Բանասիրական գիտությունների դոկտորն ահազանգում է՝ կարելի է 120 էջ արտագրել եւ դոկտոր դառնալ
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: «Առավոտի» զրույցում բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանն այն որակեց նորագույն խայտառակություն: «Նոր հարված է սպասվում մեր գիտությանը: Ըստ նախագծի` ՀՀ-ում չի լինելու գիտության թեկնածու, բոլոր թեկնածուները մի օր քնում են եւ արթնանում դոկտոր դարձած: Պարզվում է` գիտության դոկտորներս անտեղի էինք այսքան ճգնել ձեռագրերի ու գրքերի վրա: Մինչդեռ կարելի է արտագրել ընդամենը 120 էջ ու դառնալ գիտության նորագույն դոկտոր: Բաց աչքերով նայեք մեր իրականությանը. ով ասես դարձել է գիտության թեկնածու եւ գիտության մեջ դրել իր բաժին վերջակետը, եւ նրանց ու գիտության վաստակաշատ դոկտորների միջեւ դրվում է հավասարության նշան: Սա արհամարհանք է գիտության ու գիտնական մարդու վաստակի հանդեպ: Էլ չեմ ասում այն մասին, որ գիտական հիմնարկներում նորովի կսկսվի գյադաների ժամանակը, որոնք կսկսեն հավակնել ղեկավարելու գիտական հիմնարկներ, ամբիոններ ու բաժիններ` առանց լուրջ գիտնական լինելու, պարզապես նորաթուխ դոկտոր դարձած: Գիտության թեկնածուների հայաստանյան այս ռեսուրսների առկայության պարագայում նման օրենք ընդունելը պարզապես մահացու հարված է գիտությանը»,-ասաց Վանո Եղիազարյանը:
Գիտնականը նաեւ հավելեց. «Էլ չեմ ասում, որ արդեն ՀՀ երկու բուհերում՝ ԵՊՀ-ում եւ ՎՊՀ-ում որոշ պայծառատեսներ արդեն իսկ որոշել էին, որ ամբիոնների վարիչների մրցույթի ժամանակ հավասարության նշան պետք է դնել դոկտորի եւ թեկնածուի միջեւ` առանց դույզն-ինչ հասկանալու, որ ամբիոնը բուհի գիտական առաջնային միավորն է, որը պիտի ղեկավարի կայացած գիտնականը, ոչ թե ղեկավարությանը ծառայող լավագույն ստրկամիտը: Օրենքի նախագծի այդ դրույթն անթույլատրելի է, քանի որ դրանով խախտվում է նաեւ արդեն դոկտոր դարձածների իրավունքը` նրանց իջեցնելով այլ հարթություն` մասնագիտության դոկտորի աստիճանին, որն էլ տեղ է գտել Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծում: Կստացվի, որ դոկտորը եւ գիտության թեկնածուն նույն տարակարգն են եւ բուհերում նրանց պաշտոնային դրույքաչափը պարտավոր են հավասարեցնել, իսկ բուհերի բյուջեների համար սա լրացուցիչ հոգս է, որից խուսափելու համար դոկտորների աշխատավարձը կիջեցնեն` հավասարեցնելով թեկնածուներին: Նախագծի հակիրճ հիմնավորման մեջ նշված է, թե իբր նոր օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել գիտության ոլորտում ՀՀ կառավարության եւ պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները, միջազգային չափանիշներին համապատասխանեցնել գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները եւ այլն: Շատ լավ է ասված, սակայն նախ հարկավոր է գիտնականի վարձատրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, հետո նոր մտածել գիտական կադրերի պատրաստման միջազգային մեխանիզմների մասին»: Դոկտորը փաստում է, որ այդ օրենքի «շնորհիվ», գիտության այն թեկնածուները, որ պաշտպանելուց հետո գրել են նաեւ նոր գրքեր, դրանք էլ հավասարվում են ոչինչ չանող թեկնածուներին:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Այլ կարծիքներ՝ հաջորդիվ:
«Առավոտ»
03.11.2017