«Ամերիկայի ձայն». Ուրբաթ առավոտյան աշխարհով մեկ «Apple»-ի խանութների առջև հսկայական հերթեր են գոյացել: Անհամբեր գնորդները շտապում են ձեռք բերել «iPhone X»-ը: Իսկ ընկերության բաժնետոմսերի գինը աննախադեպ աճ է գրանցել:
Աշխարհի շուրջ մարդիկ օրեր շարունակ գիշերել են «Apple» խանութների մուտքի առջև սպասելով ուրբաթ օրվան: Սինգապուրից մինչև Սան Ֆրանցիսկո «Apple»-ի խանութների առջև գոյացած հերթերը աննախադեպ են:
Գնորդների նման վարքագիծը մասամբ պայմանավորված է ընկերության խոշոր գովազդային արշավներով, քանի որ «Apple»-ը հեռախոսների վաճառքից առաջ ոգևորություն է առաջացնում շուկա հանվող ապրանքի շուրջ:
«iPhone X» մոդելը այս հեռախոսի խոշորագույն թողարկումն է, որի էկրանը ձգվում է հեռախոսի ողջ երկայնքով, այն հագեցած է դեմքի ճանաչման տեխնոլոգիայով և ընդլայնված իրականության համակարգով։
Հեռախոսը նախնական պատվերների համար հասանելի է դարձել անցած ուրբաթ օրը, սակայն պատվերի համար նախատեսված հեռախոսները սպառվել են րոպեների ընթացքում՝ հաճախորդներին ստիպելով հերթ կանգնել հեռախոսը խանութից ձեռք բերելու հույսով: Թեև գնորդներից շատերի կարծիքով հեռախոսի 999 դոլար գինը փոքր-ինչ բարձր է, նրանք, այնուամենայնիվ, պատրաստ են այդ գումարը վճարել «iPhone X»-ը ձեռք բերելու համար:
Օրեր շարունակ գոյացող հերթերը, գնորդների կողմից ցուցաբերած հետաքրքրությունը, ինչպես նաև սեպտեմբերից ի վեր ընկերության ապրանքների վաճառքի բարձր ցուցանիշը ազդել են նաև «Apple»-ի բաժնետոմսերի գնի կտրուկ աճի վրա։