Կոնստանտին Օրբելյանն ու հրավիրյալ երաժիշտները՝ Ազգային օպերային թատրոնում ընթացող ատեստացիաների մասին
ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերից՝ ընթացիկ թատերաշրջանի սկսվելուն պես, խաղացանկային ներկայացումներին, պրեմիերաներին (Հ. Ստեփանյան՝ «Սասունցի Դավիթ» օպերա, Վերդի՝ «Ռեքվիեմ» բեմականացում) եւ թատրոնի նվագախմբի հետ հրավիրյալ անվանի երաժիշտների (օպերային դիվա Ռենե Ֆլեմինգ, թավջութակահար Ալեքսանդր Կնյազեւ) համերգային երեկոներին զուգահեռ, ստեղծագործական կոլեկտիվներում անցկացվում են ատեստացիաներ: «Առավոտը» տեղեկացրել էր բալետային խմբում եւ երգչախմբում կայացած ատեստացիաների մասին: Օրերս նման գործընթաց է սկսվել նվագախմբում, որին կհաջորդի մեներգիչների «քննությունը»: Նվագախմբի արտիստների լսումներին հրավիրված են մասնագետներ Եվգենի Սվետլանովի անվան Ռուսաստանի պետական նվագախմբից՝ ջութակահար, նվագախմբի տնօրեն Գրիգորի Լեւոնտինը, ալտահար Վասիլի Կուխարենկոն եւ թավջութակահար Պաուլ Սուսը: Բնականաբար, լսումներն անցկացվում են օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի գլխավորությամբ:
Մինչ Հայաստան ժամանած երաժիշտների հետ զրույցին անդրադարձը, լայն ընթերցողին նախ տեղեկացնենք ընդհանրապես նվագախմբերի, այդ թվում՝ օպերային, ծագման պատմությանը, ապա մեր հանդիսատեսին, նաեւ մասնագետների որոշակի շրջանակին հետաքրքրող ամենակարեւոր հարցին պատասխանենք, թե ի՞նչ անհրաժեշտություն կա, որ օպերային թատրոնի նվագախումբը «փոսից» բարձրանա բեմ եւ հանդես գա առանձին համերգով:
Մշտական կազմով նվագախմբերը սկզբնավորվել են 16-րդ դարում: Ժամանակակից իմաստով նվագախմբերի ձեւավորումը կապված է 16-17-րդ դդ. սահմանագծին բազմաձայն երաժշտության նոր ժանրերի՝ օպերայի, օրատորիայի, կոնցերտի սկզբնավորման եւ կոմպոզիտորներ Բեթհովենի, Բեռլիոզի եւ Վագների անվան հետ: Սիմֆոնիկ նվագախմբի կատարողական հնարավորություններն ընդլայնել են 20-րդ դ. կոմպոզիտորներ Դեբյուսին, Ռավելը, Պրոկոֆեւը, Շոստակովիչը, Շտրաուսը, Ստրավինսին, Սպենդիարյանը, Խաչատրյանը, Ավետ Տերտերյանը եւ ուրիշներ:
Ինչ վերաբերում է օպերային նվագախմբին, վաղուց հեղինակավոր նման թատրոնների նվագախմբերը հանդես են գալիս համերգներով: Իսկ ինչո՞ւ Երեւանի օպերային թատրոնի նվագախումբը, գուցե կոպիտ է հնչում, բայց մնա ստվերում, հանդես գալով միայն թատրոնի խաղացանկային ներկայացումներին իբրեւ նվագակցող: Մինչդեռ օպերային թատրոնի ամենակարեւոր օղակներն են նվագախումբը, երգչախումբը:
«Առավոտի» հետ զրույցում Կոնստանտին Օրբելյանը կեսկատակ-կեսլուրջ նշեց, թե ատեստացիան՝ որպես այդպիսին, ուրախ իրադարձություն չէ, սակայն նման «քննությունները» իսկապես անհրաժեշտ են եւ իրականացվում են աշխարհի բոլոր թատրոններում, գոնե երեք տարին մեկ: Հետո էլ հավելեց. «Իսկ երբ թատրոն է գալիս նոր գեղարվեստական ղեկավար, ապա նրան գոնե մեկ տարի անհրաժեշտ է՝ ծանոթանալու բոլորին, քանի որ օպերային թատրոնում միաժամանակ ստեղծագործում են մի քանի կոլեկտիվներ: Ատեստացիայի շրջանում, օրինակ, նվագախմբի արտիստից պահանջվում է նաեւ կոնցերտի կատարում եւ այս դեպքում արտիստն իրեն զգում է ու հայտնվում մենակատարի կարգավիճակում: Այսինքն, նա «ձգվում» է, ավելի շատ աշխատում իր վրա, հետեւաբար՝ բարձրանում է պատասխանատվությունը: Շուրջ 20 տարի ղեկավարել եմ մոսկովյան նվագախումբ եւ ատեստացիա կոչվածը ինձ ծանոթ գործընթաց է: Երկրորդ օրն է, ինչ հրավիրյալ գործընկերներս ներկա են ատեստացիային եւ ես նկատում եմ, որ նվագախմբի երաժիշտները չափից ավելի են ձգված»: Դիտարկմանը, թե ատեստացիայի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար կարելի էր մասնագետներ հրավիրել մեր կոնսերվատորիայից, մաեստրոն պատասխանեց. «Անկասկած, Երեւանի կոնսերվատորիայում դասավանդում են հիանալի, ավելին՝ անվանի պրոֆեսորներ: Բայց ինչպես ընդունված է ասել՝ «խնամի-ծանոթ-բարեկամ»-ը բացառելու համար հանձնախմբում թող լինեն դրսի մասնագետներ»:
Օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտների մասին կարծիք հայտնեցին նաեւ ռուս մասնագետները: Պարոնայք Լեւոնտինը, Կուխարենկոն եւ Սուսը ընդհանուր առմամբ գոհ էին նվագախմբի լարային կազմի երաժիշտներից: Մեր զրուցակիցներն անուն առ անուն հիշեցին հայ կատարողական արվեստի երեւելիներին, ասացին, որ այսօր էլ Ռուսաստանի նվագախմբերում, Մոսկվայի կոնսերվատորիայում աշխատում եւ դասավանդում են հայազգի բարձրարվեստ երաժիշտներ, ի վերջո՝ տասնամյակներ շարունակ մշակույթի տարբեր ոլորտներում կողք կողքի ստեղծագործել են ռուս եւ հայ արվեստագետները: Այնպես որ, մեծ հաշվով՝ այս ատեստացիային մասնակցությունը չէր, որ ռուս արվեստագետները իրենց համար պետք է «հայտնաբերեին» հայ կատարողական արվեստի բարձր նշաձողը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Պաուլ Սուսը (ձախից), Կոնստանտին Օրբելյանը,
Գրիգորի Լեւոնտինը եւ Վասիլի Կուխարենկոն:
«Առավոտ»
03.11.2017