Էպիլեպսիան քրոնիկական նյարդահոգեկան հիվանդություն է, որը բնորոշվում է գիտակցության կորստով ընթացող տարբեր ձեւի եւ տեւողության կրկնվող նոպաներով: Մինչեւ ցնցումային նոպայի զարգանալը, որոշ հիվանդներ ունենում են մոտալուտ նոպայի յուրահատուկ նախանշաններ, օրինակ, կարող են նշել տեսողական խաբկանքներ, տարօրինակ ձայների, համերի եւ հոտերի առկայություն:
Արհեստականորեն դրդող, առաջ բերող նոպայի գործոններ կարող են լինել գերհոգնածությունը, անքնությունը, ֆիզիկական եւ զգացմունքային գերլարումները, ինչպես նաեւ ալկոհոլի օգտագործումը, լույսի կամ պատկերների արագ հայտնվելը եւ անհայտանալը աչքերի առջեւ:
Գեներալիզացված էպիլեպսիայի դասական նոպան ունենում է հետեւյալ զարգացումը.
Գիտակցության կորուստ
Մկանների ծայրահեղ լարում
Իրար հաջորդող մկանային ջղաձգումներ
Ավարտ եւ գիտակցության վերականգնում:
Էպիլեպսիկ նոպայի ժամանակ հիվանդը ընկնում եւ հաճախ ստանում է վնասվածքներ, երբեմն կծում է լեզուն կամ ունենում է ակամա միզարձակություն:
Ընդհանրապես նոպան տեւում է 3 րոպեից ոչ ավելի եւ առաջին օգնությունը մեծ դժվարություն չի ներկայացնում:
Առաջին օգնություն ցուցաբերելու համար նախ պետք է ապահովել հիվանդի անվնաս անկումը, այնուհետեւ պահպանել հիվանդին վնասվածքներից, պաշտպանել գլուխը հարվածից:
Պետք է հիշել, որ այդ ժամանակ չի կարելի բռնել կամ զսպել հիվանդին, փոխարենը անհրաժեշտ է հեռացնել մոտակա առարկաները: Անմիջապես ցնցումների ավարտից հետո հիվանդին կամ նրա գլուխը թեքեք կողքի, որպեսզի բերանի խոռոչում հավաքված թուքը, արյունը, փսխման զանգվածները դուրս հոսեն:
Մինչեւ գիտակցության լրիվ վերականգնումը մնացեք հիվանդի կողքին: Անհրաժեշտության դեպքում (նոպան շարունակվում է 3 րոպեից ավելի կամ նորից է սկսվում¤ օգնության կանչ գրանցեք:
Զանգահարեք շտապօգնություն կամ խնդրեք զանգահարել որեւէ մեկին:
Չի կարելի ուժով բացել բերանը, ծնոտների միջեւ ինչ-որ բան տեղադրել, բռնել եւ դուրս քաշել լեզուն, քանի որ նոպայի ժամանակ լեզուն «կուլ չի գնում»:
Պատրաստեց
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
03.11.2017