Հինգ օր շարունակ՝ նոյեմբերի 7-ից 11-ը Երևանում, Ալավերդիում, Գավառում տեղի կունենա «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 13-րդ միջազգային փառատոնը: Այսօր՝ նոյեմբերի 3-ին Մոսկվա կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի ունեցավ փառատոնի մամուլի ասուլիսը, որին ներկա էին «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Նունե Մանուկյանը, մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Չեխիայի և Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները: Նունե Մանուկյանը ներկայացրեց այս տարվա ծրագրի տարբերություններն ու նմանությունները նախորդ տարիների համեմատ:
«Այս տարի շուրջ 57 երկրից ստացված հայտերից ընդգրկվել է 180 ֆիլմ: Լինելու են ինչպես պրեմիերաներ, այնպես էլ օսկարակիր ֆիլմերի ցուցադրություններ»: Նա նաև հավելեց , անվանակարգերը և ժյուրիի նախորդ տարիների ձևաչափը պահպանվել է, որտեղ բացառապես աշխատելու են երեխաներ և երիտասարդներ՝մասնավորապես «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի ժյուրին ներկայացնում են Գավառի մանկատան սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգի ժյուրին՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողները, «Պատիվ ունեմ» անվանակարգը՝ ՀՀ և Արցախի զորամասերի զինվորները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգը՝ «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները, իսկ «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգը՝Վանաձոր, Ալավերդի քաղաքների, Շնող և Թեղուտ համայնքներից 11 պատանիներ: «Փառատոնի շրջանակներում նախատեսում ենք մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ,հատուկ ցուցադրություններ,վարպետության դասեր: Այս տարի տարածաշրջանային առումով ավելի ընդգրկուն է լինելու այն»,-նշեց մամուլի խոսնակը:
Դեսպանությունների բոլոր ներկայացուցիչ-հյուրերը առանձնակի ուշադրություն դարձրին նրան, որ փառատոնն անցկացվելու է ոչ միայն Երևանում, այլ նաև Ալավերդիում և Գավառում: ««Ռոլան» հիմնադրամի հետ աշխատել ենք 2001 թվականից : Այս տարիների ընթացքում մասնակցել ենք իրականացվող բոլոր միջոցառումներին: Հաճելի է տեսնել, որ տարեցտարի այն ավելի լայնամասշտաբ է դառնում»,-նշեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչ Անդրեյ Պավլովիչ Իվանովը՝ հավելելով, որ չնայած ոչ բարեբեր 13 թվին, կարծում է՝ փառատոնը հաջող մեկնարկ կունենա:
Ֆրանսիայի դեսպանության ներկայացուցիչ Նատալիա Ցագրիսնն էլ նշեց, որ թեև երկրորդ անգամ են մասնակցում, շատ են կարևորում երեխաների դերը նման միջոցառումներում և կարծում են՝ երեխաները մեծ բավականություն են ստանալու փառատոնից:
Փառատոնի փակման արարողությունը և մրցանակների հանձնումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին ժամը 18:30-ին Մոսկվա կ/թ-ի Կարմիր դահլիճում:
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ