Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ը բացահայտվեց 1999թ նոյեմբերին. Էդիկ Գրիգորյանի հետ «Ա1+»–ի հարցազրույցը

Նոյեմբեր 03,2017 23:25
edik grigoryan

Մահացել է  «Հոկտեմբերի 27-ի» ահաբեկչական խմբի անդամ Էդիկ Գրիգորյանը։

Լուրը կարդալուն պես՝ մտովի տեղափոխվեցի 2006 թվական, երբ հնարավորություն տրվեց հանդիպել նրա հետ։

Հարցազրույցը դժվար էր.մի կողմում «Հոկտեմբերի 27-ի»–ի գործով դատապարտվածներ են , մյուս կողմում ես, որի մեջ պայքարում են օբյեկտիվ մնալ փորձող  լրագրողը եւ քաղաքացին, որի  երկրի առաջին դեմքերին գնդակահարել են նույն մարդիկ, որոնք այդ պահին հարցազրույց են տալիս։ Ինչեւէ, հարցազրույցը կայացավ, կայացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մի խցում, որտեղ նստած էին  «Հոկտեմբերի 27-ի» գործով դատապարտյալներ Էդիկ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը:

Էդիկ Գրիգորյանը բավականին գիրացել է, թեեւ բեղերը մնացել են, բայց արտաքինով տարբերվում է այն մեղադրյալից, որը դատարանում սպասում էր իր վճռին: Նա եւ իր խցակիցները իրենց մեղավոր չեն համարում սպանությունների համար, որոնք գրեթե կատարվել են ուղիղ եթերում: Ըստ դատապարտյալի՝ սպանությունները պլանավորված չէին, թեեւ իր բացատրությունը կցկտուր էր:

Հիմնական  խոսողը Էդիկ Գրիգորյանն էր, որի հետ այդ հարցազրույցից որոշ կտորներ այսօր առանձնացրել ենք.

– Դուք չե՞ք զղջում Ձեր արածի համար:

– Իհարկե, վատ է, որ մենք մեր ընտանիքներից հեռու ենք, բայց մի բան մխիթարում է մեզ, այդքանը մենք կարողանում ենք վերլուծել, այսինքն մեզ պահում է այն միտքը, որ մենք հենց այնպես չենք այստեղ, շատ կարեւոր գործով ենք այստեղ:

– Դուք ճի՞շտ եք համարում Ձեր արածը:

– Ճիշտ էր, առանց այդ անցանկալի ողբերգական մանրամասնությունների, իհարկե ճիշտ էր:

– Անցանկալին ո՞րն էր:

– Անցանկալին այն էր, որ սպանվեցին մարդիկ, որոնք իրենց ընտանիքների համար թանկ էին:

– Իսկ երկրի՞ համար:

– Ոչ, երկրի համար վնասակար մարդիկ էին, իհարկե, ոչ բոլորը, օրինակ՝ վիրավորները: Մեր համար զուտ մարդկային տեսակետից անցանկալի հետեւանք է, ինչպես լավ դեղը ունենում է անցանկալի հետեւանքներ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում ահաբեկչությունն առանց զոհերի:

– Դա ահաբեկչություն չէ. դա մոդայիկ բառ է, որ հիմա ամեն ինչ այդպես են անվանում: Ամուսինը կնոջ ապտակ է տալիս, համարում են ահաբեկչություն: Դա ահաբեկչություն չէր, ազգային ազատագրական շարժումը չի կարա ահաբեկչություն կոչվել:

– Հասարակությանը ինչպե՞ս եք համոզելու, որ 27-ի ահաբեկչությունն ինքնանպատակ չէ՞ր: Հասարակությունը, կարծում եք, Ձեր կո՞ղմն էր…

– Վստահ եմ, այն ժամանակ էլ մեր կողմն էր, հիմա էլ:

– Դուք աջակիցներ չե՞ք ունեցել:

– Ամենաառաջինը, որը հասկացավ, որ 5 հոգուց բացի, որը հետագայում դարձավ յոթ, ուրիշ մարդ չկա, դա դատախազությունն էր, հենց Գագիկ Ջհանգիրյանը: Հենց ինքը դա հասկացավ, սկսեց խաղալ իր առանձին խաղը, այսինքն` փորձեց ժամանակ շահել, ինչ-որ հայտարարություններ անել, թե շուտով բացահայտումներ կանեմ, մինչեւ էսօր էլ երեւի ասում է, որ հենց դառնամ սովորական քաղաքացի, կասեմ: Ես ձեզ հավատացնում եմ, որ եթե ինքը ունենար ասելու բան եւ դա իր շանսն էր երկրում իշխանությունը վերցնելու, ինքը եւ ոչ թե մեկ ուրիշը, ինքը դա կաներ:

– Կազմակերպիչներ չե՞ն եղել:

– Կազմակերպիչներ եղել են, դա Նաիրի Հունանյանն էր:

– Միա՞յն…

– Այո, գիտե՞ք ինչ կա, երբ որ ինչ-որ բան է պատահում, եւ մեկն ասում է, էս ինչ բանն արել եմ, անպայման ուզում են ման գան` ով իրեն կազմակերպեց: Գիտեք ինչի՞ց է… Որովհետեւ մեր քաղաքական դաշտում մեծ ու փոքր գործիչների հետեւում, իրոք, կանգնած են կազմակերպիչներ: Բայց ես Ձեզ հավատացնում եմ, որ հոկտեմբերի 27-ին կատարված դեպքը բացահայտվեց 1999թ նոյեմբերին: Դեպքից մի ամիս հետո ամեն ինչ պարզ է եղել բոլորի համար, այսինքն` նրանց համար, ովքեր անմիջականորեն շփվել են քրեական գործի հետ:

– Նաիրին այդքան ուժե՞ղ էր ինքնուրույն կազմակերպելու, իրագործելու համար:

– Ի՞նչ կա այդտեղ ուժեղի: ԱԺ-ը պաշտպանված չի եղել, մենք այդ ապացուցեցինք: Քրեական գործում կան այդ բոլոր նյութերը, որ մենք փորձի համար մտել ենք, ոչ ոք չի հարցրել՝ ո՞ւր: Ես գնացել եմ ԱԺ՝ առանց գործ ունենալու, մտել եմ առանց անձնագրի, չեմ հիշում կամ որսորդական գրքույկով, կամ զիվորական գրքույկով:

– Այդ դեպքում խցում, ձեր կողքին չպետք է լինեին նրանք, ովքեր պատասխանատու էին կանխել, որ չլիներ հոկտեմբերի 27-ը:

– Նախ՝ իմանանք ի՞նչ կար հոկտեմբերի 27-ում:

– Սպանությունները…

– Պետք է քննություն տարվի՝ երկրի առաջին դեմքին խանդի հողի վրա չեն սպանել: Ես նորից եմ ասում, եթե հիմք ընդունենք մեղադրանքը, ուրեմն ես առավոտ վեր եմ կացել, որոշել եմ գնալ սպանել, գնացել սպանել եմ, ոնց որ իրենք են ասում: Ուրեմն ինչի՞ համար: Եթե անձամբ չես ճանաչում այդ մարդուն, մոտիկից ոչ մի անգամ չես տեսել:

– Դուք ատո՞ւմ էիք Վազգեն Սարգսյանին:

-Վազգեն Սարգսյանին վերաբերվում եմ նույն կերպ, որպես, իմ կարծիքով, մի մարդու, որը շատ հնարավորություններ ուներ երկրի վիճակը լավացնելու համար եւ հակառակ ուղղությամբ էր օգտագործում: Ես Վազգեն Սարգսյանին չեմ ճանաչել, որ ատեմ կամ չատեմ, եւ երկրորդն էլ՝ ես ուրիշ օբյեկտներ ունեմ ատելու կամ չատելու:

– Համարում եք, որ ինչ-որ մեկի ջրաղացին ջո՞ւր եք լցրել:

– Այո:

– Ո՞ւմ օրինակ…Ո՞ր ուժերի …

– Օրինակ… ի՞նչ էր լինելու, եթե Ղարաբաղի հարցը լուծվեր, ոնց որ ես ասացի Մեղրիի հաշվին: Ռոբերտ Քոչարյանն էր վերջի վերջո տանում բանակցությունները: Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը որպես դավաճաններ վերցնում, հեռանում են Հայաստանից, Կարենը Դեմիրճյանը 67 տարեկան է՝ գնում է թոշակի, Հայաստանում մնում է միապետ Վազգեն Սարգսյանը:

– Իսկ հիմա՞, ավելի կոնկրե՞տ…

– Եթե կոնկրետ մարդ նկատի ունեք: Հիմա ոչ ոքի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930