Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արեւելյան գործընկերության գագաթնաժողով. հույսեր եւ մտահոգություններ

Նոյեմբեր 04,2017 12:00

Ըստ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ Մոսկվայում բոլորը գոհ ու երջանիկ չեն, բայց 2013-ի կրկնություն տեղի չի ունենա

– Պարոն Նավասարդյան, անցյալ շաբաթ Տալլինում Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) ամենամյա համաժողովին էիք մասնակցում, նախ՝ ի՞նչ տպավորություններ ստացաք, ի՞նչ մթնոլորտ է Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման շուրջ ընդհանուր առմամբ:

– Բավական լավատեսական: Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը շեշտեց, որ ամեն դեպքում կա՛մ գագաթնաժողովի ժամանակ, կա՛մ դրա շուրջ ընկած ժամանակահատվածում Հայաստանի հետ կստորագրվի նոր շրջանակային համաձայնագիրը: Նշվում է, որ այն լուրջ բովանդակություն ունեցող փաստաթուղթ է: Կարող եմ ասել, որ բավականին հետաքրքիր էր հանդիպումը արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաջյանի եւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, որտեղ մանրամասն խոսվեց եւ այն մասին, թե ինչպիսի կարգավիճակ կունենան Հայաստան-ԵՄ հարաբերությունները, թե այդ ամբողջ գործընթացում ինչ դերակատարություն է ստանձնելու քաղաքացիական հասարակությունը:

Մեզ ուրախացրեց նաեւ փաստը, որ հանդիպումը, որը նախատեսված էր շահառուների, այսինքն՝ Հայաստանը ներկայացնող պատվիրակների համար, հետաքրքրություն էր առաջացրել նաեւ ԵՄ անդամ երկրների մեր գործընկերների շրջանում, որոնք նույնպես ներկա էին, հարցեր էին ուղղում, ցանկանում էին ավելի լավ պատկերացնել ամբողջ գործընթացը: Այնտեղ կարճ ներկայացվեց նաեւ այն ձեւաչափը, որում պետք է տեղի ունենա երկխոսությունը ՀՀ իշխանության, ԵՄ կառույցների եւ քաղաքացիական հասարակության միջեւ, եւ առաջարկություններ հնչեցին դրանում ԵՄ քաղհասարակության մեր գործընկերների դերի առնչությամբ: Հայաստանում համարյա աննկատ անցավ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության համագործակցության խմբի ստեղծման նախաձեռնությունը: ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը համապատասխան միջոցառում կազմակերպեց հոկտեմբերի սկզբին, եւ Տալլինի համաժողովի ընթացքում կային բազմաթիվ կազմակերպություններ եվրոպական երկրներից, որոնք ցանկանում էին միանալ այդ խմբին եւ հնարավորինս աջակցել Հայաստանում բարեփոխումների իրականացմանը, նաեւ՝ Հայաստանի եւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին Եվրոպայում իրազեկման գործընթացը սկսել եւ զարգացնել: Դա նաեւ լուրջ քաղաքական իմաստ եւ նշանակություն ունի, կարծում եմ, քանի որ գնալով ԵՄ-ում անդամ երկրների դերը մեծանում է, եւ շատ հարցեր լուծվում են ոչ միայն Բրյուսելում, այլ նաեւ անդամ երկրների մայրաքաղաքներում, եւ մեզ համար շատ կարեւոր է ԵՄ տարբեր երկրներում ունենալ բարեկամներ, որոնք հետաքրքրված են Հայաստանով եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմամբ:

– Դեռ հոկտեմբերի սկզբին Հանը Հայաստանում էր, ՀՀ իշխանությունների հետ բանակցություններից հետո նշեց, որ ՀՀ-ն ու ԵՄ-ն շուտով կստորագրեն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ՀՀ իշխանություններն էլ իրենց հերթին վստահեցնում են՝ Հայաստանը ծրագրում է Բրյուսելի ԱլԳ գագաթնաժողովում ստորագրել ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը: Բայցեւ հայտնի է, որ նոյեմբերի կեսին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստան՝ մասնակցելու «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառման հանդիսավոր բացմանը: Շատերի մոտ տրամաբանական անհանգստություն կա, հարցնում են՝ հնարավո՞ր է Մոսկվան կրկին խոչընդոտի համաձայնագրի ստորագրմանը: Չհաշված որոշ փորձագետների խանդոտ հայտարարությունները, ընդհանուր առմամբ Ռուսաստանը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը խնդի՞ր է համարում, պարոն Նավասարդյան:

– Եթե անդրադառնանք այս ամբողջ գործընթացի լուսաբանմանը, ապա, կարծում եմ, որ տարբեր ինտրիգների մասին ավելի շատ է խոսվում, քան դրանք իրականում կան: Չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցելությունը որեւէ անմիջական ազդեցություն կունենա ստորագրման վրա: Բայց, բնականաբար, այդ հարցը քննարկվելու է, Հայաստանը հերթական անգամ պետք է հավաստիացնի մեր ռազմավարական դաշնակիցներին, որ դա որեւէ կերպ չի խանգարելու Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Թեեւ մենք տեսնում ենք տարբեր հրապարակումներ, որ Ղրղըզստանը եւ Հայաստանը ԵԱՏՄ-ի այն մասնակիցներն են, որոնք այդքան էլ շահագրգռված չեն ինտեգրացիոն այդ նախագծով: Այդ հարցերը, բնականաբար կքննարկվեն, կհստակեցվեն Հայաստանի հարաբերությունները թե՛ ԵԱՏՄ-ի շրջանակներում, թե՛ ԵՄ-ի հետ համագործակցության համատեքստում: Բայց դա որեւէ կերպ չպետք է խանգարի ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:

Իհարկե, ասվածը չի նշանակում, որ Մոսկվայում բոլորը շատ գոհ ու երջանիկ են, դա մենք տեսնում ենք տարբեր փորձագետների եւ քաղաքական գործիչների հայտարարություններում, երբ կա՛մ ուղղակիորեն Հայաստանին մեղադրում են դավաճանության մեջ, կա՛մ ասում են, որ Հայաստանը երկակի խաղ է խաղում: Կարծում եմ՝ դա կշարունակվի, այդ կարգի հոգեբանական ճնշումներ լինելու են, բայց այն, ինչ ունեցանք 2013թ., այսինքն՝ երբ, կոպիտ ասած, հստակ հրահանգ եղավ, նման բան չեմ սպասում, որ տեղի կունենա: Պարզապես պիտի պատրաստվենք որոշակի դրսեւորումների, որոնք ոչ միայն հոգեբանական ազդեցության, այլ նաեւ ՌԴ-ի կողմից դժգոհությունը հայտնելու որոշակի պրակտիկ քայլերի տեսքով են լինելու: Կարծում եմ, որ մեր իշխանությունները դա հաշվարկել են եւ գիտեն՝ ինչ են անելու: Օրինակ՝ ուղղություններից մեկը, որտեղ կարող են ճնշումներ տեղի ունենալ եւ դժգոհության արտացոլումներ լինել, ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների ջերմացումն է, ինչպես նաեւ Արցախյան հարցում ՌԴ դիրքորոշման որոշակի, ժամանակավոր փոփոխություններն առանց էական հետեւանքների: Բայց դա պետք էր սպասել, սառնասրտորեն ընդունել, եւ հուսով եմ, որ ոչ միայն հանրային մակարդակում, այլեւ իշխանությունները գիտակցում ու պատրաստ են դրան: Մանավանդ որ վերջին չորս տարիներին բազմաթիվ առիթներ ունեցանք համոզվելու, որ 2013թ. մեր հնազանդությունը չապահովագրեց Մոսկվայի տրամադրությունների փոփոխություններից:

– Կան տեղեկություններ այն մասին, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԱլԳ անդամ երկրների գագաթնաժողովի հռչակագրում որոշ երկրներ ձգտում են գագաթնաժողովի մասնակիցներից աջակցություն ստանալ տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության դրույթի վերաբերյալ, եւ դրան աջակցում են Ուկրաինան, Վրաստանը եւ Ադրբեջանը: Հատկապես Կատալոնիայի հայտնի իրադարձություններից հետո հնարավո՞ր եք համարում այդ դրույթների անվերապահ ներառումը:

– Դա չի կարելի բացառել, ուղղակի կարեւոր է հետեւյալը՝ ի վերջո, եթե որոշ երկրներ դնում են տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքների հաստատման հարցը, ԵՄ-ին շատ դժվար կլինի դրան դիմադրել: Բայց շատ կարեւոր է, թե դա հռչակագրի որ մասում է տեղ գտնելու: Մի բան է, որ դա լինելու է զուտ ընդհանուր հռչակագրային կետ, եւ մեկ այլ, եթե այն անմիջական կներկայացվի հակամարտությունների հաղթահարման համատեքստում: Հուսով եմ, որ Հայաստանը բավարար վճռականություն կունենա, որպեսզի թույլ չտա, որ այդ կարգի սկզբունքները հռչակագրում կապվեն Արցախի խնդրի շուրջ բանակցությունների հետ: Պետք է ակնկալել, որ եթե կոնկրետացվում է տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառումը մեզ հուզող հարցի հետ, ապա այն պետք է ձեւակերպվի նույնկերպ, ինչ երկու տարի առաջ Ռիգայի գագաթնաժողովում եւ ՀՀ-ԵՄ երկկողմանի համաձայնագրում: Այսինքն` անդրադարձ լինի Մինսկի խմբի շրջանակներում մշակված սկզբունքներին, որտեղ տարածքային ամբողջականությունը համակցվում է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ: Կարծում եմ՝ դա բավական հիմնավորված դիրքորոշում է, որպեսզի ԵՄ անդամ երկրները այն ընդունեն:

Բայց նաեւ հասկանալի է, որ նույնիսկ հռչակագրի ընդհանուր մասում տարածքային ամբողջականության սկզբունքի հիշատակումը Ադրբեջանը օգտագործելու է տարբեր սպեկուլյացիաների նպատակով: Քանի տարի է՝ տեսնում ենք, թե ինչպես է Բաքվի կողմից խեղաթյուրվում ՄԱԿ ԱԽ-ի 4 բանաձեւերի իմաստը: Դրան էլ պետք է պատրաստ լինենք, կարողանանք համոզիչ պատասխաններ տալ տեղեկատվական, գաղափարական տիրույթներում ու ինքներս հասկանանք, որ պրակտիկ դաշտում ընդհանուր սկզբունքների հռչակումը չի կարող փոխել ԵՄ քաղաքականությունը Արցախի հարցում, որը կայանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ լիազորությունների ճանաչման մեջ:

– Այսինքն՝ եթե նույնիսկ Բրյուսելի գագաթնաժողովի հռչակագրում տարածքային ամբողջականության սկզբունքը ներառվի, պաշտոնական Երեւանի համար կարող է ինքնորոշման սկզբունքի եւ ԵԱՀԿ ՄԽ-ի ջանքերի աջակցության մասին ամրագրումը բավարար լինել, եւ այդ դեպքում մենք հարկ է առավելապես կենտրոնանանք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմա՞ն ուղղությամբ, ոչ թե շահարկումներին ուշադրություն դարձնենք:

– Հռչակագիրն ընդունվելու է շատ կոնկրետ իրավիճակում եւ ժամանակային հատվածում: Մինչեւ Արցախի խնդրի Մինսկի խմբի շրջանակներում լուծումը կամ տարբեր երկրների կողմից իր անկախությունը ճանաչումը, որքան էլ ընդունվի հարցի վիճահարույց լինելը, միջազգային հանրությունը այդ տարածքը համարելու է Ադրբեջանի մաս: Եվ երբ ստորագրվում է որեւէ փաստաթուղթ ԱլԳ շրջանակներում, Արցախի տարածքը ներառված է դրանում: Չլինելով ստորագրող սուբյեկտ, չհանդիսանալով ՀՀ-ի՝ որպես ստորագրող սուբյեկտի մաս, այն պայմանականորեն ու ֆորմալ առումով ներառվում է որպես Ադրբեջանի տարածք: Սակայն անվերապահորեն ընդունելով Մինսկի խմբի առաքելությունը՝ Եվրամիությունը չի պահանջում տվյալ պահի Ադրբեջանի տարածքային ամբողջականության իրացումը (այսինքն՝ Բաքվի ինքնիշխանության պրակտիկ հաստատումը Արցախի նկատմամբ) ու չի բացառում համապատասխան սկզբունքների գործածման արդյունքում այսօրվա ֆորմալ կարգավիճակի փոփոխություն:

Ձգտելով ցանկացած պարագայում առկա իրողությունը արտացոլող հնարավորինս հստակ ու մանրամասն ձեւակերպելուն՝ մենք պետք է հանգիստ վերաբերվենք նաեւ այն դեպքերին, երբ որեւէ փաստաթղթում ներառվում են ընդհանուր սկզբունքներ, որոնք, համենայնդեպս, չեն կարող էականորեն ազդել կոնկրետ քաղաքական գործընթացների վրա: Իսկ ԵՄ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում այդ կոնկրետ գործընթացները իրենց իրավաբանորեն պարտադիր մեխանիզմներով հստակ ներկայացված են Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որի՝ Արցախին վերաբերող դրույթները միանգամայն ընդունելի են հայկական կողմերի համար:

– Տալլինում անցկացված Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի համաժողովից հետո հայտարարություններ եղան այն մասին, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրումից հետո Բրյուսելը մինչեւ տարեվերջ հնարավոր է սկսի ազատ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները։ Ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասով, ի՞նչ պահանջներ են դրվում ՀՀ իշխանությունների առջեւ:

– Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը որեւէ նախապայման չի պարունակում՝ զուտ գործընթացի մեկնարկ տալու տեսանկյունից: Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ ամեն դեպքում վիզաների ազատականացման հետ կապված կան որոշ հարցեր: Վաղ թե ուշ դրանք ծագելու են, ու երկխոսությունը սկսելուց առաջ ԵՄ անդամ պետությունները ցանկանում են համոզվել այդ հարցերին լուծումներ տալու Հայաստանի պատրաստակամության մեջ: Եվ լավ կլինի, եթե այդ առումով թե՛ հանրության, թե՛ իշխանությունների, քաղաքական «իսթեբլիշմենթի» մակարդակով վաղօրոք եւ հնարավորինս լուրջ մոտեցումներ դրսեւորվեն: Մենք պետք է գնանք այդ բոլոր՝ շատ դեպքերում արհեստականորեն վիճահարույց դարձած հարցերի հաղթահարման ճանապարհով: Խոսքը ե՛ւ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի, ե՛ւ խտրականության դեմ օրենսդրության ձեւավորման, ընդունման, ե՛ւ սոցիալական, աշխատանքային իրավունքների՝ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ մակարդակով ապահովման ու ամրապնդման մասին է: Այսինքն՝ մենք այդ քայլերը պետք է իրականացնենք, եւ ցանկալի է, որ հնարավորինս շուտ ու մտածված գնանք այդ քայլերին՝ քննարկումների, նախագծերի նախապատրաստման առումով, որպեսզի վերջին պահին օրենքներ չընդունենք:

Հանրային քննարկումները լավ է, որ իրականացվում են: ԵՄ-ի հետ տարբեր ուղղություններով կառուցելով մեր հարաբերությունները՝ նաեւ անհրաժեշտ է, որպեսզի հասկանանք ու օրինաչափ համարենք, որ ԵՄ-ն էլ այդ հարաբերություններում ունի իր ակնկալիքները ու շահերը: Պարզունակ օրինակներ բերեմ: Եթե ԵՄ-ն խրախուսում է ներդրումներ Հայաստանում, իսկ համաձայնագիրը դա նախատեսում է, ուրեմն պետք է համոզված լինի, որ այդ ներդրումների հետեւանքով Հայաստանում ստեղծվում են աշխատատեղեր, եւ այդ աշխատատեղերի զբաղեցման գործընթացում որեւէ խտրական վերաբերմունք մեր քաղաքացիների նկատմամբ չի լինելու՝ հակառակ դեպքում ներդրումային քաղաքականությունը խրախուսող քայլերը կարող են վիճարկվել:

Կամ եթե կրթական ոլորտում համագործակցությունը խորացնում ենք, եւ մեր ուսանողների համար ԵՄ երկրներում սովորելու նոր հնարավորություններ են բացվելու, ապա պետք է ապահովվեն ապօրինի միգրացիայից պաշտպանող դրույթները: Այսինքն՝ Հայաստանում երիտասարդների իրավունքներն այնպես պետք է պաշտպանվեն, որ գնալով Եվրոպա՝ հիմքեր չունենան քաղաքական ապաստան խնդրելու: Արդյոք ապաստանի համար դիմելու արհեստական պատրվակներ են դրանք, թե իրավունքների խախտման իրական դեպքեր` երկրորդական հարց է տվյալ պարագայում: Կարեւոր է, որ տարբեր իրավունքների ապահովման օրենսդրական, իրավական լուրջ բազա պետք է ստեղծվի, որպեսզի մարդիկ չկարողանան գնալ, ասել՝ «գիտեք՝ ես իմ ընտանիքում բռնության եմ ենթարկվել, եւ Հայաստան պետությունն ինձ դրանից պաշտպանելու մեխանիզմներ չունի, թույլ տվեք ձեր երկրում ապրեմ»: Ի վերջո, ընտանեկան բռնության մասին օրենքը դրա մասին է, այլ ոչ թե հայկական ընտանիքում առողջ ավանդական հարաբերություններից հրաժարվելու:

Սրանք այնպիսի հարցեր են, որոնք անմիջականորեն շաղկապված են ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետ: Պետք է պարզապես հասկանանք, որ մեր շահերից բխում է նույն կարգի իրավունքների պաշտպանության մեխանիզմների, համակարգերի ձեւավորումը Հայաստանում, ինչպիսիք գործում են ԵՄ-ում: Դրանք համագործակցության խորացման անհրաժեշտ բաղադրիչներ են:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 03.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930