Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց ամբաստանյալի վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց դատավճիռը

Նոյեմբեր 04,2017 15:00

Դանակն ուղղում է տուժողի վրա, նրան տանելով ննջասենյակ, ասում է՝ «Աիդա ջան, կներես, դու պիտի մեռնես, որ չես օգնում ինձ»

Արմավիրցի Արմեն Մուրադյանի մայրը՝ 66-ամյա Քնարիկ Մուրադյանն ամեն օր այցելում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, ուր գտնվում է նրա՝ անբուժելի հիվանդությամբ տառապող որդին:

Նրա որդուն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ իր ծանոթուհուն դանակով հարվածելու, նրան թեթեւ մարմնական վնասվածք հասցնելու համար:

Չնայած ըստ մեղադրանքը պաշտպանած դատախազ Վ. Պետրոսյանի, ամբաստանյալը հինգ տարի առաջ համագյուղացու միջոցով ծանոթացել է այս գործով տուժող՝ Աիդա անունով կնոջ հետ, մտերմացել նրա հետ, «վերանորոգել վերջինի բնակարանի ջրի խողովակները»:

Արմենը երեք ամիս վարձակալության հիմունքներով հետագայում բնակվել է տուժողի տանը, եւ նրան ըստ էության պարտք էր քսան հազար դրամ գումար:
Իսկ պարտքը գոյացել էր Արմենի՝ ՌԴ գնալու հետ կապված:

Ըստ գործի նյութերի, ՌԴ-ից վերադառնալուց հետո, Արմենը այցելել է Աիդային, իր հետ տարել մի շիշ օղի, խմել է այն, ապա հեռացել, խոստանալով իր մոտ եղած հարյուր դոլար գումարը մանրել, բերել, որպեսզի պարտքը տալ. «Տուժողի գույքը ավազակային հափշտակմամբ հափշտակելու նպատակով նախապես իր հետ վերցնելով կպչուն ժապավեն ու դանակ, սրճելու պատրվակով, ընկերոջ հետ ուղեւորվում են տուժողի բնակարան: Աիդան հյուրընկալում է երկուսին, նրանք նստում են հյուրասենյակում, որտեղ Արմենը խմում է իր վերցրած օղին: Արմենը հարցնում է Աիդային ոսկի եւ գումար ունենալու մասին, ինչը ժխտում է Աիդան: Ստանալով ժխտողական պատասխան՝ իր հագին եղած վերնաշապիկի ծոցագրպանից հանում է կպչուն ժապավենը, հեգնանքով դիմելով տուժողին ասում է՝ այն նվեր է բերել նրան: Նա սպառնում է Աիդային, թե կմորթի, կսպանի, եթե ոսկի ու գումար չբերի: Դանակն ուղղում է տուժողի վրա, նրան տանելով ննջասենյակ, ասում է՝ Աիդա ջան, կներս, դու պիտի մեռնես, որ չես օգնում ինձ: Կպչուն ժապավենով Արմենը կապում է Աիդայի ձեռքերն ու ոտքերը, իր ձեռքում պահած դանակով հարվածում տուժողին, ազդրերին, նրան պատճառելով ձախ ազդրի, աջ ծնկահոդի, աջ ազդրի քերծվածքների ձեւով առողջությանը թեթեւ վնաս՝ առողջության կարճատեւ քայքայմամբ:

Արմենի հետ տուժողի բնակարան գնացածը լսելով նրա օգնության կանչերը, գնացել է ննջասենյակ, ազատել ձեռքերն ու ոտքերը»:

Ի վերջո, տեսնելով, որ հնարավոր է վտանգվի կյանքը, տուժողը ցույց է տվել զգեստապահարանը, որից քսանհինգ հազար դրամ է գտել, երկու հազար դրամի մետաղադրամներ, ինչից հետո տաքսի կանչելով՝ Աիդային տարել է իր Արմավիրի մարզում գտնվող տունը: Զրուցակիցս՝ տիկին Քնարիկը, ըստ գործի նյութերի, Աիդայի պատմելուց իմացել է կատարվածի մասին:

Գումարը չվերադարձնելու պատճառով տուժողը հանցագործությունից տասն օր հետո դիմել էր իրավապահներին: «Արդյո՞ք կասկածի տեղիք չի տալիս այն, որ տուժողը տասն օր հետո է դիմել իրավապահներին, կամ այն, որ ենթադրյալ հանցագործությունից անմիջապես հետո գնացել է նրանց տուն, եւ մի քանի օր մնացել այնտեղ: Գտնում եմ, որ այս գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանք է, որը դատավճիռ կայացնելիս դատարանը հաշվի չի առել»,-նշել էր պաշտպանը:

Արմեն Մուրադյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Էմիլ Բեգլարյանը, վերաքննիչ բողոք էր բերել, որն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, իսկ երեկ նաեւ վճռաբեկ բողոքով դիմել է երրորդ ատյանի դատարան:

Ըստ պաշտպանի, տուժողը թե դատարանում, թե նախաքննության ժամանակ նկարագրել է Արմենի հետ իր տուն մտած Դավիթ անունով երիտասարդի գործողությունները, որի նկատմամբ, սակայն, քրեական հետապնդում չի իրականացվել: Քննիչը հանգել էր այն եզրակացության, որ Աիդայի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներից որեւէ փաստական տվյալ ձեռք չի բերվել Դավիթի մասով:

«Ինչպես ստացվեց, որ Դավիթի մասով տուժողի ցուցմունքները անորոշ են, իսկ Արմեն Մուրադյանի մասով արժանահավատ: Նախաքննական մարմնի այս որոշումից պարզ է դառնում, որ նախաքննությունն իրականացվել է ոչ թե օբյեկտիվ եւ բազմակողմանի, այլ կամայական ու խտրական»,-շեշտում է բողոքաբեր պաշտպանական կողմը: Ավելին, ըստ պաշտպանական կողմի, եթե Դավիթը ներգրավվեր որպես մեղադրյալ եւ օգտվելով իր իրավունքներից՝ որոշեր ցուցմունք չտալ, կամ հերքեր առաջադրված մեղադրանքը, ապա դժվար թե այս գործով մեղադրական եզրակացություն կազմվեր:

Դավիթն այս գործով ներգրավվել է որպես վկա:

Կար մեկը՝ Զորիկ անունով, որը տեղյակ է եղել կատարվողի մասին:
Գործի նյութերի համաձայն, Աիդան զանգել է Զորիկին, հայտնել կատարվածի մասին, խնդրել է, որպեսզի վկան հորդորի Արմենին իր գումարը վերադարձնել:
Ի դեպ, Արմենն, ըստ այս վկայի, իր ներկայությամբ է զանգել Աիդային եւ խոստացել գումարը վերադարձնել:

«Տուժողը ավազակային հարձակման մասին Զորիկին չի հայտնել: Այլ ընդամենը ցանկացել է, որպեսզի Արմենը պարտքը վերադարձնի: Այս ցուցմունքով հաստատվում է, որ ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ տուժողը տեսնելով, որ Արմենը ուշացնում է պարտքը, հաղորդում տալով ցանկացել է վրեժխնդիր լինել, այլապես հաղորդում կտար ոչ թե դեպքից տասն օր հետո, այլ անմիջապես»,-ասում է բողոքաբեր կողմը:

Ամբաստանյալի մայրը՝ Քնարիկ Մուրադյանն «Առավոտին» երեկ ասաց, թե վերաքննիչ դատարանը նիստն անցկացրեց ու վճիռ կայացրեց առանց իր որդու. «Դատավորը մեզ խաբեց, ասելով, թե ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստի մասնակցել: Պաշտպանը նորից ճշտեց, որ ամբաստանյալ որդուս բերել են, նա սպասել է, վիճել բերողների հետ, բայց չեն բերել: Ճշտելուց հետո զանգել ենք դատարանի նախագահին, թե ամբաստանյալը սպասել է, իրեն դատի չեն բերել, նա դատից չի հրաժարվել: Երկու ժամ պահել են ու հետ տարել: Մի՞թե սա արդարացի է: Արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենքում կա հոդված, որ առանց ամբաստանյալի դատավճիռ կայացնեն: Խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը»:

Ըստ մոր, տուժողն անգամ նամակ է գրել իր որդուն, ինչը դատարանը հաշվի չի առել:

Պաշտպանական կողմի հարցադրումներից մեկն էլ այն է, որ մի դեպքում վկաներ Զորիկի, Դավիթի ցուցմունքները քննությանը հետաքրքրող տեղեկություններ չեն պարունակել, մի դեպքում էլ հենց նրանց տեղեկությունները մեղադրական եզրակացության մաս են կազմել:

Գործի նյութերի համաձայն, ամբաստանյալը դանակով հարվածել է տուժողին նրա համար, որ նա հայհոյել է իրեն, իսկ նոպայի ժամանակ էլ «տուժողն ինքն է խնդրել, որպեսզի ձեռքը սկոչով կապի»:

Ամբաստանյալը ցուցմունք էր տվել, որ ինքն ուներ իր վարձակալած բնակարանի բանալին, եւ ցանկացած դեպքում կարող էր մտնել այնտեղ:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930