Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ հանուն Հայաստանի, հանուն մեր ժողովրդի…

Նոյեմբեր 04,2017 13:30

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կարեն Կարապետյանին

Այն, ինչ շարադրում եմ, մեր ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է: Որպես վարչապետ Ձեր գործունեությունը բարձր ենք գնահատում: Սակայն հանրապետության բնակչությանը մի քանի հարցեր են հուզում, որոնց պատասխանը չեն կարողանում գտնել, բացատրություն տալ: Մենք բարձրաձայնում ենք մեր պահանջատիրության մասին, բայց այն քիչ է լսվում:

Մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանը Խորհրդային Հայաստանի զինանշանը գծեց, գրեց, նկարեց, որում վեհորեն երեւում ու բարձրաձայնում է մեր պահանջատիրությունը: Այն շրջում էր աշխարհով մեկ, պետությունից պետություն, երկրից երկիր, հիմնարկություններից հիմնարկություն եւ այլն: Իմիջիայլոց, թուրքական պետությունը 70 տարի ջանք չէր խնայում, անգամ Մոսկվայի օգնությամբ Արարատը հանել մեր զինանշանից, սակայն ապարդյուն: Բայց մեր օրերի իշխանությունը դեն շպրտեց ազգի, պետության եւ մեր պահանջատիրության մասին բարձրաձայնող պետական զինանշանը: Անկախ Հայաստանի համար բավական էր «խորհրդային սոցիալիստական» բառերը հանել, իսկ ներքեւում «Պրոլետարներ» բառի փոխարեն դնել «հայեր» բառը եւ ինչ գեղեցիկ կհնչեր «Հայեր բոլոր երկրների, միացեքը»: Կարծում ենք՝ «կենդանաբանական այգի» այսօրվա զինանշանը պետք է փոխվի եւ վերադարձվի Արարատը: Նույնը պետական օրհներգի նկատմամբ: Սա պետական օրհներգ չէ: Օրհներգը պետք է պետության անցած ուղին, ներկան եւ գալիքը ցույց տա…

Մայրաքաղաքի տարածքում է գտնվում ռազմական օդակայանը: Այդ սավառնակների արձակած ձայնը հարյուրապատիկ գերազանցում է մարդու լսողության թույլատրելին: Դա հատկապես ազդում է երեխաների նյարդերի վրա եւ առաջացնում տարբեր հիվանդություններ: Էլ չենք խոսում ավիավթարների մասին խիտ բնակեցված մայրաքաղաքում: Խնդրեմ՝ Արզնիում կա այդպիսի դաշտ, չափազանց նոսր բնակչությամբ:

Մյուս անչափ կարեւոր եւ մեզ համար անհասկանալին հանրապետության տարածքի քաղաքացիական օդանավերի վերացումն է: Մենք պատերազմի մեջ գտնվող երկիր ենք, լեռնային: Ձմռան որոշ ամիսների շատ ճանապարհներ փակ են լինում ավտոմեքենաների համար: Անհրաժեշտության դեպքում ինչպես ենք հասնում, ասենք՝ Մեղրի, Վարդենիս եւ այլ վայրեր: Սա մի՞թե թշնամուն օգնելու համար չէ արված: Աշխարհում ոչ մի երկիր՝ լինի դա մեծ, թե փոքր, այսպիսի «խելացի» քայլ չի կատարի: Վերականգնենք հանրապետության տարածքի սեփական (պետական) օդանավերի թռիչքները:

Հարց եք դրել զբոսաշրջության զարգացման մասին: Իհարկե, շատ լավ է, երկրին զգալի եկամուտ կբերի: Բողոքում ենք, որ հայկական պատմամշակութային շատ արժեքներ օտարները ոչնչացնում են: Բայց արի ու տես մենք էլ մեր երկրում, մեր ձեռքերով ավերում ենք, տեր չենք կանգնում դրանց: Մեր նախագահը ցանկություն էր հայտնել այցելել քաղաքամերձ նման վայրեր: Մշակույթի նախարարը այլ բարձրաստիճան համապատասխան անձանց հետ եղան Շենգավիթի, ապա Արտաշատի եւ «Էրեբունի» թանգարաններում: Մշակույթի նախարարը թաքցրեց Կարմիր բլուրի (7-րդ դար մ.թ.ա.) եզակի, գուցե թե աշխարհում նմանը չունեցող հնավայրը նախագահին ներկայացնել: Ինչու: Որովհետեւ եղած 400 կարասներից միայն մեկն է մնացել, այն էլ «Էրեբունի» թանգարանում: Սրանց տարողությունը 16 հազ. դեկալիտր էր: Բոլորը վաճառել են: Ավերել են պանրի, ձիթհանքի, գարեջրի եւ այլ եզակի տարածքները:

Հարգելի վարչապետ, եթե ժամանակ գտնեք, պարզապես թերթեք արշավախմբի երկրորդ ղեկավար Բ.Բ. Պիոտրովսկու «Կարմիր բլուր» աշխատությունը (Հր. «Ավրորա, Լենինգրադ, 1970թ.), ապա պատկերացում կունենաք այդ հնավայրի մասին: Ինչու չեն պատժվում նման արժեքները ոչնչացնողները: Գուցե թե հանձնաժողով կազմվի, հետաքննություն լինի եւ այլն…

Պարոն վարչապետ, մեր երկրի որոշ անշնորհք եւ թալանչի ղեկավարները միայն իրենց գրպանի մասին մտածելով՝ երկիրը հասցրել են ծայր աստիճանի աղետալի վիճակի, իսկ ժողովրդի մեծ մասը աղքատության, քաղցի եւ սովի ճիրաններում է: Վերջերս, ըստ վիճակագրական տվյալների, մեկ տարում Հայաստանի բնակչությունն աճել է մեկ մարդով…

Վերջերս Ուկրաինայում 3-4 նախարարություններ կրճատվեցին: Իսկ մեզ մոտ ավելացավ 2-3 նախարարություն: Սրանց թիվը կազմում է 18-19: Շատերն իրար նման են եւ կրկնվում են: Ասենք՝ գյուղատնտեսության նախարարությունը, բնության պահպանության նախարարությունը, սրանք պետք է միացվեին: Ճիշտ կլինի, եթե Սփյուռքի նախարարությունը տրվի արտգործնախարարությանը: Հայաստանին բավական կլինի 5-7 նախարարություն, մնացածները՝ վարչություններ, կոմիտեներ եւ այլն: Պետք է կրճատել նաեւ պատգամավորների քանակը:

Երկրում հայրենասիրություն քիչ է քարոզվում: Անհրաժեշտ է կրթական եւ այլ ձեռնարկություններում հատուկ առարկա՝ Հայրենասիրություն դասավանդվի: Ռուս հայտնի քաղաքագետ, բարձր պաշտոնյան ասել է՝ ազգը, որը զրկված է ազգային ինքնագիտակցությունից, գոմաղբ է այլազգիներին պարարտացնելու համար…

Պանթուրքիզմի, պանիսլամիզմի ծրագրերը ներկայիս Թուրքիան, Կովկասի թաթար-ադրբեջանցիները դա չեն մոռացել եւ պատրաստ են հարմար պահին ոչնչացնել, իսպառ բնաջնջել հայ ազգը, Հայաստանը: Ոչ ոք Թուրքիայի ձեռքը չի բռնի. սա է ապացուցում մեր դառը անցյալը, պատմությունը: Մենք հանգիստ ենք եւ որոշ իշխանավորներ շարունակում են իրենց անհոգ ու սեփական շահերի համար կեղեքել երկիրն ու ժողովրդին: Պետք է ամեն ինչ անել հանուն Հայաստանի, հանուն մեր ժողովրդի…

 

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ

«Առավոտ»

03.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vartan says:

    Երկրում հայրենասիրություն քիչ է քարոզվում:

    Պանթուրքիզմի, պանիսլամիզմի ծրագրերը ներկայիս Թուրքիան, Կովկասի թաթար-ադրբեջանցիները դա չեն մոռացել եւ պատրաստ են հարմար պահին ոչնչացնել, իսպառ բնաջնջել հայ ազգը, Հայաստանը: Ոչ ոք Թուրքիայի ձեռքը չի բռնի. սա է ապացուցում մեր դառը անցյալը, պատմությունը: Մենք հանգիստ ենք եւ որոշ իշխանավորներ շարունակում են իրենց անհոգ ու սեփական շահերի համար կեղեքել երկիրն ու ժողովրդին: Պետք է ամեն ինչ անել հանուն Հայաստանի, հանուն մեր ժողովրդի…

    Կարեվոր մտքեր են վորոնք հաճախ մոռացվում են:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930