իսկ փոքրը՝ նսեմացնում…

Անկեղծ ասած, չգիտեմ՝ խանն այդ տողերն ասել է, թե ոչ, բայց դատելով իր հետեւորդներից՝ պետք է որ ասած լիներ:

Այնինչ ճշմարտությունը միեւնույն է՝ Հոմերոսի կողմն է, Խորենացու եւ Լեոնդի Մռովելու…
Թե ինչու հիշեցի Մռովելուն, որովհետեւ երեկ եմ վերադարձել Վրաստանից եւ համոզվել եմ, որ երկու երկիր կարող են ղեկավարել երկու մարդ եւ լինեն ձեռք ձեռքի եւ միասնական՝ իրենց ազգերի ու ցեղերի հեռանկարում, քանզի նրանց նախնիների գրի աշխարհներում հաղթում է հավատարմությունը պետությանն ու հայրենիքին, նվիրումը՝ հերոսությանն ու սիրուն:

Մնում է այսօր կյանքում էլ հաղթի:

Եվ եթե որեւէ երկրի իշխանները մի առիթով օգնել են թագավորին, բոլորովին չի նշանակում, որ պահանջատեր պիտի լինեն սեփական թագավորից, քանի որ ունենալ թագավոր, ընտրել նախագահ որոշել են իրենք առաջին հերթին իրենց եւ իրենց ազգի համար, եւ երազատեսության տարաշխարհիկ աչքը այսօր էլ պիտի դառնա իրատեսական աչք, եւ մենք ոչ միայն իրար նայենք, սիրենք կամ չսիրենք, այլ հասկանանք մի պարզ, այլ աշխարհներում փորձված իրողություն՝ մենք տեր դառնանք մեզ եւ մեր թագավորին:
Տե՜ր Աստված, ի՞նչ տեսավ կույր Հոմերոսը, որ մենք այսօր մեր տեսանող աչքով դժվարությամբ ենք տեսնում…

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

03.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930